Ինտերնետի ռուս-հայկական հատվածում հայտնվել են “փինաչիորեն” մոնտաժված տեսանյութեր, որտեղ Պուտինի կողմից տարբեր ժամանակներում արտահայտված թեզերը միավորվում են մեկ ամբողջության մեջ, որի էությունը հետևյալն է. Ղարաբաղը Ռուսաստան է։
Այս տեսանյութերը պետք է համոզեն ռուսաստանցի հայերին, որ Պուտինը զայրացած է Ալիևի վրա, վռնդում է ադրբեջանցիներին Ռուսաստանից և շուտով կճանաչի Ղարաբաղը որպես Ռուսաստանի մաս և կվերադարձնի այնտեղ ռուսական զորքերը և հայ բնակչությունը։
Հեշտ է կռահել, թե ինչ նպատակով և ով է մոնտաժում այն տեսանյութերը, որտեղ Պուտինը, իբր, ճանաչում է Արցախի ինքնորոշման իրավունքը։ Ռուսաստանի որոշ հայեր, անշուշտ, կհավատան այս աբսուրդին և լավատեսորեն կնայեն Ռուսաստանի ապագային, որը շատ շուտով կգրավի Ղարաբաղը՝ Ալիևին ինադու։
Այս լավատեսությունը պետք է խլացնի տագնապը, որը առաջացել էր շատ հայերի մոտ այն բանից հետո, երբ ռուս ուժայինները փաստացի մասնակից դարձան ադրբեջանական ներքին հաշվեհարդարներին և Ռուսաստանում սեփականության վերաբաշխմանը։ Այսինքն՝ ակնհայտ դարձավ, որ ռուսական ուժայինները այլևս կօգտագործվեն ռուսական իշխանությունների համար ազգային փոքրամասնությունների անցանկալի ներկայաուցիչների սեփականությունը խլելու համար։
Առավել ևս, ռուսական անշարժ գույքի թագավոր Սամվել Կարապետյանը ձերբակալվեց Երևանում, և ռուսական իշխանությունները ոչ մի խոսք չասացին իրենց քաղաքացու և նրա սեփականության պաշտպանության համար։
Այս բոլոր փաստերը պետք է տագնապ առաջացնեին Ռուսաստանի հայ համայնքի շրջանում՝ նաև՝ Աստված մի արասցե, հակապուտինյան տրամադրություններ, բողոք։ Եվ անհրաժեշտ էր դա խեղդել ևս մեկ հեքիաթով. Պուտինը շուտով կգա և կրկին կփրկի բոլորին, կճանաչի Ղարաբաղը որպես Ռուսաստան, և ուղղափառ հայերը կապրեն այնտեղ՝ առավոտյան արթնանալով ազանի ձայների ներքո՝ ռուս պոպերի հսկողությամբ։