Արցախցիները դադարեցնում են փողոցային պայքարի այս փուլը․ Ապրես Մարգարյան

  • 13:55 14.07.2025

Արցախցիները դադարեցնում են փողոցային պայքարի այս փուլը։ Այս մասին կառավարությունում տեղի ունեցած բողոքի ակցիայից հետո ասաց Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Ապրես Մարգարյանը։

«Այս փուլում փողոցային պայքարի փուլը դադարեցնում ենք, կփորձենք ավելի մանրամասն քննարկել ու ներկայացնել, թե ինչ ձեւաչափով ենք անելու։ Այն օրակարգը, որը հայտարարեցինք համահայկական օրակարգ Արցախի շուրջը, փաստորեն չստացվեց»,- նշեց նա։

Ապրես Մարգարյանը նաեւ ասաց, որ դուրս են գալիս Արցախի ներկայացուցչության շենքից։

«Մենք նպատակահարմար չենք գտնում այս պահին շարունակել մեր գործունեությունը Արցախի ներկայացուցչության շենքում։ Նստացույցը դադարեցվում է, քանի որ հանրային աջակցություն չկա փողոցային պայքարին»,- ասաց նա։

Ապրես Մարգարյանը նշեց, որ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կազմը կվերակազմակերպվի։ Երբ լինի հանրային մեծ պահանջարկ, իրենք պատրաստ են փողոցային պայքարի մասով պատասխանատվությունը ստանձնել։