«Ինչ վերաբերում է արտապատվիրակմանը, հենց այսօր Հայաստանում արտապատվիրակման հայտնի դեպքեր կան, օրինակ, «Զվարթնոց» օդանավակայանի կառավարումն արտապատվիրակված է։ Եվ ես չեմ կարծում, որ որեւէ ձեւով այդտեղ Հայաստանի ինքնիշխանությունը, իրավազորությունը կամ տարածքային ամբողջականությունը խախտված է։ Ջրային համակարգի կառավարումն արտապատվիրակված է, Հայաստանի երկաթուղիների կառավարումն արտապատվիրակված է»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Սյունիքի ճանապարհի արտապատվիրակման հնարավորության մասին հարցին։
Նա մանրամասնեց, թե ինչ քննարկումներ են ընթանում Սյունիքի շուրջ։ «Օրինակ՝ քննարկվում է որեւէ ընկերության ստեղծում, որը կներգրավի ներդրումներ, որովհետեւ կարող եք պատկերացնել, չէ՞, թե «խաղաղության խաչմերուկ» նախագիծն ինչ ահռելի ներդրումային պոտենցիալ ունի։ Դա մի տնտեսություն է, որը պետք է կառավարվի, նախ ստեղծվի, հետո կառավարվի։ Մեր տրամաբանությամբ՝ դա պետք է եւ կարող է լինել ՀՀ սեփականությունը։ Խոսքն այստեղ ահա այդ տնտեսությունը կառավարելու եւ դրա շրջանակներում որոշակի գործառույթներ իրականացնելու մասին է»։
Անդրադանռնալով ԱՄՆ առաջարկին՝ Սյունիքի ճանապարհը 100 տարով վարձակալելու մասին, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ներառյալ՝ քննարկվում է հողի վարձակալության թեման։
«Ես ուզում եմ ասել, որ այն, ինչ հիմա ես նկարագրեցի, մեր օրենսդրությամբ կոչվում է կառուցապատման իրավունք։ Եվ այդ կառուցապատման իրավունքով տրված ներդրումները նաեւ որոշակի պայմաններում այդ պայմանագրի լրանալուց հետո շարունակում են մնալ ՀՀ սեփականությունը։ Քննարկվել են եւ քննարկվում են ամենատարբեր գաղափարներ, եթե լիներ մի պայմանավորվածություն, որն արդեն ձեռք բերված լիներ, ես դրա մասին կասեի։ Ես ընդհանուր ներկայացրեցի քննարկումների շառավիղը»։