Բազմաթիվ արցախցիներ կամ տեղափոխվում են այլ տեղեր, կամ միավորվում են մի քանի ընտանիքներով

  • 16:00 09.07.2025

Արցախահայության խնդիրները չեն վերջանում, ավելին՝ նրանց սոցիալական վիճակն օրեցօր անելանելի է դառնում։ Հուլիսի 1-ից ՀՀ Կառավարության կողմից տրամադրվող բնակվարձերի աջակցությունից կօգտվեն միայն որոշ խմբերի մարդիկ։ Իսկ ինչպե՞ս պետք է ապրեն մնացածները և ի՞նչ է փոխվել տեղահանված արցախցիների կյանքում։ Բնավ՝ ոչինչ։ Ինչպե՞ս պետք է ապրեն, կամ ավելի ճիշտ մի կերպ գոյատևեն այն մարդիկ, ովքեր չեն մտնում խոցելի խմբերի մեջ։ Իսկ միթե՞ ցանկացած տեղահանված, տուն ու տեղ կորցրած և վարձակալությամբ ապրող մարդ խոցելի չէ։

Սոցիակալան ցանցերում արցախցիներն իրենց դժգոհության խոսքն են ասում, ներկայացնում այն անտանելի իրավիճակը, որի մեջ հայտնվել են։ ՀՀ կառավարության որոշումն անարդար ու սխալ են համարում։ Արցախցիների զգալի մասը մնացել է առանց բնակվարձի աջակցության, կանգնել անորոշության առաջ։

Նախկինում առանձին ապրող մի շարք ընտանիքներ միացել են իրար, որ կարողանան տան վարձավճար ու կոմունալ ծախսեր վճարել։ Իսկ արդյո՞ք նման որոշումները միշտ են հաջողությամբ ավարտվում։

Բազմաթիվ արցախցի ընտանիքներ արդեն տեղափոխվում են այլ տեղեր՝ վարձակալելով ավելի ցածր վարձավճարով և ոչ նորմալ պայմաններով բնակարաններ։ Շատերի առաջ տանտերերն արդեն պահանջ են դրել ազատել բնակարանները։

1-3 հոգանոց, խոցելի խմբերում չընդգրկվող ընատնքիները չգիտեն, թե ինչպես են ապրելու։ Առանձնապես նրանք, ովքեր չեն կարողանում աշխատանք գտնել՝ տարիքային սահմանափակումների և այլ անհեթեթ պատճառներով։

Արցախցի ընտանիքներից շատերը պատրաստ են ապրել մարզերում, նույնիսկ ամենահեռավոր գյուղերում, որտեղ համեմատաբար ցածր են վարձավճարները, կամ տրվում են անվճար, սակայն կկանգնեն զբաղվածության խնդրի առաջ։

«Մի՞թե Կառավարության ծրագիրը արտագաղթի ծրագիր չէ։ Արցախցին Մայր Հայաստանում է և մտադրություն չունի լքելու իր հայրենիքը։ Դեռևս հույս ունենք, որ կվերանայվեն այդ անարդար որոշումները և բնակվարձի աջակցություն կտրամադրվի բոլոր արացախցիներին՝ առանց խտրականության, քանի դեռ մենք ապահովված չենք բնակարաններով։ Այլապես արցախցիներից շատերը կհայտնվեն դրսերում (շատերն արդեն իսկ խուճապային վիճակում են),  կամ էլ կմտածեն մեկնել Հայաստանից։ Մենք պետք է մեր ձայնը բարձրացնենք, մեր արդար պահանջը ներկայացնենք։ Պետք է հասկանան, որ անտուն ու անգործ չենք եղել և մեր կամքով չենք բռնել տեղահանության ճանապարհը։ Այսօր էլ պատրաստ ենք հետ վերադառնալ, եթե ապահովվի մեր անվտանգությունն ու պաշտպանվեն մեր իրավունքները։ Մենք հավաքական վերադարձի պահանջ ունենք։ Հուլիսի 12-ին կազմակերպվող մեծ հավաքին պետք է մասնակցենք բոլորս ու մեր ասելիքն ասենք ՀՀ կառավարությանը և առհասարակ համայն աշխարհին»,-ասում են Արցախից տեղահանված և այսօր շատ դժվար կացության մեջ հայտնված մի խումբ մարդիկ։

Ցավոք, նման մտատանջություններ ունեն գրեթե բոլոր արցախցիները, որոնք ընդամենն ուզում են ապրել արժանապատվորեն ու զգալ, որ օտար երկրում չեն՝ Մայր Հայաստանում են։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ