Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները։
Տիկին Բաղդասարյան, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միջազգային մեդիաֆորումի ընթացքում, զարգացնելով «Զանգեզուրի միջանցքի» խոսույթը, հայտարարել է, թե «ադրբեջանական բեռները և Ադրբեջանի քաղաքացիները չպետք է հանդիպեն հայկական սահմանապահ ծառայությանը կամ որևէ այլ մեկին», ու հաղորդակցության այդ ուղին ադրբեջանական կողմը դիտարկում է որպես անարգել և անվտանգ կապ Ադրբեջանի տարածքների միջև։ Այդ հարցն, ըստ նրա, արծարծվել է նաև Աբու Դաբիում ՀՀ վարչապետի հետ կայացած հանդիպմանը։ Նաև հավելել է, որ իրենց տարածքում չեն լինի «օպերատոր, տարածքի վարձակալություն կամ վարձույթ»։ Ինչպե՞ս կմեկնաբանեք նրա հայտարարությունը։ Ո՞րն է Հայաստանի դիրքորոշումն այս հարցում։
Հայաստանի Հանրապետությունը երբեւէ որեւէ մեկի հետ չի քննարկել, չի քննարկում եւ չի քննարկելու Ադրբեջանի նախագահի նշած անվանաբանությունը եւ դրանից բխող տրամաբանությունը։ Հայաստանի Հանրապետությունը թե Ադրբեջանի, թե միջազգային մյուս գործընկերների հետ քննարկում է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Հայաստանի Հանրապետությունը նաեւ ակնկալում է Ադրբեջանի Հանրապետության տարածքով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի եւ ՀՀ մնացած մասի միջեւ, ինչպես նաեւ երրորդ երկրներից եւ դեպի երրորդ երկրներ տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակում։ Իր հերթին Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է իր տարածքով ապահովել Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ, ինչպես նաեւ Ադրբեջանից դեպի երրորդ երկրներ եւ երրորդ երկրներից տրանսպորտային հաղորդակցությունը։ Այս ամենը պետք է տեղի ունենա երկու երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության լիարժեք հարգման եւ փոխադարձության սկզբունքով։ Ս/թ հուլիսի 10-ին Աբու Դաբիում եւ դրանից առաջ կամ դրանից հետո որեւէ այլ տարբերակ Հայաստանի Հանրապետությունը չի քննարկել եւ չի քննարկելու։ Ադրբեջանի նախագահի ասածը, թե Ադրբեջանի քաղաքացիները չպետք է հանդիպեն հայկական սահմանապահ ծառայությանը, դուրս է տեղի ունեցած քննարկումների տրամաբանությունից։ Դա, ըստ էության, թաքնված տարածքային պահանջ է Հայաստանի Հանրապետության նկատմամբ, ինչը ընդունելի չի կարող լինել եւ հակասում է մինչեւ այս տեղի ունեցած բանակցությունների, համաձայնությունների ոգուն եւ տառին։ Ինչպես վարչապետ Փաշինյանը նշել է ս/թ հուլիսի 16-ի իր ասուլիսում, Հայաստանի տարածք մուտք գործող, այդ թվում՝ տարանցիկ բեռները եւ քաղաքացիները պետք է անցնեն պարտադիր մաքսային եւ սահմանային հսկողություն՝ միջազգայնորեն ընդունված չափանիշներով։ Հայաստանի Հանրապետությունը չի կարող չտիրապետել տեղեկատվությանը, թե ով մուտք գործեց իր տարածք, մուտք գործելուց հետո արդյո՞ք դուրս եկավ, թե ոչ։
Քաղաքացիների եւ նրանց ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը չի կարող չստուգվել, իսկ անհամապատասխանության դեպքում նրանց մուտքը ՀՀ տարածք չի կարող թույլատրվել։ Հայաստանի Հանրապետությունը չի կարող չտիրապետել տեղեկատվությանը, թե տարանցիկ նպատակով իր տարածք մուտք գործած բեռը կամ իրը դուրս եկա՞վ ՀՀ տարածքից, թե ոչ, հակառակ դեպքում կարող է մաքսանենգության եւ արգելված ապրանքների շրջանառության անվերահսկելի աղբյուր բացվել։ Հայաստանի Հանրապետությունը չի կարող չտիրապետել տեղեկատվության, թե իր տարածքով ի՞նչ բեռներ են անցնում, որովհետեւ, օրինակ, եթե քիմիական նյութերով բեռնված վագոն կամ բեռնատար վթարվի, դրա հետեւանքները կրելու է մեր երկիրը եւ այդ հետեւանքների վերացմամբ զբաղվելու են ՀՀ համապատասխան ծառայությունները։ Հայաստանի Հանրապետության տարածքը հատելիս մեր երկրի համապատասխան ծառայություններին չհանդիպելու որեւէ տարբերակ չկա։ Ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանն ունեն միջազգային մի շարք պարտավորություններ, օրինակ, սեփական տարածքում միջազգային հանցավորության տարբեր դրսևորումները կանխարգելելու և հակազդելու վերաբերյալ, իսկ նման պարտավորությունները պետություններն իրացնում են ի թիվս այլնի, իրենց մաքսային ու սահմանային ծառայությունների միջոցով։ Հետևաբար, Հայաստանի համար նաև այս առումով հասկանալի չէ Ադրբեջանի հայտարարությունը։ Այլ բան, եւ դրա մասին վարչապետ Փաշինյանը հայտարարել է հուլիսի 16-ի իր ասուլիսում․ այդ հանդիպումները Հայաստանի Հանրապետության սահմանային եւ մաքսային կետերում կարող են տեղի ունենալ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, երբեմն առանց կոնտակտի, կենսաչափական անձնագրերով ու բեռների առցանց հայտարարագրմամբ ու սքանավորմամբ։ Հիմա սա ընդունված ձեւաչափ է աշխարհի բազմաթիվ երկրներում։ Ամեն դեպքում, ՀՀ տարածքով անցնող վագոնները պետք է նաեւ կապարակնքվեն, դրանցից մաքսանենգ ապրանքների արտանետումը բացառելու համար։ Նաեւ տարանցման համար գոյություն ունեն միջազգայնորեն ընդունված վճարներ։ Երկաթուղու դեպքում դրանք այլ են, խողովակաշարերի դեպքում՝ այլ, ավտոճանապարհներին՝ բեռնատար մեքենաների համար՝ այլ, մարդատար մեքենաների համար՝ այլ, եւ երբեմն երկրները փոխադարձության սկզբունքով համաձայնության են գալիս տարիֆների մասին։ Բոլոր դեպքերում համապատասխան համաձայնեցված վճարներ պետք է վճարվեն, եւ ՀՀ պետական բյուջեն պետք է եկամուտներ ստանա տրանսպորտային հաղորդակցությունների վերագործարկումից։
Ինչ վերաբերվում է անվտանգությանը, Հայաստանի Հանրապետությունն ինքն է ապահովում իր տարածքով անցնող ճանապարհների, բեռների, տրանսպորտային միջոցների եւ ուղեւորների անվտանգությունը։ «Խաղաղության խաչմերուկ» նախագծով նախատեսված հաղորդուղիների համար անվտանգության լրացուցիչ մեխանիզմներ են նախատեսվել, ներառյալ ՀՀ ԱԱԾ կազմում այդ նպատակով հատուկ ստորաբաժանման ստեղծումը։ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է ապահովել տարանցման անվտանգությունը՝ թե բեռների, թե տրանսպորտային միջոցների, թե խողովակաշարերի, թե մալուխների եւ թե, իհարկե, ուղևորների համար։ Ինչ վերաբերում է երկու երկրներում տրանսպորտային հաղորդուղիների ապաշրջափակման համար անհրաժեշտ ներդրումներին, ամեն երկիր ինքն է որոշում իրեն հարմար ներդրումային սխեմաները։ Վարչապետ Փաշինյանը հուլիսի 16-ի ասուլիսում հստակ ասել է, որ ՀՀ տարածքում ներդրումային որեւէ սխեմա չի կարող լինել ՀՀ տարածքային ամբողջականությունից, ինքնիշխանությունից եւ իրավազորությունից անդին։
Խոսելով ադրբեջանական կողմում՝ մինչև Հայաստանի և Իրանի սահման, երկաթուղու կառուցման մասին՝ Իլհամ Ալիևը նշել է, որ իրենք գրեթե ավարտում են երկաթուղու շինարարությունը, և, հավանաբար, մեկ տարուց էլ պակաս ժամանակում, գուցե նույնիսկ հաջորդ տարվա գարնանը, երկաթուղու ադրբեջանական հատվածը կառուցված կլինի։ Նա նշել է, թե վերջին հինգ տարիներին հայկական կողմից որևէ աշխատանք չի տարվել, այդ հարցը իբր դիտավորյալ հանվում է օրակարգից։ Ալիևի խոսքով՝ այս դեպքում «Հայաստանի՝ երբևէ տարանցիկ երկիր դառնալու հնարավորությունները գրեթե զրոյի են հավասար և եթե Հայաստանը շարունակի խոչընդոտել գործընթացը, կհայտնվի ոչ միայն տրանսպորտային, այլև՝ քաղաքական մեկուսացման մեջ»։ Ինչպե՞ս կմեկնաբանեք ադրբեջանական կողմի նման պնդումները։
Տարածաշրջանի տրանսպորտային հաղորդուղիները ապաշրջափակելու վերը շարադրված առաջարկները Հայաստանի Հանրապետության կառավարությունը Ադրբեջանին արել է շարունակաբար։ Ավելին, նախորդ տարի նոր առաջարկ է արվել Ադրբեջանին, ըստ որի՝ Հայաստանի լոկոմոտիվները հայաստանցի մեքենավարներով եւ վերը նշված սկզբունքների իրագործմամբ կարող են ապահովել երկաթուղային բեռնափոխադրումները Ադրբեջանի Արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության, ինչպես նաեւ Սյունիքի մարզի եւ Հայաստանի Հանրապետության մյուս հատվածների միջեւ։ Այս առաջարկի մասին վարչապետ Փաշինյանը հրապարակային խոսել է «Երեւանյան երկխոսություն» համաժողովի ընթացքում։ Ադրբեջանը, սակայն, այդ առաջարկները կամ լռության է մատնում կամ մերժում է։ Լիազորված եմ վերահաստատել Հայաստանի Հանրապետության կողմից վերը շարադրված բոլոր լուծումները իրագործելու պատրաստակամությունը։ Ինչ վերաբերում է երկաթուղու շինարարությանը, Ադրբեջանում կառուցվող երկաթուղին ունի նաեւ ներքին նշանակություն (Բաքուն եւ Ադրբեջանի Արեւմտյան շրջաններ կապում է իրար)։ Հայաստանի Հանրապետությունը Սյունիքի մարզում 42 կմ երկարությամբ երկաթուղի կառուցելու շարժառիթ կունենա միայն Ադրբեջանի հետ համաձայնության պարագայում, քանի որ այդ երկաթուղին առանց Ադրբեջանի հետ համաձայնության չի կարող օգտագործվել նույնիսկ Հայաստանի ներքին բեռնափոխադրումների համար։ Այնպես որ, տարածաշրջանային հաղորդակցության ապաշրջափակումը օրակարգից հանելու՝ Հայաստանին ուղղված մեղադրանքը հիմնավոր չէ։ Ադրբեջանի հետ համաձայնությունների ձեռքբերումից անմիջապես հետո նշված երկաթուղու շինարարությունը կմեկնարկի, իսկ նախապատրաստական աշխատանքներ արդեն տարվում են, օրինակ՝ Նռնաձոր գյուղի համար նոր ճանապարհի կառուցումը, որի հետ ավտոմոբիլային հաղորդակցությունը այժմ տեղի է ունենում նախկին երկաթուղու շերտով։ Հայաստանի Հանրապետությունը շահագրգռված է հարեւանների հետ բոլոր տրանսպորտային ուղիների ապաշրջափակմամբ, եւ դրա ապացույցը ՀՀ կառավարության ստեղծած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն է, որը Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչները ներկայացնում են գրեթե ամենուր։
Ադրբեջանի նախագահը խոսել է նաև խաղաղության համաձայնագրի մասին՝ նշելով, որ Երևանն ու Բաքուն ավելի քան մոտ են դրա ստորագրմանը։ Միևնույն ժամանակ, նա համաձայնագրի նախաստորագրման կոնտեքստում շարունակել է որպես նախապայման ներկայացնել Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն ու Մինսկի խմբի լուծարումը։ Արդյոք հայկական կողմի համար ընդունելի՞ տարբերակ է այս փուլում համաձայնագրի նախաստորագրումը։
Հայաստանի Հանրապետության վարչապետը նույնպես հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շատ մոտ են Խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։ Ինչ վերաբերում է Մինսկի խմբի մեխանիզմների լուծարմանը եւ Խաղաղության համաձայնագրի հնարավոր նախաստորագրմանը, Հայաստանի Հանրապետության համար դա հասկանալի օրակարգ է, եւ հիմա ակտիվ քննարկումներ են գնում, թե ինչ պայմաններում դա կարող է տեղի ունենալ։ Ինչ վերաբերվում է Սահմանադրության հետ կապված հարցին, ՀՀ վարչապետը բազմիցս հայտարարել է, որ եթե Խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո ՀՀ Սահմանադրական դատարանը այն Սահմանադրությանը հակասող ճանաչի, վարչապետն ինքը ՀՀ-ում սահմանադրական փոփոխություններ կնախաձեռնի։ Մինչ այդ դրա պատճառ չկա, որովհետեւ ՀՀ Սահմանադրական դատարանը 2024 թվականի սեպտեմբերի որոշմամբ սահմանել է, որ մեր Սահմանադրության մեջ որեւէ երկրի նկատմամբ տարածքային պահանջ չկա։ Այս թեմաներին վարչապետ Փաշինյանն ամենայն մանրամասնությամբ անդրադարձել է Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021-2026թթ․ ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին Զեկույցի քննարկման եւ «Երեւանյան երկխոսություն» համաժողովի ժամանակ ունեցած ընդարձակ ելույթներում։
Հայտնի է նաև, որ վարչապետ Փաշինյանը ՀՀ նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին քննարկումներ է մեկնարկել դեռևս 2018-2020 թվականներին եւ այժմ այդ հարցն ակտիվ ինստիտուցիոնալ քննարկման փուլում է։ Բայց դա ՀՀ ներքին օրակարգի հարց է եւ կապ չունի Ադրբեջանի հետ բանակցությունների հետ։
Իսկ արդյոք Խաղաղության համաձայնագրի ստորագրման կամ նախաստորագրման համատեքստում քննարկվում է գերիների ազատ արձակման եւ գտնվելու վայրն անհայտ անձանց հարցը։
Վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ այդ հարցերին անդրադարձ կատարվում է բոլոր քննարկումներում, եւ ընթացիկ բանակցությունները բացառություն չեն։