Բելգիայի երկպալատ դաշնային խորհրդարանի ստորին մարմինը՝ Ներկայացուցիչների պալատը, միաձայն ընդունել է «Լեռնային Ղարաբաղի իրավիճակի և Հարավային Կովկասում խաղաղության անհրաժեշտության վերաբերյալ» բանաձևը:
Step1.am-ը այս հարցով զրուցել է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի մամլո հաղորդակցության պատախանատու Արամ Կեւորկյանի հետ։
«Այս բանաձերը երկար ամիսների պատրաստվել է, նախապատրաստական աշխատանք էր կատարվել տարվա սկզբից։ Ապրիլին Բելգիայի խորհրդանի արտաքին հարցերի հանձնաժողովը լսումներ էր անցկացրել, որին մասնակցել էին նաեւ Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը, Ֆրանսիայում Արցախի նախկին ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը եւ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը։ Պարոն Կարապետյանն իրավիճակը երկար ներկայացրեց ներկայացուցիչներին եւ նրանց հարցերին պատասխանեց։ Շատ բուռն հարցուպատասխան տեղի ունեցավ, եւ պարոն Կարապետյանը կարողացավ մանրամասն ներկայացնել իրավիճակը։ Դրա հիման վրա կետեր ավելացվեցին այս բանաձեւի մեջ։ Օրինակ՝ ավելացված կարեւոր կետերից մեկը արցախահայության վերադարձի իրավունքի մասին կետն է»,- ասաց նա։
Կեւորկյանը նշեց, որ հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման, նրանց հիմնարար իրավունքների եւ արդարադատության հասանելիության հարցը եւս առանցքային քննարկվող հարցերից մեկն է եղել։ Նա ասաց, որ շեշտել են՝ Ադրբեջանի գործիչների քայլերը պետք է դատապարտվեն։ Եվ Բելգիայի խորհրդարանի ներկայացուցիչների համար եւս դա կարեւոր կետերից մեկն է։
«Բանաձեւի լավ կետերից մեկն այն է, որ Հայաստանը չէ, որ չի ուզում խաղաղություն, այլ Ադրբեջանն է եւ Ալիեւի քայլերն են։ Այսօր մեզ համար կարեւոր է, որ իրենք հասկանան՝ խաղաղությունը խախտվում է Ալիեւի քայլերի պատճառով»,- նշեց նա։
Արամ Կեւորկյանը, անդրադառնալով արցախցիների վերադարձի վերաբերյալ կետին եւ հարցին, թե ի՞նչ է շեշատադրվում, ինչպե՞ս պետք է ապահովվի արցախցիների վերադարձը, ասաց․ «Բանաձեւի մեջ նշված է, որ Ադրբեջանը պետք է արտոնի արցախահայության վերադառնալու իրավունքը։ Բայց միաժամանակ բանաձեւը թելադրում է Բելգիայի կառավարությանը՝ մասնակցելու Ադրբեջանի վրա համաշխարհային ճնշում գործադրելուն։ Այս բանաձեւը կառավարության համար ուղեցույց է, թե իրենց արտաքին գործունեությունը Հայաստանի եւ արցախահայության հանդեպ ինչպես պետք է լինի»։
Բանաձեւը նաեւ դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների՝ «արեւմտյան Ադրբեջան» խոսույթի համատեքստում հնչող սպառնալիքներն ու հռետորաբանությունը։
Արամ Կեւորկյանի խոսքով՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ապրիլի սկզբին տեղի ունեցած լսումներից մեկ շաբաթ անց՝ ապրիլի 8-ին լսումներ են անցկացվել նաեւ Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հավասարության սկզբունքը պահպանելու համար։
«Ադրբեջանցիները շատ վատ ձեւով վարվեցին, գոռում էին ներկայացուցիչների վրա եւ այլն։ Եվ քանի որ Գասպար Կարապետյանը մեկ շաբաթ առաջ նշել էր, որ այդ «արեւմտյան Ադրբեջանը» վտանգ է Հայաստանի ինքնավարության համար, ներկայացուցիչները հարց ուղղեցին Ադրբեջանի դեսպան Սադիկովին։ Լսումների վիդեոն կա, Սադիկովը քարտեզի վրա Սյունիքի շրջանը ցույց տվեց, ասաց՝ երբ մենք ասում ենք «արեւմտյան Ադրբեջան», սա է, Սյունիքը ցույց տվեց։ Դա շատ գեշ տպավորություն թողեց բելգիացիների վրա, որովհետեւ հասկացան, որ դա սպառնալիք է։ Եվ շատ խստորեն մի քանի կետով նշել են, որ Հայաստանի ինքնիշխանությունը եւ ինքնավարությունը պետք է պաշտպանվի, եւ Ադրբեջանը պետք է դադարեցնի այս ագրեսիվ ու ռազմական գործողությունները»,- մանրամասնեց նա։
Մեր զրուցակիցն անդրադարձավ նաեւ հարցին, թե ինչ հետեւանք կարող է ունենալ այս բանաձեւն Ադրբեջանի համար։ Գործնականում այն կկիրառվի՞։ Նա ասաց, որ բանաձեւի կետերից մեկն էլ այն է, որ Հայաստանի եւ Բելգիայի միջեւ հարաբերությունները բարելավվեն ու ամրանան։ «Այս բանաձեւն ուղեցույց է կառավարության համար, թե իրենց ապագա գործունեությունը Հայաստանի հետ ինչպես շարունակեն։ Բելգիայի բանաձեւերն այդպես են, թե իրենք ինչ են թելադրում կառավարությանը, նաեւ Եվրոպական միության մակարդակով ինչ են թելադրում։ Եվ այդ բանաձեւի մեջ նշված է, որ Բելգիայի ներկայացուցիչները, ինչպես որդեգրել է Եվրախորհրդարանը, Եվրոպական միության մեջ պետք է աշխատեն՝ պատժամիջոցներ կիրառելու Ադրբեջանի մի քանի ղեկավարների վրա։ Օրինակ՝ այս մեկը ուղիղ որոշում է, որ խորհրդարանը պարտավորություն է դնում կառավարության վրա»,- ասաց նա։
Ռոզա Հովհաննիսյան