Մենք չորս ընկեր էինք՝ երկուսը զոհվեցին 44-օրյա պատերազմում, և մենք չգիտեինք, թե ինչ էր սպասվում

  • 22:15 16.07.2025

Շատ հաճախ, հատկապես երևանյան 40 աստիճան շոգին, հիշում եմ Ստեփանակերտի մեր ընդարձակ պատշգամբը, որից բացվում էր Բովուրխանի ցնցող տեսարանը։

Մեր տունը գտնվում է Իսահակյան փողոցում, Նոր Արմենավան թաղամասում, Շուշիի ստորոտում, այնպես որ նույնիսկ ամենատաք եղանակին զգացվում էր Շուշիի զովությունը։ Ամռանը ընտանիքեվ նստում էինք պատշգամբում մինչև ուշ գիշեր՝ խոսելով տարբեր թեմաների մասին՝ քաղաքականությունից մինչև առօրյա խնդիրներ։

Դա իսկապես անհոգ ժամանակ էր, երբ կարելի էր ապագայի համար ծրագրեր կազմել՝ առանց մտածելու անվտանգության գործոնի մասին։ Վաղ առավոտից պապիկս սկսում էր աշխատել այգում՝ աճեցնելով բազմազան բանջարեղեն։ Ես կհիշեմ մեր այգու թարմ բանջարեղենի զարմանալի բույրը ողջ կյանքում։

Թթենու սեզոնին մենք առավոտից ուտում էինք աներևակայելի համեղ սև թութը, որը պապիկս հավաքում էր մեկ-մեկ։ Տան առջև աճում էր մուսկատ խաղող, որից պապիկիս հետ գինի էինք պատրաստում։ Կար նաև մի մեծ խուրմայի ծառ, որը առատ բերք էր տալիս, և հարևանների երեխաները ցանկապատի վրայով քաղում էին դեռ չհասած պտուղները, որոնք ուտելը այդքան էլ հեշտ չէր։

Տատիկս ու պապիկս բարկանում էին նրանց վրա, բայց երբ խուրման հասնում էր, հյուրասիրում էին բոլոր հարևաններին և հարազատներին։

Տեխնիկական առաջընթացին չնայած, Իսահակյան փողոցում, ինչպես հին ժամանակներում, միշտ ակտիվ օֆլայն մթնոլորտ էր տիրում. երեխաները խաղում էին մինչև ուշ, իսկ մեծահասակները նստում-զրուցում։

Մեզանից ոչ հեռու կար մի փոքրիկ մատուռ, որը ես և ընկերներս հաճախ էինք այցելում։ Մենք չորս ընկեր էինք՝ երկուսը զոհվեցին 44-օրյա պատերազմի ժամանակ։

Ամեն ամառ մեզ այցելության էին գալիս Ռուսաստանի հարազատները, որոնց հետ հասցրել էինք այցելել Արցախի բոլոր տեսարժան վայրերը։

Հաճախ եմ հիշում մեր գիշերային զբոսանքները Ստեփանակերտում։ Վերածննդի հրապարակը, որը միշտ լի էր ուրախ, անհոգ բնակիչներով և զբոսաշրջիկներով։ Գեղեցիկ գունավոր շատրվաններ Պյատաչոկում։ Այս այգին Ստեփանակերտի բնակիչների և հյուրերի ամենասիրելի վայրն էր։

Իմ ամենավառ հիշողություններից մեկը Դադիվանք կատարած հերթական ուղևորությունն ու Թարթառ գետի մոտ անցկացրած պիկնիկն է։ Քարվաճառի ապշեցուցիչ բնապատկերները դեռ աչքերիս առաջ են։

Մենք երջանիկ ապրում էինք մեր հազարամյա հայրենիքում՝ չմտածելով, որ երկար, տանջալից պայքար է սպասվում, որ մենք կբռնենք բռնի տեղահանության ճանապարհը՝ թողնելով ամեն ինչ և նույնիսկ չհասցնելով հրաժեշտ տալ մեր հարազատների գերեզմաններին։ Իսկ հետո ստիպված կլինենք պայքարենլ մեծ հայրենիքում տարրական իրավունքների համար։

Ժողովրդի ուժը միասնության մեջ է, և ես հավատում եմ, որ մեր պայքարը կավարտվի հաղթանակով, եթե միավորվենք ընդհանուր նպատակի շուրջ։

Արսեն Աղաջանյան