Արցախցիների հարցի լուծումը ճնշելու, ձերբակալելու մեջ չէ, բանակցելով՝ լուծում գտնելու մեջ է

  • 12:32 14.07.2025

«30 տարի արցախցին եղել է առաջնագծում, 30 տարի թե պատերազմել է, թե հողը պահել է հայկական։ Ամենավերին աստիճանի վախն արցախցու մեջ արդեն անցել-գնացել է։ Այս հարցի լուծումը ճնշելու մեջ չէ, հարցի լուծումը ձերբակալելու մեջ չէ, հարցի լուծումը բանակցելով՝ լուծում գտնելու մեջ է»,- այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասաց արցախցի հասարակական գործիչ Անաստաս Իրսայելյանը՝ անդրադառնալով իշխանությունների կողմից արցախցիների նկատմամբ գործադրվող ճնումներին։ Նա ասաց, որ արցախցիները որեւէ հակապետական բան չեն անում, իրենց իրավունքն են պաշտպանում, մինչեւ կգան բարենպաստ ժամանակներ եւ կկարողանան վերադառնալ Արցախ։

«Ես վստահ եմ, որ վերադարձ լինելու է, որովհետեւ ուժի կիրառմամբ հարցը չի լուծվել, միջազգային հարթակներում էլ են դա տեսնում։ Կսպասենք բարենպաստ ժամանակներին, երբ կունենանք հզոր Հայաստան, նորմալ ղեկավարություն ու դիվանագիտություն, որ կարողանան միջազգային հարթակներում հիմնավորված ներկայացնել Արցախի հարցը։ Դա այս իշխանությունների որոշելու հարցը չէ, դա ազգային հարց է, վաղը չլինի, մյուս օրը կլինի, բայց մենք այդ հարցը պետք է պահենք օրակարգում»,- նշեց Անաստաս Իսրայելյանը։

Նա հավելեց, որ կառավարությունից այս փուլում պահանջում են լուծում տալ արցախցիների սոցիալական խնդիրներին, քանի որ նրանց այս իշխանության պատճառով են բռնի տեղահանվել ու ցեղասպանական գործղությունների ենթարկվել։

«Պահանջում ենք, որ գոնե մայր Հայաստանում մեզ տան հնարավորություն, որ ժողովուրդն այստեղ զարգանա, ապրի, մնա Հայաստանում։ Մեր նպատակն արտագաղթը կանգնեցնելն է, բա ձեր նպատակն ի՞նչ է։ Արցախը մայր Հայաստանի մի մասն էլ, մի մասից տեղահանվել ենք մի ուրիշ մաս։ Եվ կառավարությունն այլընտրանք չունի, պիտի գնա խնդիրների լուծմանը, սա պահանջ է»,- ասաց նա։