Արեն Նազարյան. Տղա, որը 12 տարեկանում 40 ժամ մեքենա վարեց և փրկեց իր ընտանիքը

  • 18:54 13.07.2025

14-ամյա արցախցի տղան դարձել է «Տաք սիրտ» միջազգային մրցանակի դափնեկիր՝ անձնական քաջության և նվիրվածության համար։ Մրցանակաբաշխության արարողությունը տեղի է ունեցել Մոսկվայում։ Արեն Նազարյանին հրավիրել են որպես այն դեռահասներից մեկը, ովքեր փրկել են իրենց ընտանիքը իրական մարդասիրական աղետի ժամանակ։

12-ամյա տղան 40 ժամ մեքենա է վարել՝ իր ընտանիքը փրկելու համար։

2023 թվականի սեպտեմբերին, հերթական ագրեսիայից հետո, Նազարյանները, ավելի քան 120 հազար արցախցիների հետ միասին, ստիպված էին լքել Արցախը և տեղափոխվել Հայաստան։ Ընտանիքը մեկնել է երկու մեքենայով, որոնցից մեկը վարել է Արենը։ Տղան մեքենան վարել է ավելի քան 40 ժամ։ Արենն այդ ժամանակ ընդամենը 12 տարեկան էր։

«Սարսափելի էր, բայց ես վճռական որոշում կայացրի նստել ղեկին։ Էվակուացիայի համար վարձված վարորդը վերջին պահին հրաժարվեց, և ես հասկացա, որ եթե ես չվարեմ, ուրիշ ոչ ոք չի վարի», – ասում է Արենը։

Նրան մեքենա վարել սովորեցրել էր հայրը, ով 44-օրյա պատերազմից հետո հասկացավ, որ որդուն այդ հմտությունը պետք է։ Հենց դրա շնորհիվ էր, որ Արենը կարողացավ տարհանել իր ընտանիքին՝ մորը, տատիկին, պապիկին և երկու քույրերին։

9 ամսվա քաղցից և արցախյան շրջափակման այլ փորձություններից ուժասպառ եղած տղան քաջաբար վարեց մեքենան 40 ժամ։ Նա վարում էր՝ հազիվ զսպելով արցունքները, ավերված, գերբեռնված ճանապարհներով, անցնելով մեքենաների շարասյուներ, անցակետեր, հսկայական ավտոբուսներ։

Նա ղեկից ցածրահասակ էր և ստիպված էր նստել բարձի վրա։ Ճանապարհին տատիկը հաճախ վատ էր զգում, և նա կանգ էր առնում։ Նույնիսկ կարողանում էր մխիթարել իր հարազատներին և ընկերներին։

12-ամյա Արենի քաջության շնորհիվ նրա ընտանիքը փրկվեց, հակառակ դեպքում նրանք չէին կարողանա լքել Արցախը։ Կար երկու տարբերակ՝ կամ դատապարտել անխուսափելի մահվան, ինչպես պատահեց տասնյակ խաղաղ բնակիչների հետ, ովքեր սպանվեցին իրենց տներում կամ անտառներում՝ հասնելով Ստեփանակերտ, կամ մնալ՝ ապրելու Ադրբեջանի դրոշի ներքո՝ առանց անվտանգության երաշխիքների։

Ինչպիսին կլիներ կյանքը Ադրբեջանի կազմում, վառ ցույց են տալիս սոցիալական ցանցերում տեղադրված տեսանյութերը, որոնցում պատկերված են Արցախում մնացած և ամենօրյա բռնության ու նվաստացման ենթարկվող որոշ քաղաքացիներ։

Արսեն Աղաջանյան