3 մլն․ դրամ միայն Երեւանում եւ անմիջապես սահմանակից խոշորացված համայնքներում

  • 12:16 03.07.2025

Կառավարության այսօրվա նիստում փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն անդրադարձավ արցախցիների բնակապահովման ծրագրում կատարված փոփոխություններին եւ հարցին, թե որ բնակավայրերն են ներառվել 4 մլն դրամանոց բնակավայրերի ցանկում։

«Մենք հենց սկզբից առանձնացրել էինք մարզեր, բնակավայրեր, որտեղ ունենք առավելագույնը 5 մլն դրամ աջակցության չափ։ Կային նաեւ այնպիսիք, որ 4 մլն դրամ էր սահմանված։ Եվ Երեւանում հատկապես ու հարակից մարզերում 3 մլն դրամ էր սահմանված։ Մենք երկար քննարկումներից հետո եկանք նրան, որ միայն Երեւանը եւ անմիջապես սահմանակից խոշորացված համայնքները թողեցինք 3 մլն դրամ, մնացած ամեն ինչը, եթե 5 մլն չէ, ապա 4 մլն է։ Այսինքն՝ մենք ունենք հիմա աջակցության 5 մլն դրամի չափով բնակավայրեր, դրանք առավելապես Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի եւ Արարատի մարզերում են։ Ունենք 4 մլն, որոնք 600-ից ավելի բնակավայրեր են, եւ Երեւանն ու Երեւանին անմիջապես սահմանակից խոշորացված համայնքները 3 մլն դրամ աջակցության գոտում են»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ օրինակ՝ Արարատի կամ Վայոց ձորի մարզերում 6 հոգանոց ընտանիքը 30 մլն դրամ է ստանում բնակարան ձեռք բերելու համար։ «Մեր փորձը ցույց է տալիս, որ 30 մլն դրամով իրատեսորեն կարելի է կառուցել տուն, ձեռք բերել հող եւ կահույք։ Այսինքն՝ դա իրատեսորեն կարելի է կառուցել եւ ապրել։ Երեւանի դեպքում 6 հոգանոց ընտանիքը 18 մլն դրամ կստանա, բայց էլի ընտրության հարց է։ Կարող է ընտանիք կա, որը խնայողություններ ունի եւ ուզում է ավելացնել, Երեւանում ձեռք բերել, մենք բացարձակապե դեմ չենք դրան»,- ասաց Փաշինյանը։