Իսրայելի և Սիրիայի թուրքամետ կառավարության ներկայացուցիչները հանդիպել են Բաքվում

  • 19:20 13.07.2025

Իսրայելի և Սիրիայի թուրքամետ կառավարության մեկական ներկայացուցիչ հանդիպել են Ադրբեջանում շաբաթ օրը՝ հուլիսի 12-ին, հաղորդում է AFP-ն՝ հղում անելով Դամասկոսի դիվանագիտական շրջանակների աղբյուրներին: Գործակալությունը նշում է, որ հանդիպումը տեղի է ունեցել Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի Բաքու այցի շրջանակներում և նշանակալի իրադարձություն է եղել, հաշվի առնելով, որ Սիրիան և Իսրայելը վերջին երկու տասնամյակների ընթացքում թշնամական հարաբերությունների մեջ են։

Ադրբեջանի մայրաքաղաքում Ահմեդ աշ-Շարաան հանդիպել է Իլհամ Ալիևի հետ: Արդյունքում համաձայնեցվել է Դամասկոս գազի մատակարարումը. Ալիևի խոսքով՝ Ադրբեջանը գազ կմատակարարի Սիրիա: Ադրբեջանի նախագահի վարչակազմը հայտարարել է, որ Թուրքիայի միջոցով Սիրիա գազ արտահանելու նախագիծը կիրականացվի «մոտ ապագայում»։

Միևնույն ժամանակ, աշ-Շարաան ինքը, ըստ AFP-ի աղբյուրների, չի մասնակցել իր երկրի ներկայացուցչի և Իսրայելի պետության ներկայացուցչի միջև բանակցություններին։

Սիրիայի ժամանակավոր կառավարությունը մեկ շաբաթից մի փոքր ավելի առաջ պատրաստակամություն է հայտնել համագործակցել Միացյալ Նահանգների հետ՝ Իսրայելի հետ 1974 թվականի հրադադարը վերականգնելու համար։ Սիրիան և Իսրայելը պաշտոնապես պատերազմի մեջ են 1948 թվականից։