1995-ի Սահմանադրությունը՝ հայրենիքի և պետության նույնականացման մանիֆեստ է

  • 20:51 05.07.2025

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյա հոբելյանի առթիվ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել տոնական միջոցառում:

Նիկոլ Փաշինյանն իր խոսքում ասել է, որ “Իրական Հայաստանի գաղափարախոսությունը չենք կարող ամբողջացնել և ամբողջության մեջ գնահատել՝ շրջանցելով Սահմանադրության հարցը”: Նա կրկին հակադրելով հայրենիքն ու պետությունը, ասել է, որ “մեր քաղաքացիական ենթագիտակցությունը չի հաղթահարել հայրենիքը սիրելով՝ պետությանը դիմադրելու ենթագիտակցությունը”:

Երկարաշունչ բացատրություններից հետո Փաշինյանն ասել է․ «Լուծումը հետևյալն է. Հայաստանի Հանրապետությանն անհրաժեշտ է նոր, ժողովրդի քվեով հաստատված Սահմանադրություն, որպեսզի ժողովուրդը Սահմանադրությունը համարի իրենը»,- ընդգծել է վարչապետը:

Փաշինյանը փաստորեն սպասել է Սահմանադրության օրվան, որ հայտարարի, թե Սահմանադրությունը “լեգիտիմ չէ”, քանի որ մարդիկ իբր չեն նույնականացնում պետությունն ու հայրենիքը և “սրտանց” չեն քվեարկել 1995 թվականին։

Ոչ ոք նրան չի առարկել, որ 1995-ի Սահմանադրությունը՝ հայրենիքի և պետության նույնականացման մանիֆեստ է։ Եւ եթե Սահմանադրությունից հանվի Անկախության հռչակագրի հղումը, կանհետանա հիմնարար կապը հայրենիքի և պետության մեջ։ 

Բացի այդ, Փաշինյանը, խոսելով “ուրիշների” կողմից պարտադրված Սահմանադրությունից, չի հիշատակել այդ պարտադրանքի հիմնաքարը՝ Կարսի պայմանագիրը, որը լրացվեց 2020 նոյեմբերի 9-ի հայտարարությամբ։ Փաշինյանը չի ասել, թե ինչպիսին կլինի այդ երկու փաստաթղթերի ճակատագիրը։

Հենց այդ փաստաթղթերով են Հայաստանին պարտադրել պետություն հայրենիքի 1/10-րդի տարածքում։

Փաշինյանը չի խոսել նաև 1989 թ․դեկտեմբերի 1-ի որոշման մասին, որը վերջին հարյուրամյակների հայոց պատմության մեջ միակ որոշումն է, որն ընդունել է հայ ժողովուրդը՝ ոչ թե ուրիշների պարտադրանքով, այլ սեփական իրավունքի ուժոով։ 

Ահա թե ինչու են թշնամիները պարտադրում հրաժարվել այդ որոշումից և իրավունքից։