Կարեն Միրզոյանը ծնվել է 1975 թվականի հուլիսի 24-ին Ստեփանակերտում: Վաղ մանկությունից նրա կյանքը սկսեց ծանր փորձությունների ենթարկվել: Երեք տարեկանում նրա մոտ ախտորոշվեց պոլիոմիելիտ: Սա վիրուս է, որը ազդում է նյարդային համակարգի վրա և, ի վերջո, հանգեցնում է լիակատար կաթվածահարության:
Բժիշկները պնդում էին, որ նրա վիճակը օրեցօր կվատանա, բայց Կարենը չէր հուսահատվում և արժանապատվորեն հաղթահարում բոլոր դժվարությունները: Մինչև 14 տարեկանը, չնայած ամեն ինչին, Կարենը ակտիվ էր. նա հաճախում էր դպրոց, խաղում ընկերների հետ: Նա հիշում է մանկության հատկապես այս պայծառ պահերը:
Սակայն նրա վիճակը օրեցօր վատանում էր: Վեցերորդ դասարանն ավարտելուց հետո նա չէր կարողանում դպրոց հաճախել և ստիպված էր անցնել տնային ուսուցման: Նրա շարժումները սահմանափակվում էին, և այն տարրական գործողությունները, որոնք նա նախկինում կատարում էր, դժվարացել էին:
Սակայն նա համառորեն չեր հանձնվում։ 2006 թվականին առաջին անգամ այցելեց Ստեփանակերտի վերականգնողական կենտրոն, որը փոխեց նրա կյանքը։ Վերականգնողական բուժումը դրական արդյունքներ տվեց թե՛ ֆիզիկական առողջության, թե՛ բարոյական վիճակի առումով։ Վերականգնողական կենտրոնի անձնակազմն ու հիվանդները դարձան նրա ընտանիքի անդամները։
Բուժումից բացի, նա իր ազատ ժամանակն ակտիվորեն անցկացնում էր կենտրոնում։ Բազմիցս մասնակցել է բոչչեի մրցումների՝ թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում, և մրցանակներ է շահել թիմային և անհատական խաղերում։
Կարենի կյանքը, ինչպես շատերի, կտրուկ փոխվեց 44-օրյա պատերազմի սկսվելուց հետո։
«2020 թվականի սեպտեմբերին, երբ սկսվեց պատերազմը, ես և իմ ընտանիքը ապրում էինք Այգեստանում։ Գյուղի մոտակայքում կային զինամթերքի պահեստներ, և երբ թշնամին դրանք խոցում էր կետային հարվածներով, մեր պատուհանները դողւմ էին հզոր պայթյուններից։ Կային բազմաթիվ զոհեր, այդ թվում՝ մեր գյուղից։ Մենք թաքնվեցինք տան առաջին հարկում, չնայած այնտեղ էլ անվտանգ չէր։
Հոկտեմբերի 4-ին ստիպված մեկնեցինք Երևան։ 44 օր անկեղծորեն հավատում էինք հաղթանակի։ Չնայած այն հանգամանքին, որ ամեն ինչ այնպես չավարտվեց, ինչպես մենք սպասում էինք, նոյեմբերի 9-ից հետո մենք բոլորս վերադարձանք տուն՝ հույս դնելով ռուս խաղաղապահների պաշտպանության վրա։ Մենք կարծում էինք, որ երկար սպասված խաղաղությունը վերջապես կհասնի արցախյան հողին։
Բայց մեզ կրկին խաբեցին, և երկար սպասված խաղաղության փոխարեն սկսվեց շրջափակում, որը տևեց 9 ամիս։ Չկար ո՛չ սնունդ, ո՛չ դեղորայք, ո՛չ էլ գոյության համար անհրաժեշտ այլ պարագաներ։ Իմ վիճակն ավելի վատացավ, քանի որ ես նաև ուղեկցող հիվանդություն ունեմ՝ բրոնխիալ ասթմա։ Առանց անհրաժեշտ դեղորայքի՝ ես շնչառական խնդիրներ ունեմ։
Չնայած այս բոլոր դժվարություններին, մենք փորձում էինք լավատես լինել։ Բայց սեպտեմբերի 19-ին մեր բոլոր հույսերը մի ակնթարթում փլուզվեցին։ Եվ կրկին պատերազմ, որն այս անգամ ավարտվեց տեղահանությամբ։ Ես այս երկու սարսափելի օրերը կհիշեմ ամբողջ կյանքում։ Մենք կարողացանք տնից վերցնել միայն հագուստ և խուճապի մեջ, բոլոր գյուղացիների հետ միասին, գնացինք Ստեփանակերտի օդանավակայան։ Այնտեղ մնացինք երկու օր, և ես ստիպված էի քնել խոնավ հատակին։ Ուտելու բան չկար, միայն ջուր էինք խմում։
Սեպտեմբերի 27-ին, ժամը 21:00-ին, մենք մեկնեցինք Ստեփանակերտից։ Մեզ 12 ժամ պահանջվեց Գորիս հասնելու համար։ Ավտոբուսում շատ մարդիկ կային՝ բոլորը լացում էին հուսահատության մեջ։
Գորիսից գնացինք Աբովյան, որտեղ մեր հարազատները բնակարան տրամադրեցին։ Որոշ ժամանակ այնտեղ ապրեցինք, ապա տեղափոխվեցինք Մասիս, որտեղ 160 հազար դրամով բնակարան ենք վարձում։ Տեղահանությունից հետո բրոնխիալ ասթմայի սրացման պատճառով երկար ժամանակ հիվանդանոցում անցկացրի։
Ապրում եմ եղբորս և տարեց ծնողներիս հետ, ընտանիքում միայն եղբայրս է աշխատում։ Կենսաթոշակի չափը նույնպես զգալիորեն նվազել է Արցախում ստացածիս համեմատ։
Վերջերս մենք քաղաքացիություն խնդրեցինք՝ բնակարանային ծրագրին մասնակցելու համար։ Քանի որ մենք փոքր ընտանիք ունենք, փոխհատուցումը չի համապատասխանի իրական գներին։ Այս գումարով բնակարան գտնել հնարավոր չէ նույնիսկ մարզերում, առավել ևս՝ Երևանում։
Մինչդեռ ես վերականգնողական բուժման կարիք ունեմ։ Վերականգնողական կենտրոնների մեծ մասը գտնվում է մայրաքաղաքում, և հեռավոր շրջաններից դրանց հասնելը դժվար կլինի և կպահանջի մեծ ծախսեր։ Բացի այդ, մարզերում բավականին դժվար է գտնել աշխատանք, որը թույլ կտա գոնե ապահովել ընտանիքը։ Իսկ ներկայիս պայմաններում վարկ վերցնելը նույնպես բավականին դժվար է, ուստի մենք, ինչպես շատ արցախցիներ, հույս ունենք և սպասում ենք բնակարանային ծրագրի փոփոխություններին, որպեսզի բոլորը կարողանան բնակարան գնել այնտեղ, որտեղ իրենց համար հարմարավետ կլինի ապրելը», – ասաց Կարենը Step1.am-ի հետ զրույցում։
Արսեն Աղաջանյան