3 անչափահաս երեխաների, այդ թվում՝ 8 ամսական փոքրիկի մոր` Լիանա Հարությունյանի խափանման միջոց կալանքը փոխվել է վարչական հսկողությամբ և երկրից չբացակայելու արգելքով։
«Նա ազատ է լինելու իր շարժերի մեջ, բայց մարմնին ամրացված է լինելու տնային կալանքն ու վարչական հսկողությունը ապահովող սարք, որպեսզի նրա շարժը տեսնեն։ Կարծում եմ, այս դեպքում նույնիսկ դրա կարիքը չկար, որովհետեւ այնպես չէ, որ 3 անչափահաս երեխաների մայրը, ում խնամքին է նաև իր հիվանդ մայրը, եսիմ ուր է գնալու կամ եսիմ ինչ է անելու»,– ասաց նրա փաստաբան Զարուհի Փոստանջյանը։
Փաստաբանը նշեց նաև, որ դատարանը նման որոշում չէր կայացնի, եթե չլիներ ՄԻԵԴ–ի միջամտությունը։
«ՄԻԵԴ–ն արագ արձագանքել էր իմ ներկայացրած բողոքներին, որոնց արդյունքում նաև ՀՀ արդարադատության նախարարը և ՔԿՀ–ների պետը այցելել էին Լիանա Հարությունյանին»,– ասաց նա։
Զարուհի Փոստանջյանը տեղեկացրեց նաև, որ ամեն ինչ անելու է արդարացման դատական ակտ ունենալու համա, քանի որ վստահ է, որ իր պաշտպանյաալը անմեղ է։
Հիշեցնենք՝ հուլիսի 13-ին Զարուհի Փոստանջյանն ահազանգել էր, որ «Աբովյան» ՔԿՀ–ում պահվող երեխան փորլուծություն ունի:
Նրա գրառմանն արձագանքել էր ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը՝ հերքելով հրապարակված տեղեկությունները։
Հավելենք, որ նախօրեին ԱԺ ընդդիմադիր պատգամավորները երաշխավորագիր են ներկայացրել դատարան՝ Լիանա Հարությունյանի խափանման միջոցը փոխելու համար։
Հուլիսի 13-ին հայտնի դարձավ, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արշակ Մաթևոսյանի նախագահությամբ, դատարանի դահլիճում փոխել է անօրինական միգրացիային օժանդակելու մեջ մեղադրվող՝ 8 ամսական երեխայի մոր խափանման միջոցը ու 3 ամսով կալանավորելու որոշում կայացրել։