Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստրը՝ Ասպրամ Կրպեյանը պատմում է կորստի ցավի, պատասխանատվության ժառանգության և Արցախ վերադարձի անվերապահ համոզմունքի մասին
Ասպրամ Կրպեյանի համար Արցախը երբեք պարզապես տարածք չի եղել։ Դա եղել է արմատ, հիշողություն, սեփական ինքնության մարմնավորում, և ամենակարևորը՝ հոր՝ Թաթուլ Կրպեյանի կենդանի ներկայության ձեւը։
«Ես չեմ պատկերացրել երբեւէ Հայաստանն առանց Արցախի։ Ես չեմ պատկերացրել ինձ առանց Արցախի, որովհետեւ իմ ճակատագիրն ունեցած ցանկացած երիտասարդի համար Արցախը իր կորստի մարմնավորումն է եղել»- ասում է Ասպրամը։
Նրա խոսքը Արցախը եղել է նաեւ ինքնաճանաչման ճանապարհ։ «Հանուն ինչի՞ դու զոհում ես քեզ համար ամենաթանկը։ Եվ այդ հանունը Արցախն է։ Ինքս իմ արմատի հետ կապվելու հնարավորություն է եղել»։
Նա հիշում է Արցախում գտնվելու յուրաքանչյուր պահ։ Դրանք հուզմունքով լի օրեր են եղել՝ ծանր, հագեցած, բայց՝ նաեւ փրկարար։ Իրական կորստի հետ ապրող մարդը շատ լավ տարբերում է իրական նվիրումը ցուցադրականից։
«Ցանկացած մեկը, ով հարազատ է կորցրել, անընդհատ փնտրտուքի մեջ է։ Այլ պարագայում կորստի ցավը ժամանակի հետ մեղմվում է։ Բայց այս մեկը՝ գիտակցված ընտրություն էր։ Սկզբունքային որոշման արդյունք։ Ես իրավունք չունեմ այդ որոշման հետ հաշվի չնստել։ Ճիշտ է, ինձ համար ցավոտ է, բայց այլ տարբերակ երբեք չի քննարկվել։ Վստահ եմ, որ հայրս մտածում էր ՝եթե ես չանեմ, ապա ո՞վ»։
Արցախը մեր հպարտությունն է եղել, հաղթանակը՝ ոչ միայն տարածքային, այլ՝ հոգևոր։ «Արցախի կորստից հետո իրականության հետ առերեսվելը ծանր է։ Բայց հիմա մեր երեխաներին կարեւոր մի պատգամ պիտի փոխանցենք՝ իրենց ծնողների նվիրումը հանուն ոչնչի չէր։ Հանուն իրենց էր, իրենց երեխաների՝ հայրենիք ունենալու»,- վստահ է Ասպրամը։
Նա չի հանդուրժում շահարկումները։ Կոչ է անում չտրվել կեղտոտ քարոզչությանը, որը փորձում է խլել նույնիսկ արժանապատիվ սգալու իրավունքը։ Երբ խոսքը հասնում է հերոսության սահմանմանը, Ասպրամի պատասխանը պարզ է ու մարդկային․ «Ո՞վ է հերոսը։ Մարդիկ, ովքեր վճռական կամք են դրսևորել ոչ միայն իրենց ընտանիքի, այլ մի ողջ ժողովրդի հանդեպ»։
Նա չի հիշում հորը կենդանի պատկերներով։ Բայց հիշում է նրան հոգով՝ Արցախում։ «Ես շատ փոքր եմ եղել, երբ հայրս զոհվել է։ Կենդանի հիշողություններ չունեմ։ Բայց նրա անձնազոհության ողջ զորությունն ու իմաստը ես շոշափելի զգացել եմ Արցախում։ Եվ երբ մենք կորցրինք Արցախը, դա ինձ համար հավասարազոր էր նրան երկրորդ անգամ կորցնելուն»։
Նոյեմբերի 9-ը Արցախն ամբողջությամբ կորցնելու սկիզբն էր։ Հիշում է այդ օրերին իր ապրումները, համատարած ցավը, անորոշությունն ու հայրենիքում օտարության զգացումը։
«Դա ամենադաժան ու անբացատրելի օրերից էր։ Մարդիկ չէին գիտակցում, չէին հաշտվում կորստի հետ։ Օտարության զգացում ունեցա դրանից հետո։ Ներքին ցասումը հաղթահարելու համար յուրայիններ գտնել է պետք»։
Ասպրամ Կրպեյանը այսօր վստահ է՝ Արցախի կորուստը հայ ժողովրդի համար ցեղասպանությունից հետո ամենադրամատիկ իրադարձությունն էր։ Նա ասում է. «Արցախի ազատագրումով մենք մի պահ ձերբազատվեցինք զոհի կարգավիճակից։ Իսկ հիմա՝ նորից։ Նույն պատմությունը, նույն կսկիծը»։
Ասպրամը չի բավարարվում միայն հուշերով, այլ խոսում է վերադարձի, շարունակական պայքարի և իր հոր՝ Թաթուլ Կրպեյանի գաղափարական ժառանգության պահպանման մասին։ Եվ իր ձայնի միջով լսվում է մի ողջ սերնդի ցավն ու պահանջը՝ «Մենք իրավունք չունենք հրաժարվել Արցախից, որովհետև հրաժարվելով Արցախից՝ հրաժարվում ենք մեզնից»։
Մարիամ Սարգսյան