Արցախցի Անգելինան աշխատում է Էրեբունի ԲԿ-ում, միաժամանակ արարում գեղեցիկ գործեր
Անգելինա Մանգասարյանն Արցախի Ստեփանակերտ քաղաքից է։ Ծնվել, մեծացել ու ապրել է այնտեղ։ Նրանց 5 հոգանոց ընտանիքը տեղահանությունից հետո բնակություն է հաստատել Երևան քաղաքում։ Անգելինան աշխատանքի է անցել Երևանի Էրեբունի բժշկական կենտրոնում, միաժամանակ զբաղվում է ձեռքի աշխատանքներով՝ սիրած հոբբին դարձնելով եկամտի աղբյուր։
Արցախից տեղահանվել են ծանր ապրումներով, փորձում են հաշտվել իրականության հետ, հաջողվո՞ւմ է արդյոք։
Անգելինան նպատակ ունի
-Ավարտել եմ Ստեփանակերտի հ․ 11 միջնակարգ դպրոցը, ապա ուսումս շարունակել Թամարա Քամալյանի անվան պետական բժշկական քոլեջում, սովորել 4 տարի։ Մեկ տարի հետո աշխատանքի եմ անցել նույն քոլեջում՝ որպես կաբինետների լաբորանտ։ Սովորելու և աշխատելու հետ մեկտեղ ձեռքի աշխատանքներ էի անում, որովհետև դեռևս մանկուց սեր ունեի դեպի ձեռագործությունը։ Հաճախում էի Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի մի շարք խմբակներ՝ հելունագործության, պարի, երգի, կարպետագործության, կարուձևի։ Այդ ընթացքում բավականին հմտացա ու ձեռք բերեցի համապատասխան գիտելիքներ։ Սիրում էի նաև նկարել, սակայն չէի հասցնում հաճախել նկարչության խմբակ՝ նկարում էի տանը։
Ես հասկացա, որ ձեռքի աշխատանքներն իմ կյանքի մի մասն են կազմում։ Մտքիս եկածը ստեղծագործում էի։ Ծնողներիս ներդրումը ևս մեծ է․ իմ հայրիկը լավ նկարում է, իսկ մայրիկս հետաքրքիր մտահղացումներ ունի։ Փոքր տարիքից մինչև հիմա նրանք իրենց գաղափարներով օգնում են ինձ։
Արցախում աշխատանքս այնպես էի դասավորել, որ կարողանամ նաև դեկորատիվ խանութում աշխատել։ Իմ ձեռագործ աշխատանքները հենց այդ խանութում էի վաճառքի դնում։ Ամենաշատը հելունագործությունն եմ սիրում․ գործում եմ խաղալիքներ, հեքիաթների կերպարներ, մանկական պարագաներ։ Աշխատանքիս ընթացքում երբեք չեմ հոգնում, մեծ հաճույք եմ, երբ գեղեցիկ իրեր եմ ստեղծում։ Նաև դեկորացիաներ եմ հավաքում ծնունդների, կնունքների և այլ ուրախ առիթների համար։ Ընդունում եմ պատվերներ։
Ինչքան բժշկությունն եմ սիրում, այնքան էլ այդ գեղեցիկ ոլորտն է ինձ հարազատ։ Հրճվում եմ, երբ մարդկանց ուրախություն եմ պարգևում։ Երբ տեսնում եմ, որ պատվիրատուներս ուրախանում են և գոհ մնում իմ աշխատանքից, ինքս կրկնապատիկ եմ ուրախանում։ Ինձ լավ եմ զգում, որ կարողանում եմ մարդկանց օգտակար լինել։
Երևանում ևս համատեղում եմ երկու աշխատանքներս։ Սրտացավ մարդկանց շնորհիվ բացել եմ սոցիալական էջ, ստեղծել եմ Angel’s Made բրենդը, աշխատում եմ առցանց։ Նոր միջավայրում գործ սկսելն իր դժվարություններն ունի։ Սակայն, երբ կողքիդ բարյացակամ և հոգատար մարդիկ են, ապա ավելի հեշտ է ցանկալի արդյունքի հասնել։
Ուզում եմ ավելի կատարելագործվել, թեկուզ առցանց, ավելի ընդլայնել բիզնեսը։ Դա ինձ համար նպատակ է, և ես ձգտում եմ հասնել նրա իրականացմանը։
Անգելինան պատմում է այն դժոխքի մասին, որի միջով անցել է իր ընտանիքը
-Սեպտեմբերի 19-ի պատերազմից հետո, երբ արդեն որոշվել էր, որ Արցախը պետք է հայաթափվի ու արցախցին չուզելով բռնեց տեղահանման ճանապարհը, մեր ընտանիքը ևս պատրաստվեց հեռանալու։ Թեև չէինք ցանկանում հաշտվել իրականության հետ, սակայն ուրիշ ճար չկար։ Այդ օրերին Ստեփանակերտում իսկական քաոս էր և մինչ ժողովուրդը խուճապի մեջ էր, արցախահայության կյանքում հաջորդեց սոսկալի մի օր։ Դա սեպտեմբերի 25-ն էր՝ չարաբաստիկ պայթյունի օրը։ Եղբայրս՝ Վիկտորը, նույնպես պայթյունի վայրում էր։ Ընկերոջ հետ էր․ գնացել էր վերջինիս համար վառելիք գտնելու։
Վիկտորը հրաշքով է փրկվել․ կողքին կանգնած մարդկանց մեծ մասը ողջ չեն մնացել։ Եղբայրս իր ոտքով հասնում է հանրապետական հիվանդանոց, զանգում մեզ և ասում պատահածի մասին։ Անմիջապես գնում ենք հիվանդանոց ու այն ինչ տեսանք, ամենասարսափ կինոներում կարելի էր միայն տեսնել։ Բոլորն իրար նման էին՝ վառված ու մասսայական գոռում էին ցավից։ Մարդիկ պարզապես անկարող էին դիմանալ․ նրանց մարմնի մասերը հալվում էին աչքի առաջ։ Ես, որ փոքրուց վախենում էի նման տեսարաններից (իհարկե, միայն ֆիլմերում էի տեսնում), զարմանալիորեն կարողացա տիրապետել ինձ։ Չգիտեմ, թե Աստված ինձ ինչպիսի ուժ տվեց այդ պահին, որ ես սկսեցի օգնություն ցուցաբերել վառված մարդկանց։ Եղբորս թողնելով հարազատներիս մոտ՝ սկսեցի մարդկանց առաջին օգնություն ցույց տալ։
Շատերը մենակ էին․ հարազատները դեռ չէին եկել։ Ինչով կարողանում էի՝ օգնում էի․ ջուր եմ տվել, դեղ եմ սրսկել, ջուր եմ ցանել մարդկանց վրա, որ հանգստանան։ Ամբողջ գիշեր մնացել եմ հիվանդանոցում, որտեղ ամեն մի րոպեն մահաբեր էր։ Մարդիկ մահանում էին իմ աչքի առաջ։
Հաջորդ օրը ծանր հիվանդներին տեղափոխեցին Երևանի հիվանդանոցները։ Եղբորս ևս տեղափոխեցին ուղղաթիռով։ Դեպի Հայաստան շարժվեցինք նաև մենք։ Մոտ մեկուկես ամիս եղբայրս բուժում է ստացել Ազգային այրվածքաբանական կենտրոնում։ Նա անճանաչելի վիճակում էր։ Մոտ երեք շաբաթ մարմինն ամբողջովին ուռված, սևացած էր։ Բժիշկներն արեցին հնարավորն ու անհնարինը, և, Փառք Աստծո, եղբայրս փրկվեց։ Այնուհետև երկար բուժումներ է ստացել, հաճախել վերականգնողական կենտրոն։ Մարմնի վրա սպիներ են մնացել, ձախ ձեռքը մինչև հիմա դեռ թույլ է։
Եղբորս պատմածները վկայում են այն մասին, որ նա, իրոք, դժոխքի միջով է անցել։ Պայթյունի պահին ալիքը նրան շպրտել ու մի փոս է գցել, որտեղից մեծ դժվարությամբ դուրս է եկել։
Մանգասարյանները հաղթահարեցին ամենամեծ փորձությունը․ որդու հետ հավասար պայքարեցին նրա ողջ մնալու համար
-Երբ եղբայրս հիվանդանոցից դուրս գրվեց, մենք սկսեցինք աշխատանք փնտրել։ Մինչ այդ արդեն բնակարան էինք վարձակալել։ Մեր ընտանիքում առաջինը ես եմ աշխատանք գտել և իմ մասնագիտությամբ աշխատանքի անցնել Երևանի Էրեբունի ԲԿ-ում՝ որպես հերթապահ բուժքույր։ Ինձ ընդառաջել են և պրակտիկա անցնելուց հետո ընդունվել եմ աշխատանքի։ Մի քանի ամիս հետո եղբայրս որոշում է նույնպես աշխատանքի անցնել՝ այլևս չկարողանալով տանը նստել։ Թեև դժվար էր, սակայն իր մասնագիտությամբ անցավ աշխատանքի․ մեքենաների շարժիչների վերանորոգման վարպետ է։ Նույն մասնագիտությունն ունի նաև հայրս, Ստեփանակերտում ճանաչված վարպետ է, սակայն առողջական խնդիրների պատճառով չի աշխատում։ Վերջերս քույրս՝ Էլինան, մանկապարտեզում մտել է աշխատանքի։ Որպեսզի կարողանանք ապրենք, պետք է աշխատանք ունենանք։
Ինչպես բոլոր արցախցիները, մենք նույնպես մեծ դժվարությունների միջով ենք անցել և փորձում ենք ոտքի կանգնել։ Այստեղ մեզ շատ են օգնել, թե՛ նյութապես, թե՛ հոգեպես։ Մարդիկ կան, որ այս պահին օգնում են ինձ, որ իրացնեմ իմ ձեռքի աշխատանքները։ Դա ամենամեծ աջակցությունն է։
Հիվանդանոցում նոր մարդկանց հետ եմ ծանոթացել ու միայն լավը տեսել։ Այստեղ չկա արցախցի-հայաստանցի տարբերակում։ Սրտացավ կոլեկտիվ է, շատերը մասնակցել են Արցախյան պատերազմներին և լավ են հասկանում մեր ցավը։
Անգելինայի համար ցավալի է, որ իրենց մեծ գերդաստանը սփռվել է տարբեր բնակավայրերում և զրկվել իրար մոտ լինելու, իրար հետ անմիջական շփվելու ու կարոտ առնելու հնարավորությունից։ Սակայն նա չի կորցնում հույսը, որ մի լավ օր բոլորը միասին կհանդիպեն Արցախում և կշարունակվի մեծ սեղանի շուրջ հանդիպելու բարի ավանդույթը։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ