Հերքում եմ, որ Ղարաբաղի ժողովուրդը տնից զրկվելու վտանգի առաջ են․ Փաշինյան

  • 18:11 16.07.2025

«Ես Ազգային ժողովի ամբիոնից ասացի, որ Հայաստանի Հանրապետությունում Ղարաբաղյան շարժումը չի շարունակվելու։ Որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ՝ դա իմ պաշտոնական դիրքորոշումն է։ Ես նաեւ ասել եմ՝ եթե քաղաքացիները համաձայն չեն, ես կոչ եմ անում, որ իրենք հեղափոխություն անեն։ Մինչեւ հիմա այդ հեղափոխությունը տեղի չի ունցել, նշանակում է՝ քաղաքացիներն առնվազն չեն առարկում դրա դեմ»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանին հարց ուղղվեց նաեւ արցախցիների սոցիալական խնդիրների սրման մասին։ Հիշեցնենք, որ աջակցության գումարներից, որոնք արցախցիների բնակարանային վարձերն են, զրկվել են մեծ թվով արցախցիներ։ Աջակցությունն այսուհետ հատկացվում է միայն խոցելի խմբերին։

«Դուք ասում եք, որ Ղարաբաղի ժողովուրդը հերթական անգամ տնից զրկվելու վտանգի առաջ է կանգնած։ Բացարձակապես հերքում եմ, չկա այդպիսի բան։ Մեր բոլոր քույրերի ու եղբայրների համար կառավարության վերջին որոշմամբ ծրագիրը բացված է, եւ մարդիկ կարող են ծրագրից օգտվել»,- պատասխանեց Նիկոլ Փաշինյանը՝ նկատին ունենալով կառավարության բնակապահովման ծրագիրը։

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ են հիմա էլ փորձում արցախցիներից խլել Արցախի ներկայացուցչության շենքը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Այդ գույքը պետք է պատկանի Հայաստանի Հանրապետությանը։ Առավել եւս, ես չեմ էլ ուզում սեթեւեթեմ, ես ուղիղ ասել եմ, որ չեմ կարող թույլ տալ, որ Հայաստանի Հանրապետության մեջ երկրորդ պետություն լինի։ Ժամանակին ասել եմ եւ հույս եմ ունեցել, որ կընկալվի այս ուղերձը։ Մեկ, երկու, երեք, չորս, պետությունը պետք է միջոցներ ձեռնարկի։ »