Պայմանավորվել են շարունակել բանակցությունները

  • 15:37 10.07.2025

Բանակցություններն Աբու Դաբիում տևել են մոտ հինգ ժամ:

Աբու Դաբիում մոտ հինգ ժամ տևած հայ – ադրբեջանական բանակցություններն, ըստ ադրբեջանական աղբյուրների, ավարտվել են:

ՀՀ արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Աբու Դաբիում քննարկել են Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգի տարբեր ասպեկտներ:

«Կողմերը հաստատել են, որ երկկողմ բանակցությունները հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող բոլոր հարցերը հասցեագրելու ամենաարդյունավետ ձևաչափն են, և այդ հիմքով պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել արդյունքին միտված այդպիսի երկխոսությունը:

Երկրների ղեկավարները, նշելով սահմանազատման գործընթացում գրանցված առաջընթացը, հանձնարարել են համապատասխան պետական հանձնաժողովներին շարունակել գործնական աշխատանքն այդ ուղղությամբ:

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները նաև պայմանավորվել են շարունակել երկու երկրների միջև երկկողմ բանակցությունները և վստահության ամրապնդման միջոցները», – ասված է հաղորդագրւթյունում:

Ճանապարհների ապաշրջափակումը, սահմանազատումը, խաղաղության պայմանագիրը Հայաստանի ու Ադրբեջանի միջև երեք առանձին բանակցությունների թեմա են: Այսօրվա հանդիպման կադրերից պարզ է դառնում, որ թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական պատվիրակությունների կազմում բոլոր այն պաշտոնյաներն էին, ովքեր այդ բանակցություններին երբևէ մասնակցել են. հայկական կողմից՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, հայ – թուրքական կարգավորման հարցով բանագնաց Ռուբեն Ռուբինյանը, որն, ի դեպ, հայ – ադրբեջանական եզակի բանակցությունների է մասնակցել:

Ադրբեջանական կողմից Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք են մեկնել արտաքին գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովը, փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը:

Ադրբեջանական լրատվամիջոցները Աբու Դաբիից փոխանցում են, թե «լուրջ և բովանդակալից քննարկումներ են տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի հիմնական ասպեկտների, այդ թվում՝ սահմանազատման, Զանգեզուրի միջանցքի բացման և զարգացման, խաղաղության համաձայնագրի նախաստորագրման և այլ հարցերի շուրջ»:

Ռուսական լրատվամիջոցներն են տեղեկություններ հրապարակում հայ – ադրբեջանական բանակցություններից՝ հղում անելով դրանց կազմակերպմանը մոտ աղբյուրներին: Մասնավորապես, ըստ պետական ՏԱՍՍ-ի, Փաշինյան – Ալիև հանդիպման թեման խաղաղության համաձայնագրի շուրջ հակասությունների հաղթահարումն է: «Նպատակը մինչև տարեվերջ փաստաթղթի ստորագրմանը հասնելն է», – նշել է գործակալության աղբյուրը։