«Կեղծ փաստաթղթի հիմքով է օրվա իշխանության կողմից Արցախը ճանաչվել Ադրբեջանի մաս»․ Լարիսա Ալավերդյան

  • 21:24 12.07.2025

«Կեղծ փաստաթղթի կամ կեղծված փաստաթղթի հիմքով օրվա իշխանության ղեկավարության կողմից
Արցախը ճանաչվել է Ադրբեջանի մաս։ Փաստաթուղթը, որի անունը հնչեցնում են, դա Ալմա Աթայի
հռչակագիրն է, որտեղ չկա որեւէ խոսք այն մասին, որ անկախ պետությունները, այն է՝ նախկին
սովետական հանրապետությունները ճանաչվում են սովետական սահամաններով։ Սուտ է, այդ փաստաթղթի
մեջ պարզ գրված է՝ ճանաչվում են գոյություն ունեցող սահմանները»,- Ազատության հրապարակում
հրավիրած հանրահավաքում ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։ Նա նշեց, որ Ադրբեջանն իրեն
համարել է իրավահաջորդ այն հանրապետությանը, որի կազմում Արցախը չի եղել։
«Արցախը չի եղել Ադրբեջանի կազմում։ Սովետական Ադրբեջանի ժամանակ նա ընդամենը Ադրբեջանի մաս
է կազմել բոլշեւիկյան Ռուսաստանի եւ քեմալական Թուրքիայի հանցավոր պայմանավորվածության
համաձայն։ Եվ դրանից հետո, մինչեւ Ադրբեջանի ճանաչումը, Արցախն արդեն դուրս էր եկել ահա այդ
սովետական Ադրբեջանից։ Ո՞վ է հայտարարել, որ Արցախն Ադրբեջանի մաս է, երբ է դա տեղի ունեցել՝ 6-
ը հոկտեմբերի 2022 թվականի»,- ասաց նա։
Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ արցախցին պետք է վերադառնա Արցախ, եւ Արցախի բոլոր նվիրյալները
պետք է պայքարեն այս կարեւոր իրավունքի իրացման համար։
Նա նշեց, որ արցախցիները պետք է համարվեն ցեղասպանություն վերապրած անձինք։ Ո՞վ է
պատասխանատու նրանց իրավունքների համար՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն ու
իշխանությունը։ «Այո, հենց այս իշխանությունը բոլոր միջազգային հարթակներում պետք է պայքարի
արցախցիների վերադարձի համար եւ Արցախը վերադարձնի արցախցիներին ու Արցախի նվիրյալներին։
Այսօր մենք հստակ պահանջում ենք այնպիսի պայմաններ ստեղծել արցախցիների համար Հայաստանում, որ
որեւէ մեկը չլքի Հայաստանը, որովհետեւ Հայաստանն է պարտավոր դա անել»,- ասաց Ալավերդյանը։