Մեղրիի ճանապարհը բացելու և հայ-իրանական սահմանը 100 տարով “վարձակալությամբ” ԱՄՆ-ին հանձնելու մասին խոսակցությունների համատեքստում ընդգծվում է հիմնական շահառուների ցանկը: Եթե այս ճանապարհի բացումը օգտակար չէ Հայաստանի համար, ապա ի՞նչը կարող է նրան ստիպել զիջել: Եւս մեկ հարց. ինչո՞ւ ԱՄՆ-ն պարզապես ճնշում չի գործադրում Բաքվի վրա և չի ասում, որ կամ ճանապարհը պետք է լինի Հայաստանի ինքնիշխանության ներքո, կամ այն չի բացվի։
«Գործարքի» տրամաբանության մեջ, որի “ուստան” Թրամփն է, ակնհայտ է, որ ճանապարհը, և դրա հետ մեկտեղ՝ ամբողջ Սյունիքը, «տրվում է» Բաքվին և Անկարային՝ որպես երախտագիտության նշան Իսրայելա-Իրանական պատերազմի ժամանակ ճիշտ դիրքավորման համար։
Իսրայելցիները ոչ միայն օգնեցին Ադրբեջանին 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած դաժան պատերազմում, այլև Բաքուն փոխադարձաբար թույլ տվեց իսրայելցիներին ուղղորդել իրենց անօդաչու թռչող սարքերի բազմաթիվ հարձակումներ իրանական հրթիռների և հակաօդային պաշտպանության համակարգերի դեմ՝ Իսրայելի և Իրանի միջև 12-օրյա պատերազմի սկզբում: Այս մասին հաղորդում է The National Interest-ը։
«Եթե Ադրբեջանը կարողանա լիովին տիրանալ Հայաստանի միջանցքին, ապա կկարողանա կառուցել խողովակաշար, որը կկապի իր գազային հանքավայրերը թուրք սպառողների հետ։ Հենց այս համատեքստում տեղի ունեցան Աբու Դաբիում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները։ Այս բանակցությունները երկարատև կրոնական վեճը լուծելու փորձ չէին, այլ Եվրասիայի խորքում և ավանդաբար Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի իրավասության տակ գտնվող տարածքների նկատմամբ գերիշխանության համար մեծ աշխարհաքաղաքական խաղ», – նշում է The National Interest-ը։
Ադրբեջանի, Իսրայելի և Թուրքիայի միջև եռակի դաշինքի ամրապնդումը փոխում է ուժերի հավասարակշռությունը Արևմտյան Ասիայում և Հարավային Կովկասում։ Ահա թե ինչ է գրում է The Cradle Türkiye-ն։
«Այս առանցքը, որը ձևավորվում է տասնամյակներ շարունակ, բայց հիմնականում գործում է կուլիսներում, դարձել է հզոր աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական լոկոմոտիվ, հատկապես Սիրիայի պատերազմներում, Գազայի հատվածում շարունակվող ցեղասպանության և ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ սադրանքների աճին զուգընթաց։
Իսրայելցիների համար Ադրբեջանը Իրանի հյուսիսային սահմանին գտնվող ռազմավարական առաջխաղացման բազա է: 1990-ականներից գործող «Մոսսադի» էլեկտրոնային հետախուզական կայանները Իրանին հետևում են Ադրբեջանի տարածքից։
Չնայած պաշտոնապես հաստատված չէ, կան հաղորդագրություններ, որ Ադրբեջանը նպաստել է ԱՄՆ-ի և Իսրայելի վերջին հարձակումներին Իրանի վրա, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի և ավիաբազաների միջոցով։
Բաքվի և Անկարայի միջև կապերը զարգանում են նաև վիճելի այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի շուրջ: Երևանը դիմադրել է դրան՝ այն համարելով իր ինքնիշխանության խախտում: Սակայն վերջերս արտահոսած տեղեկությունները ենթադրում են, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախնական համաձայնության է հասել 2025 թվականի հունիսին Թուրքիա կատարած իր չհայտարարված այցի ժամանակ:
Բաքվի անզուսպ նկրտումներով սնվող Ադրբեջան-Իսրայել-Թուրքիա առանցքը բազմակողմանի մարտահրավեր է ներկայացնում Իրանի տարածաշրջանային ազդեցությանը։ Սակայն, Թեհրանը, կարծես, դեռևս չի մշակել դրան հակազդելու համար համապարփակ ռազմավարություն։ Իրանցիները շարունակում են դրականորեն վերաբերվել Ադրբեջանին, ինչի մասին վկայում է Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանի անցյալ շաբաթ Բաքու կատարած ջերմ այցը։ Հաշվի առնելով հրապարակային ենթադրությունները, որ Ադրբեջանը օգնում է Իսրայելին Իրանի վրա հարձակումներում, Թեհրանի «եղբայրական» մոտեցումը Բաքվում կարող է մեկնաբանվել որպես թուլություն և միամտություն», – գրում է թերթը։
Վերջերս օկուպացված Ստեփանակերտում կայացած իսլամական գագաթնաժողովից հետո մենք գրել էինք, որ Բաքուն և Անկարան կարող էին Իրանի նախագահին որոշակի բոնուսներ առաջարկել հայ-իրանական սահմանից հրաժարվելու դիմաց։ Պաշտոնական Թեհրանի լռությունը Զանգեզուրի միջանցքը «վարձակալելու» ամերիկյան նախաձեռնության վերաբերյալ ցույց է տալիս, որ Թեհրանը դարձել է գործարքի մաս։
Իրանցի քաղաքագետները և Հայաստանում Իրանի դեսպանը դեռևս խոսում են «կարմիր գծերի» մասին, սակայն դա պաշտոնապես չի հաստատվում։
«Ադրբեջանի Հանրապետությունը երազում է դառնալ «Կովկասի Կատար»՝ փոքր, հարուստ երկիր՝ ակտիվ արտաքին քաղաքականությամբ։ Հաջողության դեպքում այն կարող է մի քանի նոր նավթային և ռազմական պայմանագրեր կնքել։ Բայց անհաջողության դեպքում այն ստիպված կլինի վճարել այս արկածախնդրության համար Ղարաբաղում, Նախիջևանում և նույնիսկ իր սեփական տարածքում», – այս մասին գրել է իրանցի քաղաքագետ Հասան Հիջազին։