Արցախցիները շատ են բարձրաձայնում հատկապես փոքր կազմով ընտանիքների հարցը

  • 21:26 15.07.2025

«Խոսքս վերաբերում է դեռ վարձով մնացող արցախցիներին, մունք վեչ 10 հազարներով, վեչ էլ 30 հազարներով չենք կարողանալու համ տան վարձ տանք, համ կոմունալ, համ էլ գոյատեւինք, քանի ուշ չի, եկեք հանրահավաք կազմակերպինք, հետո դժվար է լինելու մեզ հետե»,- սոցիալական ցանցում կոչ է արել արցախցիներից մեկը։

Կառավարության երեկվա հայտնած տեղեկությունից հետո արցախցիների մոտ անորոշությունը խորացել է։ Մարդիկ ահազանգում են, որ չեն կարող վճարել իրենց բնակարանների վարձը։ Կառավարությունում երեկ տեղի ունեցած հանդիպումից հետո Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամները հայտարարեցին, որ կառավարությունը հրաժարվում է երկրակացնել 40 հազարական դրամ աջակցության ծրագիրը։ Այնինչ, արցախցիներն այդ գումարի կարիքն ունեն։ Մինչեւ դեկտեմբեր աջակցությունը կտրամադրվի միայն խոցելի խմբերին։ Թեեւ արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտարարեց, որ այս փուլում դադարեցնում է փողոցային պայքարը, բայց արցախցիներից ոմանց կոչ են անում ցույցերի դուրս գալ։

«40 հազարը պիտի շարունակվի, մինչեւ մարդիկ տներով ապահոված լինեն, եւ մենք պետք է ամեն ինչ անենք դրա համար»,- սոցիալական ցանցում գրել է արցախցիներից մեկը։

«Իմ կարծիքավ չեն երկարացնի, որովհետեւ ցույցի համարյա մարդել չի տուսյեկալ, հունցը տեսնում մին հայուր հոգիյնք իլալ կարիքավոր, դե մեզել արհամարլն»,- գրել է մեկ այլ արցախցի։

«Մենք ենք մեղավոր, տանը նստած ոչ մեկը մեզ չի հավատա մեր վատ վիճակի մասին»,- գրել է օգտատերերից մեկը։

«Մի տան մեջ երկու թոշակառու, մեկի սիրտը վիրահատված, թոշակը միայն դեղերին է հերիքում, մյուսն էլ երկրորդ կարգի հաշմանդամ, դե եկ, հարց լուծի»։

«Բա որ համ զոհվածի ընտանիք ենք, համ էլ 3 հոգանոց, ի՞նչ պիտի անենք, ու ստանում եմ 85 000 դրամ աշխատավարձ»,- գրում են արցախցիները։

Մարդիկ շատ են բարձրաձայնում փոքր կազմով ընտանիքների հարցը՝ նշելով, որ չեն կարող բնակապահովման ծրագրով այնքան գումար ստանալ, որպեսզի բնակարան գնեն։ Առաջարկներ կան, որ գուցե կառավարությունն անտոկոս վարկե՞ր կտրամադրի այս ընտանիքներին, որպեսզի մարդիկ կարողանան նորմալ բնակարան գնել։ Արցախցիներից մեկն ահազանգել է, որ, օրինակ, Գեղարքունիքի մարզում, որը հեռավոր մարզ է համարվում, կառավարության որոշումից հետո տների գները կտրուկ թանկացել են․ նախկին 10 հազար դոլարի փոխարեն նախ տների գները դարձել են 40 հազար դոլար, իսկ վերջին օրերին՝ անգամ 60 հազար դոլար։

Նշենք, որ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն ասել էր, որ երեկ կառավարությունում քննարկվել է նաեւ փոքր կազմով ընտանիքների հարցը։ Ըստ նրա՝ կառավարությունում քննարկում են այս ընտանիքներին երկարաժամկետ բնակվարձի գումար վճարելու տարբերակը, բայց այդ հարցով էլ դեռ կառավարությունում կոնսենսուս չկա։

Ռոզա Հովհաննիսյան