Ստեփանակերտում կամ Արցախի տարբեր բնակավայրերում եղել են վանդալիզմի բազմաթիվ դեպքեր։ Յուրաքանչյուր դեպքի հետեւից պետք է գնալ եւ հայց ներկայացնել Միջազգային դատարան։
Այս մասին այսօր «Արվեստի ձայնը» համաժողովում ասաց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
«Մշակութային իրավունքների պաշտպանության հարցը «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» միջպետական գանգատների մեջ ներառված է՝ ամբողջ ծավալով։ Այսինքն՝ ներկայացված հայցն ամբողջությամբ փակում է նաեւ մշակութային իրավունքների պաշտպանության հարցը, բայց քանի որ ռիսկ կա, որ մի օր Հայաստանի Հանրապետության կառավարությունը հետ է կանչելու միջպետական գանգատները, եւ մենք հայտնվելու ենք դժվարին իրավիճակում, երկու բանի մասին կուզեի խոսել, որոնք երեւի թե նախադեպային են։
Մեկը Հայ Առաքելական եկեղեցու կողմից Միջազգային դատարան ներկայացված գանգատն է, որը վերաբերում է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցու ոչնաչմանը։ Մենք 2023 թվականից տեսանք, որ Կանաչ ժամ եկեղեցին ամբողջությամբ ոչնչացվել է, եւ հայցը հիմա փոփոխման փուլում է, որպեսզի ներկայացվի որպես ամբողջական ոչնչացում։ Երկրորդ հայցը վերաբերում է Շառլ Ազնավուրի արձանին, որը տեղադրված էր Արցախում։ Այս հայցը պետք է դատարան ներկայացվի արձանի հեղինակի կողմից։
Մենք կարծում ենք, որ այս գործողությունները պետք է տարբեր ոլորտներում լինեն, քանի որ Ստեփանակերտում կամ Արցախի տարբեր բնակավայրերում եղել են վանդալիզմի բազմաթիվ դեպքեր։ Ամեն դեպքի հետեւից պետք է գնալ ու հայց ներկայացնել Միջազգային դատարան»,- նշեց նա։
Համաժողովի շրջանակներում հնչեց հարցադրում՝ ինչպե՞ս անել, որ մշակույթի միջոցով արցախցիների վերադարձի հարցը վառ պահվի։ Գեղամ Ստեփանյանն ասաց, որ առհասարակ արցախցիների նկատմամբ ՀՀ իշխանության կողմից այսօր վարվող քաղաքականության հիմքում վերադարձի գաղափարը դրված չէ։ Նա օրինակ բերեց բնակապահովման ծրագիրը, ասաց, որ եթե այդ ծրագրի հիմքում լիներ վերադարձի հարցը, ապա անպայման կուզենային, որ Արցախի համայնքները համատեղ բնակվեին։ Բայց այսօր այնպիսի պայմաններ են ստեղծել, որ համայնքը սփռված է ապրում։
Ստեփանյանը հավելեց, որ արցախցների վերադարձի իրավունքի հարցը շատ հանգիստ կարելի է առաջ մղել նաեւ Արցախի արվեստի գործիչներին ուժեղացնելով, նրանց աշխատանքը միջազգային հարթակ հանելով։ Այլ հարց է, երբ դիվանագետներն են խոսում այդ մասին, բայց ավելի ազդեցիկ է, երբ մշակույթի գործիչներն են բարձրաձայնում հարցը։ Այնինչ, նրա խոսքով, Արցախի մշակութային համայնքները Հայաստանում տարրալուծվել են, սա երեւի ամենավատ երեւույթն է, որը տեղի է ունեցել։