Կոնսենսուս Սյունիքի հարցում. Հայաստանը ոչինչ չի ստանա

  • 23:17 14.07.2025

Մեղրիի ճանապարհի հարցը դառնում է համաշխարհային քաղաքականության գլխավոր թեմա, ինչպես դա եղավ 100 տարի առաջ։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո աշխարհի ուժային կենտրոնները որոշեցին, որ թյուրքական և ռուսական աշխարհների միավորումը չպետք է թույլատրվի, և Իրանին սահմանակից Հայաստանը խցկեցին իրենց միջև։ Ավելի քան 100 տարի անց «Զանգեզուրի» միջանցքը կարող է դառնալ Անկարայի և Բաքվի կողմից Իսրայելին ցուցաբերվող աջակցության բոնուսը։ «Զանգեզուրի խցանի վերացման» վերաբերյալ կոնսենսուսը, կարծես թե, ձեռք է բերվել։

Վերջերս Աբու Դաբիում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպումից և Մեղրիի ճանապարհի աութսորսինգի թույլատրելիության վերաբերյալ Հայաստանի արտաքին գործերի փոխնախարարի հայտարարություններից հետո տեղեկատվական և քաղաքական դաշտում իսկական փոթորիկ սկսվեց՝ Սյունիքի մոտալուտ կորստի կանխատեսումներով։ Այս տրամադրությունները սնուցվեցին փորձագիտական ​​գնահատականներով առ այն, որ Միացյալ Նահանգները իր ծառայություններն է առաջարկել որպես Ադրբեջանից մինչև Նախիջևան միջանցքի «կառավարիչներ»։

Հայկական քաղաքական դաշտը հաշտվել է այն փաստի հետ, որ պաշտոնական Երևանը կզիջի ինքնիշխանությունը Հայաստանի հարավում, և Հայաստանում այդպես էլ դիմադրության կետեր չեն առաջացել իշխանությունների կողմից Մեղրիի ճանապարհը օտարերկրացիներին հանձնելու մտադրության դեմ: Դիմադրության բացակայությունը համաձայնության նշան է, և Փաշինյանը, հասարակական կարծիքի «զոնդաժից» հետո, հանգիստ գնաց Բրյուսել և Փարիզ՝ քննարկելու մեծ կոնսենսուսի վերջնական մանրամասները: Ու հուլիսի 16-ին նշանակեց մեծ մամուլի ասուլիս Երևանում, որտեղ, ըստ երևույթին, կհայտարարվի հայ-իրանական սահմանի վերաբերյալ համաշխարհային կոնսենսուսի մասին:

Այսօր տեղեկատվություն հայտնվեց, որ «Միացյալ Նահանգները առաջարկել է ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի միջև նախատեսված տրանսպորտային միջանցքի կառավարումը»: Այս մասին ուրբաթ լրագրողներին ասել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը, հաղորդում է Middle East Eye-ը:

«Եվ այդ պահին Ամերիկան միջամտում է և ասում. «Լավ, մենք դա կվերցնենք մեր վրա: Տվեք մեզ 32 կիլոմետր ճանապարհ հարյուր տարով, և դուք բոլորդ կարող եք օգտագործել այն», – նշել է դեսպանը:

«Հայկական կողմը պահանջել է, որ կառավարող ընկերությունը աշխատի նաև միջանցքի Նախիջևանի կողմում, ինչը անընդունելի էր Բաքվի համար», – ասել է թերթի աղբյուրը։ Այսինքն՝ Հայաստանը ոչինչ չի ստանա։

Հայաստանը տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցը քննարկում է բացառապես ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավասության համատեքստում։ Հայաստանը չի քննարկել և չի քննարկում իր ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողության փոխանցումը որևէ երրորդ կողմի։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ Ինչ վերաբերում է «վարձակալությանը», Բաղդասարյանը նման բառերը անվանել է անընդունելի։

Սակայն Բաղդասարյանի հայտարարություններում կա «մանրուքների մեջ թաքնված սատանա». մինչ այժմ Փաշինյանի կառավարությունն ասում էր, որ պետք է գործի խաչմերուկրի և բոլոր հաղորդակցությունների բացման տրամաբանությունը, բայց հիմա խոսքը միայն մեկ ճանապարհի բացման մասին է։ Վիճարկվում է միայն այդ ճանապարհի իրավասության հարցը։

Արա Պապյանը Step1.am-ի հետ հարցազրույցում հարցնում էր, թե արդյոք նույն աութսորսինգային ընկերությունը կվերահսկի՞ հայերի կողմից օգտագործվող ադրբեջանական ճանապարհները, թե՞ մյուս ճանապարհները չեն բացվի։ Ըստ երևույթին, դրանք չեն բացվի, ինչը նշանակում է, որ «խաչմերուկ» չի լինի։

Օկուպացված Ստեփանակերտում գագաթնաժողովին մասնակցելուց հետո Իրանը, որը նախկինում Հայաստանի հետ սահմանը անվանում էր «կարմիր գիծ», տարօրինակ լռություն է պահպանում։ Ռուսաստանը, որը, ըստ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության, պետք է վերահսկի «միջանցքը», նույնպես չի առարկում։ Կա զգացողություն, որ Հայաստանի հարավի վերաբերյալ ձեռք է բերվել մեծ կոնսենսուս, ինչպես 2023 թվականի սեպտեմբերի 17-ին Կոստանդնուպոլսում կայացած ԵՄ-ԱՄՆ-ՌԴ գաղտնի հանդիպմանը, որտեղ որոշում էր կայացվել օկուպացնել և հայաթափել Արցախը։

Նաիրա Հայրումյան