Հայաստանի այս իշխանությունները պետք է հասկանան, որ պետք է քննադատվեն, իրենց ուղղված հարցեր կան, այդ հարցերը պետք է տրվեն, իրենց սխալ քաղաքականության հետեւանքով են արցախցիները բռնի տեղահանվել։
Այս մասին step1.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Աղավնո համայնքի ղեկավար Անդրանիկ Չավուշյանը։ «Պիտի հասկանան, որ իրենք պետք է քննադատվեն, 7 տարի է՝ իշխանություն են, խոսքի ազատություն կա, չնայած հիմա ամեն ինչ էլ չկա։ Ասում էին՝ Արցախը կա, կմնա, Արցախը չկա, ամեն ինչն էլ չկա»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ եթե իշխանությունները չեն կարողանում այսօր առկա խնդիրները լուծել, թող թողնեն գնան, գան ազգային իշխանություններ։ Չավուշյանի խոսքով՝ պետք է օրակարգային դարձնել արցախցիների վերադարձի, հայ գերիների վերադարձի եւ մյուս կարեւոր հարցերը։
Հարցին, թե արցախցիներն Արցախ վերադարձի հարցը չեն փակե՞լ, հնարավորություններ տեսնո՞ւմ են, Անդրանիկ Չավուշյանը պատասխանեց․ «Ոչ մեկ էլ չի կարողանա հաշտվել, եթե ուզենա հաշտվել էլ, դա հաշտվել չէ, ի՞նչ անես, անկարողությունից ի՞նչ պիտի անեն, ամեն ինչն իրենց ձեռքն է՝ բանակով, ամեն ինչով։ Տռուսիկ-մայկա են քննարկում բանակի հետ կապված, ասում են՝ բանակը թալանում էին։ Երանի էս օրերը չտեսնեինք։ Ես շատ հույս չունեմ, բայց ինչքան պետք է, արդար պահանջները ներկայացնելու համար պետք է հավաքվենք»,- նշեց նա։
Անդրանիկ Չավուշյանն անդրադարձավ նաեւ ՀՀ իշխանությունների այն քաղաքականությանը, որ խնդիրների համար արցախցիներին են մեղադրում։ Երբ արցախցիները բողոքի ձայն են բարձրացնում, իշխանությունները հարցադրում են անում՝ «ուզում եք Հայաստա՞նն էլ կորցնենք»։
Անդրանիկ Չավուշյանն ի պատասխան ասաց, որ այս իշխանությունների օրոք ենք միայն կորուստներ ունեցել։ «Պարտության սիմովոլ եք դուք, պարտության սիմվոլներ են, բոլորը մեղավոր են, բացի իրենցից։ Հիմա արցախցիներին պիտի մեղադրեն՝ վայ, Հայաստանն էլ եք ուզում կորցնե՞լ։ Ազնիվ եղիր, Թուրքիա ես գնում, Թուրքիայից անմիջապես հետո եկեղեցու վրա ես հարձակվում, ազգային օբյեկտների վրա ես հարձակվում։ Դերասան են սրանք, էս իշխանությունը իբր խորը հակառուս է խաղում, բայց չի էլ կարող։ Սպասենք միջազգային զարգացումներին, տեսնենք՝ ինչ կխոփոխվի։ Բայց այս իշխանության հետ միասին նույնիսկ կոֆե խմելու չենք գնա»,- նշեց նա։
Անդրանիկ Չավուշյանի խոսքով՝ աշխարհում իրավիճակ կարող է փոխվել, Արցախի հարցը ուժով լուծված չէ։ «Չի կարող Արցախի հարցն այսպես լուծվել, դա մեր մեջ է, մենք ենք հանձնում կամ չենք հանձնում։ Մենք չենք հանձնում, պիտի պահանջատեր լինենք, միշտ էլ պիտի պահանջենք՝ վերադարձի իրավունքի սկզբունքով»,- հավելեց նա։
Ռոզա Հովհաննիսյան