Պատրաստ ենք 100 տարով վարձակալել Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային միջանցքը. Թուրքիայում ԱՄՆ դեսպան

  • 18:47 14.07.2025

Միացյալ Նահանգներն առաջարկել է ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի միջև նախատեսված տրանսպորտային միջանցքի կառավարումը՝ երկու կովկասյան երկրների միջև դադարեցված դիվանագիտական բանակցությունները առաջ մղելու փորձով։ Դրա մասին ուրբաթ լրագրողներին հայտել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը, գրում է Middle East Eye-ը։

Չնայած Հայաստանը և Ադրբեջանը մարտին համաձայնության եկան խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ, Բաքուն շարունակում է պնդել մի շարք լրացուցիչ պայմաններ՝ նախքան համաձայնագրի պաշտոնական ստորագրումը։

Ադրբեջանը պահանջում է, որ Երևանը փոփոխություններ մտցնի Սահմանադրության մեջ։ Հիմնական խոչընդոտներից մեկը մնում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», որը Հայաստանի տարածքով կապելու է Ադրբեջանը նրա էքսկլավ Նախիջևանի հետ։

Հայաստանը հրաժարվում է օգտագործել «Զանգեզուրի միջանցք» եզրույթը՝ պնդելով, որ այն անընդունելի հետևանքներ ունի Սյունիք անունով հայտնի ինքնիշխան հայկական տարածքի համար։

Ադրբեջանը պնդում է, որ միջանցքը չպետք է հանձնվի Հայաստանի լիակատար վերահսկողությանը։ Հայաստանը նույնպես կտրականապես դեմ է երթուղու վերահսկողությունը որևէ երրորդ կողմի փոխանցելուն։

32 կմ երկարությամբ միջանցքը լուրջ խոչընդոտ է դարձել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության հասնելու համար։

«Նրանք վիճում են 32 կիլոմետր ճանապարհի շուրջ, բայց դա մանրուք չէ», -նշել է Բարաքը։ Ըստ նրա՝ դա վաղուց է տեղի ունենում։

«Եվ ահա Ամերիկան միջամտում է և ասում. «Լավ, մենք այն մեզ համար կվերցնենք։ Տվեք մեզ ճանապարհ 32 կիլոմետրը որպես վարձակալություն՝ հարյուր տարով, և բոլորդ կկարողանաք օգտագործել այն», – նշել է դեսպանը։

Բարաքի մեկնաբանություններն առաջին պաշտոնական հաստատումն էին, որ Թրամփի վարչակազմն առաջարկել է միջանցքը կառավարել մասնավոր ամերիկյան առևտրային օպերատորի միջոցով, որը հանդես կգա իբրև չեզոք երաշխավոր։

Քարնեգի հիմնադրամի վերջերս հրապարակված զեկույցում ասվում է, որ ծրագիրը հիմնված է Եվրամիության ավելի վաղ արված առաջարկի վրա, ըստ որի՝ ամերիկյան լոգիստիկ ընկերություն կպատասխանատու լինի երթուղով բեռների տարանցման կառավարման և մոնիթորինգի համար, որը թափանցիկ կերպով կփոխանակվի տվյալներով բոլոր կողմերի հետ։

Հաշվետվության մեջ նշվում է, որ առաջարկը հիմնված է Վրաստանի անջատողական շրջաններում միջազգային վերահսկողության նախադեպերի վրա և նպատակ ունի բավարարել Բաքվի պահանջները՝ հուսալի երկարաժամկետ անվտանգության երաշխիքներ ստանալու համար՝ միաժամանակ պահպանելով միջանցքի նկատմամբ Երևանի ինքնիշխանությունը։

Բանակցություններին ծանոթ տարածաշրջանային աղբյուրը Middle East Eye-ին հայտնել է, որ հենց Թուրքիան է սկզբնապես առաջարկել միջանցքը մասնավոր ընկերության կողմից կառավարելու գաղափարը, որին հավանություն են տվել և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը։

«Այնուամենայնիվ, հայկական կողմը պահանջել է, որ այդ ընկերությունը գործի նաև միջանցքի Նախիջևանի կողմում, ինչն անընդունելի էր Բաքվի համար», – ասել է աղբյուրը։

Թուրքական իշխանությունները Հայաստանը դիտարկում են որպես այսպես կոչված «Միջին միջանցքի» հիմնական օղակ, որը Թուրքիան ուղղակիորեն կկապի Կենտրոնական Ասիայի հետ։ Թուրքական ընկերությունները նույնպես հետաքրքրված են մասնակցել Հայաստանում հնարավոր ենթակառուցվածքային նախագծերին։

Բաքվի առարկություններին չնայած, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անցյալ ամիս ընդունեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Դա հայ ղեկավարի առաջին պաշտոնական այցն էր Թուրքիա։