Հուլիսի 14-ին Վաշինգտոնում տեղի ունեցավ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյութեի հանդիպումը։ Եզրափակիչ մամուլի ասուլիսում մի շարք հայտարարություններ արվեցին ռուս-ուկրաինական պատերազմի մասին, որոնց տոնայնությունը արտացոլում է այն քաղաքական իրավիճակը, որում ներկայումս կայացվում են միջազգային որոշումներ։
Հայտարարություններում միջազգային իրավունքին հղումների բացակայությունը և բացառապես ուժի և գործարքների միջոցով որոշումները վկայում են, որ դարեր շարունակ գոյություն ունեցող քաղաքական բաց շուկան, որը վերջին 100 տարիների ընթացքում ծածկված է եղել լիբերալ-դեմոկրատական թզենու տերևով, կրկին բացվել է իր ողջ մերկությամբ։ Հարցն այն է, թե ով է վաճառողը, ով է ապրանքը և ով է սահմանում «կարմիր գինը»։
Ահա Թրամփի մի քանի մեջբերումներ.
«Մենք այսօր գործարք կնքեցինք ՆԱՏՕ-ի հետ, որ մենք նրանց զենք կտանք, և նրանք կվճարեն դրա համար։ ՆԱՏՕ-ն կկարողանա Միացյալ Նահանգներից միլիարդավոր դոլարների ռազմական օգնություն գնել, որն ամբողջությամբ արագ կհասցվի մարտադաշտ։ Մենք ուզում ենք համոզվել, որ Ուկրաինան կանի այն, ինչ պետք է անի։ Բայց գուցե Ուկրաինան այնքան ոգեշնչվի, որ դադարի գործարք ցանկանալ»։
«Եթե Ռուսաստանը չհամաձայնի գործարքի, ապա 50 օր անց ԱՄՆ-ն նրա առևտրային գործընկերների համար կսահմանի 100% երկրորդական մաքսատուրքեր»։
«Եվրոպայում շատ բարձր տրամադրություն կա շարունակելու [Ուկրաինային աջակցելը – խմբ.]: Երբ ես առաջին անգամ ներգրավվեցի այս գործում, չէի կարծում, որ տրամադրությունը այսպիսին կլինի: Բայց այդպես է: Եվ ես անցյալ ամիս նրանց ասացի. ձեր տրամադրությունը զարմանալի է: Նրանք իսկապես կարծում են, որ սա շատ, շատ կարևոր բան է: Տեսեք, հիմա նրանք վճարում են ամեն ինչի համար: Եվ մենք այլևս չենք վճարում: Ես խոսել եմ Գերմանիայի և այլ երկրների հետ, և նրանք պատրաստ են շատ հեռու գնալ: Նրանք չեն ուզում, որ սա շարունակվի: Այնպես որ, կարծում եմ, որ Պուտինը պետք է… Նրա տնտեսությունը շատ վատ վիճակում է: Նա պետք է փրկի իր տնտեսությունը, փրկի երկիրը: Եվ, գիտեք, նա ունի հիանալի երկիր, որով կարող է առևտուր անել, եթե այդ ակտիվները ծախսի ինչ-որ այլ բանի վրա՝ պատերազմի փոխարեն»:
«Մենք շատ զրույցներ ենք ունեցել Պուտինի հետ։ Ես անջատում եմ հեռախոսը և ասում. «Դա լավ զրույց էր», իսկ հետո հրթիռներ են թռչում Կիևի և այլ քաղաքների ուղղությամբ։ Եվ ես ասում եմ. «Դա տարօրինակ է»։ Եվ երբ դա տեղի է ունենում երեք կամ չորս անգամ, դու հասկանում ես, որ այդ զրույցները ոչինչ չեն նշանակում։ Ես տուն եմ գնում և ասում եմ առաջին տիկնոջը (Մելանիա Թրամփին – խմբ.). «Գիտե՞ս, ես այսօր խոսեցի Վլադիմիրի հետ, մենք հիանալի զրույց ունեցանք»։ Նա ասում է. «Օ՜, իրո՞ք։ Նրանք կրկին հարվածեցին մեկ այլ քաղաքին»։ Այնպես որ, չեմ ուզում ասել, որ նա մարդասպան է, բայց նա կոշտ տղա է։ Այդպես է եղել երկար ժամանակ։ Նա շատ մարդկանց խաբել է, նա խաբել է Քլինթոնին, Բուշին, Օբամային, Բայդենին, բայց նա ինձ չի խաբի։ Գիտեք, որոշ պահի զրույցը բավական չէ, պետք է գործողություններ լինեն։ Չորս անգամ նա ասաց. «Այո, մենք կարող ենք գործարք կնքել, այն լավ տեսք ունի»։ Եվ հետո ռումբերը սկսում են կրկին թռչել։ Մենք մտածեցինք, և ես մտածեցի, որ մենք պետք է գործարքի գայինք վաղուց։ Բայց դա ձգձգվեց ու շարունակվեց։ Ամեն գիշեր մարդիկ են մահանում։ Շատ մարդիկ։ Ի դեպ, շատ ռուս զինվորներ են մահանում։ Նաև շատ ուկրաինացի զինվորներ»։
Թրամփը երեկ հայտարարեց նաև, որ ԱՄՆ-ը հասել է մեկ այլ «լուծման»՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Գործարքի մանրամասները չեն բացահայտվում, բայց Թուրքիայում ԱՄՆ դեսպանի խոսքով՝ ԱՄՆ-ն որոշել է 100 տարով «վարձակալել» Մեղրիի ճանապարհը, այսինքն՝ հայ-իրանական սահմանը։ Եվ չնայած Փաշինյանի մամուլի քարտուղարը չի համաձայնել «վարձակալել» բառի հետ, Թրամփի և Ռյութեի շուկայական բառապաշարը ենթադրում է, որ Սյունիքի հարցում նույնպես կառաջարկվի մի տարբերակ, որը որևէ կապ չունի միջազգային իրավունքի հետ և հիմնված է գործարքի վրա։