«Տաթևի վանքից զանգեցի Արմենին, հարցրի՝ կուզե՞ս Տաթև խնդրեմ Տաթևի վանքից։ Ասեց՝ ինչ ուզում ես, խնդրիր։ Խնդրեցի ու ասացի՝ եթե աղջիկ ծնվի, Տաթև կդնեմ ու Տաթևում էլ կկնքեմ»,- Վեներա Սուլեյմանյանի խնդրանքն իրականացավ 11 տարի հետո։ Երազանքներից իրական դարձավ Տաթևը։
«Շատ պատահական, երբ ընդհանրապես կասկածներ չունեի և հերթական բուժում ստանալու համար հետազոտություն էի անցնում, իմացա, որ արդեն սպասում եմ բալիկի», – Արմինե Աբրահամյանը Վաչեին սպասել է 9 տարի։ Այսօր երջանիկ ծնողներ են։
«Ամեն ամիս հույսով, հետո՝ հիասթափությամբ։ Դա մի ընթացք էր՝ լի աղոթքներով ու չհնչեցվող ցավով։ Բայց երբեք չենք կորցրել հավատը, որ մի օր կգրկենք մեր բալիկին ու կասենք՝ մենք քո ծնողներն ենք, բարի գալուստ մեր կյանք»,- Սիրա Ավանեսյանը հինգ տարի անց արդեն շշնջացել է՝ բարի գալուստ, իրենց որդուն՝ Արենին։
Մայրանալու բերկրանքը վայելած այս երեք կանանց հետ ուրախացել են բոլոր նրանք, ովքեր ճանաչում են նրանց։ Կարելի է ասել՝ ողջ Մարտունին։ Ամիսների ընթացքում երջանկացնող լուրերը հաջորդել են իրար։ Նրանք բոլորը Մարտունի քաղաքից են։
Երեխաները, եթե չլիներ պատերազմը, կծնվեին Մարտունում։ Հայրենազրկման, ցավի, կորուստների անվերջանալի թվացող շղթան ջարդվեց, երբ տարիների սպասումից հետո ծնվեցին Վաչեն, Արենն ու Տաթևը։ Նրանք, ովքեր երջանկացրին իրենց գերդաստաններին և տարիներ շարունակ աղոթող ծնողներին։
«Ես մեր հարսին եմ պարտական իմ այս կարգավիճակի համար։ Ինքը ինձ համոզեց նորից անցնել այս ճանապարհը։ Ես իրոք ի վիճակի չէի նորից անցնել սպասումի, հույսի ու հուսահատության այդ ճանապարհը։ Հղիության ամբողջ ընթացքը և հիմա ինձ համար դեռ երազ է», – պատմում է Վեներան։
Տեղահանությունից հետո իրարից տեղեկանալու ամենադյուրին միջոցը սոցցանցերն են․ ո՞վ ամուսնացավ, ո՞վ ծնվեց, ո՞վ մահացավ։ Եվ հուրախություն՝ ծնվողները եւս շատ են։
«Սրտի խորքում անդադար ցավ եմ զգում, որ ինքը Արցախում չի ծնվել։ Նրա մանկությունը չի անցնում իր հայրենի հողում։ Այն հողում, որի համար իր պապիկը՝ իմ հայրը, ու մնացած բոլոր հերոսները իրենց կյանքն են զոհել հանուն Արցախի խաղաղ ապագայի, հանուն իրենց սերունդների։ Ես մեծ հավատ ունեմ, որ մի օր իմ տղան կապրի իր տանը, կսիրի ու կճանաչի իր հայրենիքը, կտեսնի Արցախը», – ասում է Սիրան, ով մեծացել է առանց հոր, բայց ազատագրված հայրենիքում։
Սիրան ընդգծում է, որ Արենի հետ ծնված օրվանից բարբառով է խոսում՝ հավատալով, որ բարբառը կենդանի պահելու միակ միջոցը նույնիսկ նորածին երեխայի հետ այդպես խոսելն է և բարբառը երեխայի մեջ արմատավորելը։
Վեներան, Արմինեն ու Սիրան անցել են սպասման՝ իրար նման, բայց և տարբեր ճանապարհով։ Գիտեն, որ աշխարհում հազարավոր կանայք նույն հույզերն են ապրում, բայց ուզում են, որ իրենց նոր՝ մայրական կարգավիճակը հասու լինի շատերին։
«Երբեմն մտածում էի՝ ինչու հենց ես։ Բայց հոգուս մի խոր անկյունում չէի կորցնում հավատս։ Հիմա, երբ նայում եմ փոքրիկին, ինձ նայող աչուկներին, մոռանում եմ այն բարդ ճանապարհը, որի միջով անցել ենք։ Մենք հիմա ավելի շատ պատասխանատու ենք իր համար», – ասում է Արենի մայրիկը՝ Սիրան։
«Երբեք մի՛ կորցրեք հույսը։ Եվ իմացե՛ք՝ այս դժվար ու երբեմն հիասթափեցնող ճանապարհի վերջում մի սիրուն արևածագ է լինում», — արևի պես շողացող Վաչեի մայրիկը՝ Արմինեն, կիսվում է իր ապրումներով։
«Ես հիմա ավելի եմ հավատում Աստծուն։ Հրաշքներ լինում են, երբ հավատդ արդեն կորցնում ես։ (Ես վառ ապացույց)», — կորսված հավատի փոխարեն իրական դարձած հրաշքին՝ Տաթևին, ամուր գրկած՝ ընդգծում է Վեներան։
Վաչեն, Արենն ու Տաթևը ծնվեցին ոչ միայն որպես երկար սպասված զավակներ, այլ որպես հիշեցում՝ որ նույնիսկ հայրենազրկման ցավի մեջ կյանքը դեռ շարունակվում է։ Նրանք եկան՝ լույս բերելով տարիներ շարունակ լռությամբ աղոթող ընտանիքներին։ Եկան ու հաստատեցին՝ հրաշքներ լինում են։ Պիտի պարզապես հավատալ ու սպասել։
Մարիամ Սարգսյան