Հայրենիքը ջնջելու միտումնավոր քաղաքականություն
Համացանցում հայտնվել են օկուպացված Ստեփանակերտից նոր լուսանկարներ և տեսանյութեր: Եւ եթե Արցախի գյուղական բնակավայրերը պարզապես ամբողջությամբ ջնջվում են երկրի երեսից ադրբեջանցիների կողմից, Ստեփանակերտը քանդվում է մաս-մաս՝ թաղամաս առ թաղամաս, շենք առ շենք:
Տարբեր կազմակերպություններ, նախաձեռնություններ և շարժումներ ժամանակ առ ժամանակ հայտարարություններ են անում առ այն, որ Ադրբեջանը պետական մակարդակով մեթոդաբար բռնազավթում և ոչնչացնում է մշակութային ժառանգությունը Արցախում, ինչը հանցագործություն է ոչ միայն հայկական մշակույթի, այլև համամարդկային արժեքների դեմ: Սակայն հայտարարությունները մնում են անպատասխան, և օկուպանտները շարունակում են անպատիժ ոչնչացնել:
Հարցին, «ինչո՞ւ չկան մեխանիզմներ նման գործողությունները կանխելու համար», պատասխանել է «Արցախի մշակույթի և տուրիզմի զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության նախագահ, Արցախի Հանրապետության մշակույթի նախկին նախարար Սերգեյ Շահվերդյանը:
«Նախևառաջ, պետք է ընդգծել, որ խոսքը միայն ոչնչացման մասին չէ, այլ Հայրենիքը, ինչպես ես այն անվանում եմ, ջնջելու միտումնավոր քաղաքականության մասին։ Սա Արցախը հայկական ինքնության հետ կապող ամեն ինչի համակարգված ոչնչացում է։
Ստեփանակերտը միայն մայրաքաղաք չէ, այն արցախցիների հոգևոր և մշակութային սիրտն է։ Այստեղ են կենտրոնացված բազմաթիվ պատմական և մշակութային հուշարձաններ, արցախցի վարպետների սերունդների կողմից ստեղծված մոնումենտալ աշխատանքներ։ Մայրաքաղաքի պատմական թաղամասերն առաջինը ենթարկվեցին հարձակման՝ դրանք գործնականում ջնջվեցին երկրի երեսից։
Ադրբեջանը վարում է չափազանց հստակ քաղաքականություն՝ ոչնչացնել Արցախում հայկական ներկայության բոլոր հետքերը։ Եվ, ցավոք, շատ առումներով այս քաղաքականությունը հասնում է իր նպատակին։ Իհարկե, անհնար է ամբողջությամբ ջնջել ամեն ինչ, բայց ոչնչացվելիք ամեն ինչ ոչնչացվում է։
Ինչո՞ւ ոչ ոք չի կանխում այս մշակութային ցեղասպանությունը։ Այս հարցը, առաջին հերթին, վերաբերում է հենց Հայաստանի Հանրապետությանը։ Համաձայն ՀՀ Սահմանադրության և հայկական հուշարձանների պաշտպանության վերաբերյալ օրենքների՝ Հայաստանը պարտավոր է միջոցներ ձեռնարկել ամբողջ աշխարհում հայկական մշակութային ժառանգությունը պաշտպանելու համար։
Եթե Հայաստանն ինքը չբարձրացնի Արցախի ժառանգության պահպանման հարցը միջազգային ասպարեզում, չդիմի բոլոր հնարավոր մարմիններին, չձեռնարկի պաշտպանության իրավական և դիվանագիտական մեխանիզմներ, ապա քիչ հավանական է, որ միջազգային հանրությունը գործի նրա փոխարեն։
Հարկ է նշել, որ մի շարք միջազգային կազմակերպություններ արդեն մտահոգություն են հայտնել Արցախի մշակութային ժառանգության ճակատագրի վերաբերյալ։ Սակայն առանց Հայաստանի ակտիվ դիրքորոշման՝ նրանք չեն կարող լուրջ քայլեր ձեռնարկել։ Այսօր մենք ստիպված ենք ընդունել, որ Հայաստանի իշխանությունների պաշտոնական քաղաքականությունը դեռևս չի նախատեսում արդյունավետ գործիքներ՝ մեր պատմական հիշողության հետագա ոչնչացումը և ջնջումը կանխելու համար։ Սա նշանակում է, որ մինչև այս դիրքորոշումը չփոխվի, ոչնչացումը կշարունակվի։
Ալվարդ Գրիգորյան