Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը որոշել է հետագա քայլերը

  • 19:09 17.07.2025
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը դատապարտում է ՀՀ գլխավոր դատախազության կողմից Վարչական դատարան ներկայացված հայցը՝ Երևանում Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքի նկատմամբ սեփականության իրավունքը անվավեր ճանաչելու պահանջով։ ՀՀ իշխանությունները փաստացի քայլեր են ձեռնարկում՝ ԱՀ ինստիտուտների դերը նսեմացնելու և դրանք վերացնելու ուղղությամբ։ Հստակ ընդգծում ենք՝ նման քայլերը խիստ անընդունելի ու դատապարտելի են մեզ համար։
Խորհուրդն իր գործունեության առաջին իսկ օրերից ընդգծել է պետական ինստիտուտների պահպանման առաջնահերթությունը։ Խորհրդի կազմում ընդգրկված են ներկայացուցիչներ ԱՀ Ազգային ժողովի բոլոր հինգ խմբակցություններից։ Նույն սկզբունքով է կազմվել նաև մարտի 29-ի մեր Պահանջագրի 12-րդ կետը, որը վերաբերում է լեգիտիմ ներկայացուցիչների դերին։ ՀՀ կառավարության հետ բանակցությունների ընթացքում Խորհուրդը հանդես է եկել առաջարկով՝ Արցախի խորհրդարանական ուժերից ներկայացուցիչներ ներգրավելու մասնագիտական աշխատանքային խմբերում։ Այս բոլոր քայլերի հիմքում ընկած է եղել մեկ գերակա գաղափար՝ Արցախի պետական ինստիտուտների պահպանումը։
Արցախի պետական ինստիտուտների գոյության և շարունակականության կարևորությունը մեզ համար անսակարկելի արժեք և կարևոր նպատակ է։ Մենք խորապես կարևորում ենք Արցախի մշտական ներկայացուցչության շենքի պահպանությունը Երևանում և վստահեցնում ենք, որ շարունակելու ենք անել ամեն հնարավորը պետական ինստիտուտների ու Ներկայացուցչության շենքի պահպանման ուղղությամբ՝ անկախ այդ շենքից մեր գրասենյակը հանելու վերաբերյալ որոշումից։
Ինչ վերաբերում է մնացած հարցերին, ապա, ինչպես արդեն իսկ հայտարարվել է, Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը որոշում է կայացրել այս փուլում դադարեցնել փողոցային պայքարը։ Խորհուրդը նախատեսում է՝
1. Վերակազմավորում, ինչը ենթադրում է թե՛ կառուցվածքային, թե՛ ռազմավարական վերանայում։
2. Համագործակցություն արցախահայության իրավունքներով զբաղվող տեղական և միջազգային կառույցների հետ։
3. Մարզային այցելությունների շարունակություն և տեղերում ԱԻՊ Խորհրդի մարզային թիմերի ձևավորում։
Այս որոշումները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, ներառյալ՝ երկրում առկա ներքաղաքական իրավիճակով և ՀՀ կառավարության որդեգրած դիրքորոշումներով, որոնք իրենց ազդեցությունն են թողել նաև հուլիսի 12-ի հանրահավաքի և դրան առնչվող զարգացումների վրա:
Խորհուրդն ամիսներ շարունակ գործադրել է ջանքեր Արցախի ժողովրդի իրավունքների և Արցախ վերադարձի հարցերի շուրջ համահայկական օրակարգ ձևավորելու ուղղությամբ։ Ցավոք, այդ նախաձեռնությունը լայն արձագանք չստացավ։ Չհաջողվեց ստանալ համապատասխան աջակցություն ո՛չ ՀՀ, ո՛չ էլ ԱՀ քաղաքական կուսակցություններից, ինչպես նաև մտավորական և հանրային ակտիվ շրջանակներից։
Խորհուրդը՝ դադարեցնելով բանակցությունները ՀՀ կառավարության հետ և նախաձեռնելով հանրահավաք, բախվեց ուժեղացված ճնշումների։ Հանրահավաքի կազմակերպիչների նկատմամբ կիրառվեցին մի շարք խոչընդոտներ՝ սկսած Խորհրդի անդամների դեմ բռնաճնշումներից, Ազատության հրապարակում և Բաղրամյան պողոտայում կենտրոնացված մեծաքանակ ոստիկանական ուժերից, մինչև երթի անցկացման անօրինական արգելքը։ Բացի այդ, արձանագրվեցին խափանման դեպքեր, երբ մարզերից Երևան ժամանող մեր հայրենակիցների մասնակցությունն արհեստականորեն խոչընդոտվեց։
📌Այնուամենայնիվ, Խորհուրդը հավատում է, որ անգամ այս բարդ փուլում մեր միասնական ջանքերը կարող են ապահովել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությունը, այդ թվում՝ պետական ինստիտուտների պահպանումը: Ուստի, չնայած առկա մարտահրավերներին ու դժվարություններին, մենք շարունակելու ենք մեր ջանքերն այդ ուղղությամբ՝ չբացառելով համագործակցությունը բոլոր շահագրգիռ ու առողջ ուժերի հետ: