Սա հիշեցնում է Բաղդադի երկաթգծի կառուցումը, որը առիթ էր Առաջին համաշխարհային պատերազմի համար

  • 20:18 17.07.2025

«Սրանով Հայաստանը մտնում է այն ծրագրի մեջ, որով Հայաստանն անջատվում է Իրանի հետ ընդհանուր կապերից, որովհետեւ Սյունիքի ճանապարհ ասելով՝ հասկանում ենք ոչ միայն այն ճանապարհը, որը կապ է ստեղծում Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ, այլ դա նաեւ «թուրանի դարպասները» ծրագրի մաս է կազմում»,- Step1.am-ի հետ զրույցում ասաց արցախցի քաղաքագետ Դավիթ Կարաբեկյանը՝ անդրադառնալով Սյունիքի ճանապարհի արտապատվիրակման հարցին։

Նա նշեց, որ արտապատվիրակումը ենթադրում է, որ ռեժիմը պետք է ապահովվի շուրջօրյա համակարգով, իսկ ՀՀ հսկողությունը կլինի խիստ ձեւական։ «Այն իրավիճակն է ստեղծվելու, որ Արեւմուտքը Թուրքիայի եւ Ադրբեջանի միջոցով աստիճանաբար մուտք է գործելու Հարավային Կովկաս, եւ Իրանի հետ կապը կառավարվելու է Արեւմուտքի կողմից»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակման հարցով հետաքրքրություն են ցուցաբերում ինչպես ԱՄՆ-ն, այնպես էլ Եվրամիությունը։

Դավիթ Կարաբեկյանի խոսքով՝ այստեղ ԱՄՆ, ԵՄ, Ռուսաստան ուժային կենտրոնների խնդիրն է։ «Ռուսաստանը կարծես թե փորձում էր Թուրքիայի դերակատարությունն առաջին պլան մղել, բայց չէ՞ որ այդ ամբողջ ծրագրի հովանավորը Եվրամիությունն էր։ Եվ փաստորեն գլխավոր շահառուներն են Եվրամիությունը, Ղազախստանը, ամերիկյան ընկերությունները։ Այսինքն՝ հայկական «խաղաղության խաչմերուկը» կարծես թե մնում է թղթի վրա, մնում է որպես երկրորդական խաղաքարտ, որը Եվրամիությունը հետագայում կարող  է խաղացնել։ Սա հիշեցնում է Բաղդադի երկաթգծի կառուցման գաղափարը, որը Գերմանիան փորձում էր կառուցել Առաջին համաշխարհային պատերազմից առաջ, որպեսզի իր ազդեցությունը Մերձավոր Արեւելքում տարածեր։ Եվ մենք գիտենք, որ դա առիթ էր Առաջին համաշխարհային պատերազմի սկսման համար, որովհետեւ անգլոսաքսոնական աշխարհը չհանդուրժեց, որպեսզի իրենց ազդեցության գոտում այդպիսի բան լինի»,- նշեց նա։

Դավիթ Կարաբեկյանի խոսքով՝ այդ ճանապարհի շահառուներից են նաեւ Ադրբեջանն ու Թուրքիան։ Իսկ Հայաստանը որեւէ օգուտ չի ստանալու։

Փաստորեն Հայաստանը տրանզիտային առումով դառնում է կցորդ։ «Երբ ինքն այդ արտապատվիրակման մասին խոսում է, դա ցույց է տալիս, որ դա այն քայլերից մեկն է, որն, առաջինը, Ալիեւին հնարավորություն է տալիս արձանագրել իր հաջողությունը, որովհետեւ Ադրբեջանում ներքին իրավիճակը գնալով սրվում է։ Արդեն աշխարհում բռնակալների ազդեցությունը թուլանում է, եւ մենք ամեն տեղ դա տեսնում ենք, նաեւ՝ Թուրքիայում։ Երկրորդ, փաստորեն Հայաստանը հանդես է գալիս որպես խաղաղարար, բայց զիջողի դիրքում։ Եվ ամենակարեւոր հարցին Փաշինյանը չի կարողանում պատասխանել՝ դա Լաչինի միջանցքի դիմաց պետք է լիներ, ինչո՞ւ ես դու անընդհատ զիջում, եւ այդ զիջումների մեջ Հայաստանն ի՞նչ է շահում։

Պլյուս դրան, չի ասում, թե Հայաստանն այդ ճանապարհային ցանցին ո՞նց պետք է մասնակցի, որքա՞ն  կկարողանա օգտվել կոմունիկացիներից՝ թե երկաթուղային, թե էներգետիկ։ Ես ավելի վաղ լսում էի, որ խոշոր դերակատարները Ադրբեջանի միջոցով որոշակի գումար էին առաջարկում Հայաստանին, իսկ հիմա այդ գումարի մասին խոսք չկա, որտե՞ղ են այդ փողերը, եւ ինչո՞ւ հանկարծ դրա մասին խոսք չկա»,- հավելեց նա։

Կարաբեկյանը նաեւ ասաց՝ այն, որ ԱՄՆ-ն մտնում է մեր տարածաշրջան, դա չի կարող Իրանի կամ Ռուսաստանի դուրը գալ։ Մյուս կողմից, բարձրանում է Ադրբեջանի դերը, այդ ճանապարհներն Ադրբեջանով են անցնելու, ինքը որպես ավագ պարտնյոր է հանդես գալու։ Եվ հարց է ծագում՝ Հայաստանի համար դա որքանո՞վ է շահեկան։ Չէ՞ որ սովորաբար նրա հաշվին են զիջում, ով ավելի քիչ բան ունի տալու, ով ավելի թույլ է, ով ավելի խոցելի դիրքում է։ Այս իրավիճակում, նրա խոսքով, Ռուսաստանը թե ուժի միջոցով, թե իրեն հատուկ բախումներ հրահրելու քաղաքականության միջոցով, «բաժանիր, որ տիրես» քաղաքականութունը կիրառելով՝ կփորձի իր ազդեցությունն ամրապնդել ու վերականգնել, որովհետեւ Կովկասը կորցնելով՝ ինքն առաջին քայլն է անում, որ Ռուսաստանը կործանվի։

«Մեր տարածաշրջանն ունի առաձնահատկություն, առաջինը՝ դեռ խաղաղություն չի կնքվել, երկրորդ՝ այս ձեւաչափը ցույց է տալիս, որ Արդբեջանի ձեռքին խաղաքարտեր են դրել։ Ինքն անընդհատ պնդելու է, որ դեռ վիճելի խնդիրներ կան, դեռ պատերազմը չի ավարտվել, վերջնական խաղաղություն չկա։ Եվ զիջումներ կորզելով՝ Ադրբեջանը տանելու է պատերազմի։ Ինքը խոստովանում է, որ իրենց նպատակը ոչ թե հարաբերությունների նորմալացումն է, այլ ինքն ունի գերխնդիր՝ աստիճանաբար զիջումներ կորզելով, տարածքներ պոկելով՝ ամբողջ Հայաստանը գրավել, եթե նույնիսկ չգրավի, ապա իր ազդեցության տակ գցել»,- ասաց Դավիթ Կարաբեկյանը։

Նրա խոսքով՝ քաղաքական այս կուրսը երկիրը տանում է կործանման․ «Արտաքին առումով մենք գրեթե ինքնիշխանություն չունենք, աստիճանաբար զրկվում ենք անվտանգային համակարգից եւ տնտեսական ինքնիշխանության բաղադրիչներից։ Դա ըստ էության ուղղակի տանում է պետականության կորստի։ Իսկ ավելի սարսափելին այն է, որ շատ հավանական է դառնում նաեւ ռազմական բախումը, որի պարագայում դժվար թե մենք կարողանանք որեւէ հաջողության հասնել»։

Ռոզա Հովհաննիսյան