Արցախի Ազգային ժողովի պատգավավորներն իրենք պետք է զբաղվեին այս հարցերով

  • 16:00 14.07.2025

Ինչպես տեղեկացրել ենք, Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդն այսօր հայտարարեց այս փուլում փողոցային պայքարը դադարեցնելու մասին։ Խորհրդի անդամ Ապրես Մարգարյանը լրագրողներին նաև ասաց, որ որոշել են դուրս գալ Արցախի ներկայացուցչությունից։

Հիշեցնենք, որ Ազատության հրապարակի վրանի ապամոնտաժումից հետո խորհրդի անդամներն իրենց աշխատանքը շարունակում էին Արցախի ներկայացուցչությունում։

Լրագրողների հարցին, թե ինչո՞ւ են որոշել դուրս գալ ներկայացուցչությունից, Ապրես Մարգարյանը պատասխանեց. «Նպատակահարմար չենք գտնում մեր գործունեությունը շարունակել Արցախի ներկայացուցչությունում։ Մենք կոչով դիմել ենք, եւ Արցախի Ազգային ժողովի հինգ խմբակցությունների ներկայացուցիչներն իրենք պետք է զբաղվեին այս հարցերով։ Այսինքն՝ այս մարդիկ՝ շարքային քաղաքացիները, այդքան պատասխանատվություն չունեն, մենք վերցրեցինք այդ պատասխանատվությունը, բայց այստեղ պետք է կանգնած լինեին Արցախի նախկին ու ներկա պաշտոնյաները, ովքեր իրենց համարում են Արցախի ԱԺ պատգամավորներ»։