Մեղրիի ճանապարհ. ուժային զավթո՞ւմ է գեներացվում

  • 11:17 16.07.2025

Հայկական լրատվամիջոցները, հղում անելով սեփական աղբյուրներին, հաղորդում են, որ Փաշինյանը իր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավարության հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Մեղրիի ճանապարհը որևէ կերպ չի բացվի Հայաստանի իրավասությունից դուրս: Ըստ լրատվամիջոցների՝ եղել են առարկություններ. իսկ կարո՞ղ է կատեգորիկ մերժումը Ադրբեջանին «օրինական հիմք» տա ուժով զավթելու ճանապարհը: «ՔՊ-ում այս հարցին հստակ պատասխան չկա: Կառավարության ներսում կան մտահոգություններ, որ հստակ ռազմավարության բացակայության դեպքում իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից, և Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիր կարող է չստորագրվել», – գրում են լրատվամիջոցները:

Նիկոլ Փաշինյանն այսօր մամուլի ասուլիս է հրավիրել, և կասկած չկա, որ այս թեզը կհնչի որպես պատերազմի սպառնալիքի պատճառով Հայաստանի հարավում ինքնիշխանությունից «հարկադրաբար» հրաժարվելը արդարացնելու փորձ: Այս սպառնալիքը, որն անկասկած իրական է, արդեն «ստիպել» է Հայաստանի կառավարությանը հրաժարվել ուժի օրինական կիրառումից՝ երկրի ինքնիշխանությունը տարբեր տարածքներում, այդ թվում՝ Արցախում և Ջերմուկում պաշտպանելու համար: Անցյալ տարի այս ժամանակ նույն փաստարկն օգտագործվեց Տավուշի տարածքները միակողմանիորեն հանձնելու համար, ինչն այն ժամանակ անվանվեց «հաջող սահմանազատում»։

«Պետք է հանձնվենք՝ պատերազմից խուսափելու համար» թեզի թարմացումը ենթադրում է, որ Սյունիքում ևս  անխուսափելի է միակողմանի կապիտուլյացիայի ակտ։

Պոլիս այցից առաջ Փաշինյանի կառավարությունը հայտարարում էր, որ միջանցքի տրամաբանություն չկա, կա խաչմերուկի տրամաբանություն, այսինքն՝ բոլոր ճանապարհների բացում, այդ թվում՝ Հայաստանի համար։ Մասնագետները նույնիսկ կարծում էին, որ համաձայնագրիմաս կարող է լինել Հայաստանից դեպի Իրան Նախիջևանի միջով ճանապարհ բացումը։ Սա, ինչպես նշվում էր, կարող է լինել Իրանի «լուռ համաձայնության» պատճառը Մեղրիի միջանցքի հավանական բացմանը։ Կա կարծիք, որ սա այն բոնուսն է, որը Ալիևն ու Էրդողանը առաջարկել են Պեզեշքիանին օկուպացված Ստեփանակերտում. Իրանը հնարավորություն է ստանում ազատորեն տեղափոխել ապրանքներ Նախիջևանի միջով դեպի Երասխ և հետ Իրան, գուցե նույնիսկ երկաթուղով՝ Մեղրիի երկայնքով հայ-իրանական սահմանը վերացնելու «թույլտվության» դիմաց։ Բայց միայն Իրանն է ստանում նման հնարավորություն, ոչ թե Հայաստանը։

Դժվար է նույնիսկ ենթադրել, որ Հայաստանը կկարողանա օգտվել Նախիջևանով դեպի Իրան տանող նույն ճանապարհից, քանի որ խոսվում է միայն մեկ ճանապարհի բացման մասին՝ Ադրբեջանից դեպի Նախիջևան, որը ԱՄՆ-ն պատրաստ է վարձակալել 100 տարով։ Խոսք չկա որևէ «Նախիջևանի տարանցման» մասին։

Ապա ինչպե՞ս է Հայաստանը ապրանքներ տեղափոխելու Իրան և Հնդկաստան՝ կառուցվող նոր Հյուսիս-Հարավ մայրուղով, որտեղ այժմ ընթանում են խոշոր շինարարական աշխատանքներ, այդ թվում՝ թունելների փորում: Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի Բրյուսել կատարած այցի ժամանակ ԵՄ-ն հանկարծ հիշեց 2021 թվականին Հայաստանին խոստացված 2,5 միլիարդ եվրոյի մասին: Հիշենք, որ այս միջոցների առյուծի բաժինը նախատեսված էր հատկապես Սյունիքի և Հայաստանի հարավում ճանապարհների կառուցման համար: Այսինքն, Եվրոպան որոշեց այդ միջոցները փոխանցել Հայաստանին, որպեսզի այն կարողանա ավարտել ճանապարհը, որը դեռ հայտնի չէ՝ կկարողանա՞ օգտագործել, թե՞ ոչ՞ բայց առնվազն կլինի «մխիթարություն»:

Եթե Միացյալ Նահանգները կամ ինչ-որ մեկը վարձակալի հայ-իրանական սահմանի 32 կամ 46 կմ-ը, կամ եթե այս տարածքը բռնագրավվի ուժով, ապա Հայաստանի քաղաքացիները ստիպված կլինեն անցնել անձնագրային և մաքսային ստուգում՝ Իրան մեկնելու համար, անկախ նրանից, թե ով է լինելու վերահսկողը: Ռուսաստանը, ըստ երևույթին, չի պնդում 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը, որի համաձայն՝ Մեղրիի ճանապարհի վրա վերահսկողություն պետք է իրականացնի Ռուսաստանի ԱԴԾ-ն: Սակայն Ռուսաստանն արդեն սկսել է խոչընդոտներ ստեղծել վրացական ճանապարհով հայկական արտադրանքի ներմուծման համար, ուստի դեպի Ռուսաստան արտահանումը նույնպես կարող է հարցականի տակ լինել։

Այս բազմաթիվ անհայտներով հավասարումը դժվար թե լուծվի պոզիտիվ «բիզնես նախագծերով» կամ պատերազմի սպառնալիքով։ Այն լուծելու համար անհրաժեշտ է վերանայել տարածաշրջանի երկրների իրավասությունը սահմանող հիմնարար փաստաթղթերը։ Խոսքը նոյեմբերի 9-ի հայտարարության մասին է, որտեղ առաջին անգամ հիշատակվեց «Ադրբեջանի և Նախիջևանի միջև անարգել հաղորդակցության» մասին, ինչպես նաև ռուս-թուրքական Կարսի պայմանագրի մասին, որը սահմանում է Նախիջևանի կարգավիճակը։

Հայաստանը բարձրաձայն լռում է այս հիմնարար փաստաթղթերի մասին՝ մասնակցելով այդ փաստաթղթերից բխող հակահայ իրականության կառուցմանը, միաժամանակ չվիճարկելով կամ չճանաչելով այդ փաստաթղթերի գոյությունը։