Կյանքից հեռացել է Արցախի այան

  • 18:11 17.07.2025

Կյանքից հեռացել է Արցախի ժողովրդական արտիստ, պարուհի, երգչուհի, <<Մենք ենք մեր սարերը>> համույթի մենակատար Անահիտ Հովսեփյանը՝ Արցախի այան։

Անահիտ Հովսեփյանը ծնվել է 1951 թվականին, Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում՝ արվեստագետների ընտանիքում: Նրանց ընտանիքը բազմանդամ էր՝ 10 երեխաներից 9-րդն էր նա։ Հայրը զուռնա-դուդուկ էր նվագում, եղբայրը` դհոլ: Տաղանդաշատ աղջնակը դեռ մանկուց երգում էր Կարմիր Շուկայի ինքնագործ խմբում, մասնակցում տարբեր միջոցառումների։ 10 տարեկան էր, երբ Ստեփանակերտից նրան հրավիրեցին ձայնագրման, որտեղ նա պատմեց իրենց ինքնագործ խմբի մասին։ Այդ օրը վճռորոշ դարձավ ապագա արտիստուհու համար։ Բեմերն այլևս նրանն էին:

Նա ընտանիք է կազմել հայտնի քամանչահար Հենրիխ Առստամյանի հետ։ Նրանք այն երջանիկներից էին, որ հյուրախաղերով շրջագայել են ԽՍՀՄ բազմաթիվ քաղաքներում՝ ամենուր հնչեցնելով Արցախի անունն ու արժանանալով պատվոգրերի։ Անահիտը կարողացել է  համատեղել աշխատանքն ու ընտանիքը՝ լինելով լավ երգչուհի ու մայր։

Անահիտ Հովսեփյանը 2000 թվականից աշխատում էր Արցախի <<Մենք ենք մեր սարերը>> երգի-պարի պետական համույթում: 2018 թվականին ԱՀ նախագահ Բակո Սահակյանի կողմից արժանացել է Արցախի <<Վաստակավոր Արտիստ>> կոչմանը:

Շատերս ենք պատիվ ունեցել անձամբ ճանաչելու Անահիտ Հովսեփյան-մարդուն։ Նրա հետ անցկացրած ամեն մի պահը դաս էր՝ հայրենասիրության, ազնվության, ընկերասիրության։ Նա երկար տարիներ աշխատել է նաև Ասկերանի միջնակարգ դպրոցի շրջանային Պիոներ տանը և երգ ու երաժշտություն սովորեցրել մատաղ սերնդին։ Նրա անուշ ձայնը միշտ կհնչի մեր սրտերում:

Դերասանուհու համար՝  արվեստն իր ընտանիքն էր, առանց որի նա չէր կարող ապրել, ինչպես չէր կարող ապրել առանց Արցախի։

Քանի՜, քանի՜ սերունդների է օրհնանքներ տվել Արցախի այան, Նախշուն բաջին․

-Աստված օրհնե ծըզ, ա՛ ժողովուրդ,

Տաշտըտ հացավ լիգյը ինի,

Տոնըտ լիգյը բալա ինի,

Երգիրը միշտ խաղաղ ինի,

Ըստուծեն սերն էլ ծըզ հալալ ինի․․․

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ