Քննարկում Արցախի ԱԺ-ում․ ՀՀ կառավարությունը արցախցիների կարևոր առաջարկները չի ընդունում

  • 18:21 09.07.2025

Արցախի Ազգային ժողովը Հայաստանի ԱԺ ընդդիմադիր պատգամավորների հետ համատեղ լսումներ է կազմակերպել՝ քննարկելով արցախցիների սոցիալական խդիրները։

Ինչպես տեղեկացնում է Արցախի հեռուստատեսությունը, Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն ասել է, որ Հայաստանի կառավարությունը չի ընդունել արցախցիների բնակվարձի փոխհատուցման ծրագիրը երկարաձգելու, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի գումարներն օգտագործելու մասին առաջարկությունները։ Փոխարենը կենսաթոշակի անցնելիս աշխատանքի ստաժը վերականգելու հետ կապված հարցերն են մասնակի լուծում ստանում։ «Պետական եւ համայնքային բոլոր հիմնարկների եւ դրանց հետ կապակցված բոլոր հիմնարկներում աշխատածների պարագայում այդ սոցիալական վճարը կատարելու մասին տեղեկանքի անհրաժեշտություն չի լինելու։ Մնում է մասնավոր հատվածում աշխատածների հարցը, իրենց խնդիրը չի կարգավորվում այս նոր փոփոխությամբ, իրենց համար դեռեւս հասանելի տարբերակը մնում է դատական ճանապարհով ստաժը հաստատելը»,- ասել է Ստեփանյանը։

Արցախի նախկին պետնախարար, նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանի խոսքով՝ ՀՀ կառավարությանը մի շարք առաջարկություններ է ներկայացրել դեռեւս նախորդ տարվանից։ «Առաջարկում էինք համայնքային բնակեցում, բնակարանների կամ բնակելի տների կառուցապատում՝ երկրորդային շուկայից գնելու փոխարեն։ Առաջարկում էինք բնակարանային եւ զբաղվածության ծրագրերի խորը ինտեգրում, բայց այս սկզբունքների առումով իրենք որեւէ էական բարելավումներ կամ փոփոխություններ չեն մտցրել։ Փաստացի իրենք ասել են՝ մենք պատրաստ ենք գործող ծրագրի լավարկման հարցերը քննարկել, ոչ թե հիմնարար բարեփոխումներ անել»,- ասել է Արտակ Բեգլարյանը։ Նա նշել է, որ գործող բնակապահովման ծրագրի մասին բազմաթիվ առաջարկություն է ներկայացրել Հայաստանի կառավարությանը, դրանց մի մասը վերջերս ընդունել են եւ ծրագրում փոփոխություններ կատարել։ Բայց կարեւոր առաջարկություններ չեն ընդունվել։

«Մենք առաջարկեցինք նաեւ հավաստագրով տրամադրվող գումարների չափերը վերանայել՝ առաջին գոտում՝ 5  մլն, կառուցապատման դեպքում՝ 5,5 մլն, երկրորդ գոտում՝ 5,5 մլն, կառուցապատման դեպքում՝ 6 մլն, երրորդ գոտում՝ 6 մլն, կառուցապատման դեպքում՝ 6,5 մլն դրամ։ Բնականաբար, համաձայն չէին, այս հարցով որեւէ քննարկում չեղավ»,- նշել է Արտակ Բեգլարյանը։

ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանն ասել է․ «Անհրաժեշտ է արցախցիների կոմպակտ բնակեցում ապահովել ՀՀ-ում, որ չգործի «չկա մարդ, չկա պրոբլեմ» սկզբունքը։ Ակնհայտ է, որ կառավարության վերաբերմունքը 180 աստիճանով տարբեր է, բայց այս սահմանափակ լծակները, որոնք ունենք, պետք է առավելագույնը օգտագործենք, որպեսզի գոնե այն պայմանները, այն կարիքները, որոնք ուղղակի ֆիզիկապես մնալու եւ արժանապատիվ ապրելու պայմաններ են ստեղծում, դրանք իրացվեն»։

Արցախի ԱԺ պատգամավոր Արամ Գրիգորյանի խոսքով՝ առաջին անգամ փորձել են միավորված գործել, Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի հետ ստեղծել են մեկ ընդհանուր պահանջագիր, ներկայացրել Հայաստանի կառվարությանը։ «Այո ներկայացվել է պահանջագիր, բայց մենք բոլորս նաեւ գիտենք, թե ինչ արդյունք կա։ Եվ սուտ կլինի, եթե ասենք, որ այստեղ կա ներկա մարդ, ով ակնկալիքներ ունի, որ դրական լուծումներ ենք ստանալու»,- ասել է Արամ Գրիգորյանը։