2023 թվականի սեպտեմբեր ամսվա չվճարված կենսաթոշակների, նպաստների և «Արցախփոստ» ՓԲԸ–ի կողմից վճարման ենթակա այլ գումարների տրամադրման խնդիրը դեռևս մնում է չլուծված։
Սյունիքի մարզի Գորիս քաղաքում է բնակվում զոհված զինծառայողի մայր, այրի կին, 2-րդ կարգի հաշմանդամ Լաուրա Արմենակի Բարսեղյանը։ Նա այն հազարավորներից մեկն է, որ չի ստացել 2023-ի սեպտեմբեր ամսվա թոշակը։
Թոռը՝ Ժորա Հայրապետյանն իր կարծիքն է ասում այդ հարցի շուրջ
-Արդեն երկրորդ տարին է, ինչ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախից Հայաստան բռնի տեղահանված հազարավոր քաղաքացիներ՝ այդ թվում տարեցներ, զինվորական կենսաթոշակառուներ, հաշմանդամություն ունեցող անձինք և խոցելի խմբեր զրկված են իրենց հասանելիք 2023 թվականի սեպտեմբեր ամսվա կենսաթոշակներից և սոցիալական նպաստներից։ Եվ այս ամբողջ ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունն ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը չեն կատարել իրենց սոցիալական պարտավորությունները այդ անձանց նկատմամբ՝ թողնելով նրանց առանց գոյատևման նվազագույն միջոցների։
Հատկանշական է, որ տարիներ շարունակ Արցախի Հանրապետության պետական ֆինանսավորման մի մասը, այդ թվում՝ կենսաթոշակային և սոցիալական վճարներն իրականացվել են Հայաստանի պետական բյուջեից՝ միջպետական ծրագրերի միջոցով։ Այսինքն՝ Հայաստանը եղել է ոչ միայն Արցախի անվտանգության, այլև սոցիալական համակարգի երաշխավորը։ Հետևաբար՝ Արցախի քաղաքացիների՝ սոցիալական վճարների շարունակականությունն ապահովելը Հայաստանի Հանրապետության ուղղակի պարտականությունն է, անկախ Արցախում տեղի ունեցած պետական կառույցների փլուզումից կամ մարդկանց ֆիզիկական տեղաշարժից։
Ըստ Հայաստանի Սահմանադրության 48-րդ հոդվածի՝ յուրաքանչյուր ոք ունի սոցիալական ապահովության իրավունք, իսկ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքով պետությունը պարտավոր է աջակցել այն անձանց, որոնք օբյեկտիվ հանգամանքների բերումով հայտնվել են ծանր վիճակում։ Նման հանգամանքներից ամենածանրերից մեկն է բռնի տեղահանությունը պատերազմի արդյունքում։
Բացի այդ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի թիվ 1 արձանագրությունը երաշխավորում է սեփականության իրավունքը, որը ներառում է նաև պետական կենսաթոշակներն ու նպաստները՝ որպես պարբերական եկամուտ։ Արցախի տեղահանված քաղաքացիների այդ իրավունքների խախտումը՝ վճարումները սառեցնելու կամ չտրամադրելու միջոցով, հանդիսանում է ոչ միայն տեղական, այլև միջազգային իրավունքի կոպիտ խախտում։
Երկրորդ տարին շարունակվող այս անտեսումը փաստում է համակարգային անգործություն՝ պետության կողմից։ Մարդիկ, որոնք պատերազմի պատճառով կորցրել են իրենց տունը, ունեցվածքը և հայրենիքը, այսօր զրկված են նույնիսկ օրենքով իրենց հասանելի նվազագույն կենսամակարդակից։ Պետությունը պարտավոր է անհապաղ վճարել բոլոր չտրամադրված կենսաթոշակներն ու նպաստները, սկսել հետադարձ հաշվարկ և հաստատել իրավական հստակ մեխանիզմ Արցախի քաղաքացիների սոցիալական իրավունքների շարունակական իրացման համար։ Սա բարեգործություն չէ։ Սա պետական պարտականություն է՝ հիմնված իրավունքի վրա։ Պետության լռությունը՝ անարդարություն է։ Ժողովրդի սոցիալական իրավունքները պաշտպանության կարիք ունեն։
Նույն խնդիրն ունի Արցախյան առաջին պատերազմում զոհվածի հայր Ալեքսանդր Հարությունի Աբրահամյանը, ով տեղահանությունից հետո բնակություն է հաստատել Արարատի մարզի Մասիս քաղաքում։ Պատերազմի հետևանքով նա չի կարողացել ստանալ կերակրողը կորցնելու համար զինվորական թոշակը, քանի որ այն ստանում էր կանխիկ՝ «Արցախփոստ» ՓԲԸ–ի միջոցով։ Տարեց մարդը, սակայն, չի կորցնում հույսը, որ անպայման կվճարվի իր թոշակը՝ միաժամանակ, չհասկանալով, թե ինչու են անտեսվում իրենց իրավունքները։
«Արցախցիներս ծանր կացության մեջ ենք հայտնվել, և մեզ համար յուրաքանչյուր լուման նշանակություն ունի։ Դստերս հետ ապրում եմ վարձակալած բնակարանում։ Նա այն տարիքում է, որ ոչ թոշակային է և ոչ էլ կարողանում է աշխատանք գտնել։ 2023-ի սեպտեմբերի ինձ չվճարված թոշակով կարող ենք 2 ամսվա կոմունալ ծախսերը վճարել»,-ասում է զոհված զինծառայողի հայրը։
2023 թվականի սեպտեմբեր ամսվա չվճարված կենսաթոշակների, նպաստների հետ մեկտեղ արցախցիներն ունեն նաև մի շարք չլուծված խնդիրներ, որոնց մասին բարձրաձայնում են անընդհատ։
Բռնատեղահանումից հետո, Երևանում գործող Արցախի օպերատիվ շտաբում համապատասխան մարմինների կողմից Արցախի նախագահի հրամանագրի համաձայն 2023-ի հոկտեմբերի 1-ից աշխատանքից ազատված պետական աշխատողների համար կատարվել է հասանելիք գումարների վերջնահաշվարկ, սակայն մարդիկ առայսօր վերջնահաշվարկ ու նախատեսվող այլ նպաստ չեն ստացել։
Արցախցիները բարձրաձայնում են նաև կենսաթոշակային կուտակային հաշվում եղած իրենց գումարների մասին։ Արցախցիների օրեցօր վատթարացող վիճակում այդ բոլոր գումարները կօգնեն մի շարք խնդիրներ լուծելու։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ