Արցախցիների շահերով զբաղվող բոլոր կազմակերպությունները, անհատները և ընդհանրապես բոլոր արցախցիները պետք է դնեն միայն ու միայն մեկ պահանջ, քաղաքական՝ այն է Արցախի վերադարձ հայերին և արցախցիների վերադարձ հայկական Արցախ։ Սոցիալական, մշակույթային և այլն հարցերով պետք է զբաղվի ՀՀ կառավարությունը, որպես Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի երաշխավոր։ Արցախցիներին բավական է միայն ասել, այս կամ այն սոցիալական որոշումը իրենց բավարարո՞ւմ է, թե՞ ոչ։
Ըստ այդմ արցախցիների պայքարի հիմնական թիրախները պետք է լինեն միջազգայն կառույցները և դեսպանատները՝ հատկապես Մինսկի խմբի եռանախագահության երկրների դեսպանատները, ովքեր պարտավոր էին պահպանել խաղաղությունը տարածաշրջանում, բայց ոչ միայն չեն պապանհել, այլև այսօր համարյա բաց ռեժիմով աջակցում են ցեղասպանություն իրագործած ալիևյան ռեժիմին։
Մեր ղեկավարներին ՀՀ-ում և ցավոք նաև նախկինում ԼՂՀ-ում, հաջողվեց մեզ շեղել մեր իրական քաղաքական պահանջներից և ամեն ինչ դնել իբր թե հումանիտար ռելսերի վրա։ Հնարավոր չե իր արմատներից պոկված ժողովրդի հարցերը լուծել, բավարարելով սոցիալական պահանջները։
Սիրելի հայրենակիցնե՛ր, եթե գտնում եք, որ ՀՀ-ում բնակարան ձեռք բերելով՝ այն էլ Արցախի քաղաքացիությունը կորցնելու գնով պիտի մեր ցավերը ամոքվեն, ապա ասեմ, որ ձեզ հիասթափություն է սպասվում։
Հուլիսի 12-ի ցույցին ընդառաջ խորհուրդ ենք տալիս բոլոր կազմակերպիչներին և ընդհանրապես ժողովրդին հասկանալ, որ մենք ունենք իրականում միայն մեկ պահանջ՝ քաղաքական այն է՝ հայերի վերադարձը հայկական սուվերենիտետով Արցախ։ Ու ելնելով դրանից պայքարի համար ընտրել ճիշտ թիրախներ։
Հանուն Հադրութի ՀԿ