Step1.am-ի զրուցակիցն է հանրային գործիչ Արփի Թոփչյանը։
-Տեղեկացանք, որ «ԱԶԳային հարթակ» է ստեղծվել, ի՞նչ է այն, ի՞նչ նպատակ է հետապնդում, ովքե՞ր են մաս կազմում։ Ինչո՞ւ է որոշվել նման հարթակ ստեղծել հենց հիմա։
-«ԱԶԳային հարթակը» արդեն ավելի քան մեկ տարի գործող ԱԶԳ նախաձեռնության նախագիծն է, որի առաջնային նպատակը պետության և ազգի ապագայով մտահոգ և մեր առջև ծառացած մարտահրավերները գիտակցող անհատների և կամ խմբակների միջև հորիզոնական կապերի ստեղծումն է։ Այն հարթակ է, որը իր բովանդակությամբ լինելով քաղաքական՝ գործունեության հնարավորություն է տալիս նաև այն մարդկանց, ովքեր իրենց բուն քաղաքական գործունեության մեջ չեն պատկերացնում կամ պատրաստ չեն համարում, բայց ցանկանում են իրենց գիտելիքի և հնարավորությունների մասով օգտակար լինել։
Ինչո՞ւ հիմա։ Իրականում, մեր կարծիքով այս նախագիծը ժամանակային առումով անգամ ուշացած է, բայց ինչպես ասում են՝ լավ է ուշ, քան երբեք։ Տեսեք, Հայաստանի և հայ ազգի դեմ տարվող հիբրիդային պատերազմում, որի գործիքներն են նաև ՀՀ բոլոր ժամանակների իշխանությունները և նրանց սպասարկուները, ծրագրավորված թիրախավորում են մարդկանց միջև հարաբերությունները՝ բազմաթիվ բաժանարար գծեր պարունակող օրակարգեր հրապարակ նետելով։ Ցանկացած հակազդեցություն պետք է սկսել գաղափարակից մարդկանց միջև այդ կապերը ամրացնելով և նորը ստեղծելով։ Առանց այդ հիմքի որևէ առողջ գործընթաց չի կարող տեղի ունենալ։ «ԱԶԳային հարթակի» ստեղծման առաջարկը ներկայացնում եմ ես և իմ ընկերները, գաղափարակիցները, մարդիկ, ովքեր վստահ են, որ Հայաստանը և հայ ազգը թույլ և անկարող չէ, այլ ունի բավարար ներուժ՝ մեջքը ուղղելու և ազգային պետություն ստեղծելու համար։
-Հայաստանի իշխանությունները տեւական ժամանակ է՝ հանրությանը թեզեր են հրամցնում, թե Թուրքիայի ու Արդբեջանի հետ հնարավոր է խաղաղ հարաբերություններ հաստատել, սահմաններ բացել, առեւտուր անել եւ զարգանալ։ Իսկ իրականում ի՞նչ է կատարվում, խաղաղության հնարավորություն տեսնո՞ւմ եք։
-Այնպիսի խաղաղություն, ինչպիսին միջին վիճակագրական հայը պատկերացնում է և մեծ հաճույքով կլանում այդ կեղծիքը, չի՛ լինելու։ Մեր գոյութենական թշնամիների՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ խաղաղ հարաբերակցություններ չեն լինելու, լինելու է Հայաստանի վերջնական կապիտուլյացիա, և հայերը սեփական երկրում վերածվելու են թուրքերին սպասարկող անպաշտպան, նվաստացված զանգվածի։
Հայաստանի իշխանությունները լուծում են մեկ խնդիր՝ սեփական իշխանությունը հնարավորինս երկարաձգելու խնդիրը։ Եվ հանուն դրա նրանք պատրաստ են ամեն ինչի։
-Արցախի հարցը փակել է ՀՀ իշխանությունը։ Վարվող այսպիսի քաղաքականության հետեւանքով ի՞նչ է սպասվում Հայաստանին։ Այսինքն՝ առանց Արցախի Հայաստանը կարո՞ղ է երկար գոյատեւել։
-ՀՀ իշխանությունները փակել են ոչ միայն Արցախի հարցը, նրանք ըստ էության փակել են հայերի՝ սեփական ազգային պետություն ունենալու հարցը։ Երբեք չի եղել Արցախի հարց, բոլոր ժամանակներում եղել է միայն «Հայկական հարց»-ը, արցախյան էջը շատ կարևոր, բայց մի դրվագն էր ընդամենը։ Եվ հրաժարվելով Արցախից՝ մենք տեսնում ենք, որ ՀՀ իշխանությունները հող են նախապատրաստում նաև հայության մնացյալ պատմաքաղաքական իրավունքներից հրաժարվելու և «Հայկական հարց»-ը հօգուտ թուրքերի վերջնական լուծելու համար։
-Ինչպե՞ս պետք է դիմակայենք այս մարտահրավերներին, ի՞նչ պետք է անել, ինչո՞ւ ազգը չի միավորվում։
-Ինչպես նշեցի առաջին հարցի պատասխանում, մեր դեմ հետևողական և շարունակական հիբրիդային պատերազմ է տարվում, որպեսզի հանրությունը անընդհատ գտնվի համատարած անվստահության և ատոմացման գործընթացներում։ Մեր առաջնային նպատակը պիտի լինի դա հաղթահարելը։ Միայն այդ դեպքում կարող ենք մտածել և խոսել ավելի բարդ գործընթացների մասին։
Ռոզա Հովհաննիսյան