Բնակապահովման ծրագիրը խախտում է արցախցիների կորցված անշարժ գույքի փոխահատուցման իրավունքը

  • 14:20 21.07.2025

Ստեփանակերտ

Երիտասարդ իրավաբան, Արցախից բռնատեղահանված Ժորա Հայրապետյանն իր տեսակետներն ու մտահոգություններն է արտահայտում արցախցիների Արցախում թողած անշարժ գույքի և ՀՀ կառավարության բնակապահովման ծրագրի շուրջ։

Նրան ընտանիքն Արցախում սեփականության իրավունքով անշարժ գույք է ունեցել․ այժմ զրկված է այն տիրապետելու և տնօրինելու իրավունքից

 -Արցախցիները հազարամյակներ շարունակ ապրել, արարել են իրենց պապենական հողում, սեփականության իրավունքով ունեցել անշարժ գույք: Արցախի օկուպացիայից հետո բազմաթիվ անգամ արձանագրվել է, որ ադրբեջանցիները թալանում, ավերում և հիմնահատակ քանդում են արցախցիների բնակարանները, բնակելի տները, իսկ առանձին դեպքերում՝ ամբողջական թաղամասեր։

Մենք Ստեփնականերտ քաղաքում ունեցել ենք սեփականության իրավունքով բնակելի տուն և տնամերձ հողամաս։ Դեռևս խորհրդային տարիներին, Ժողովրդական պատգամավորների Ստեփանակերտի քաղաքային գործկոմի որոշմամբ այդ հողամասը հատկացվել էր պապիկիս, որտեղ կառուցվել է բնակելի տուն։ Այնուհետև, ԼՂԻՄ Ստեփանակերտի անշարժ գույքի տեխնիկական գույքագրման բյուրոյում անշարժ գույքը ենթարկվել է պետական գրանցման։ ԼՂՀ անկախության հռչակումից հետո փաստաթղթերի փոփոխման հիման վրա Արցախի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կողմից տրվել է անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական: Ցավոք, ելնելով հայտնի պատճառներից, այս պահին զրկված ենք սեփականության իրավունքով պատկանող մեր անշարժ գույքը տիրապետելու և տնօրինելու հնարավորությունից:

ՀՀ կառավարության բնակապահովման ծրագրի մասին Ժորան այն կարծիքին է, որ այն ենթակա է բարելավման, հակառակ դեպքում իր ընտանիքը չի օգտվելու այդ ծրագրից։

-Բռնատեղահանությունից հետո ՀՀ կառավարությունը մշակել է Արցախից տեղահանված անձնանց բնակարանյին ապահովման ծրագիր, սակայն ցանկացած իրավագիտակից անձ հասկանում է, որ դա որևէ կերպ չի կարող լիարժեք լուծել տեղահանված անձնանց բնակարանային ապահովման խնդիրները։ Առաջին հերթին ծրագրի շահառու դառնալու համար սահմանվել է պարտադիր պահանջ։ Շահառու անձը պետք է ունենա ՀՀ քաղաքացիություն, ինչը արցախցիների զգալի մասի համար անընդունելի է հետևյալ պատճառով․ արցախցիները ցանկանում են պահպանել իրենց 070 կոդով անձանգիրը, քանի որ դա միակ փաստաթուղթն է, որը հաստատում է Արցախի քաղաքացի լինելու փաստը:

Դեռևս Խորհրդային տարիներից սկսած մինչև տեղահանությունը արցախցիներն իրենց սեփականության իրավունքով պատկանող գույքի համար վճարում էին ապահովագրական վճարներ, հարկեր, տուրքեր: Ներկայումս արցախցին փաստացի զրկված է իր ծննդավայր-հայրենիքից, նախնիների գերեզմանին այցելելու հնարավարությունից։ Նա կորցրել է ամեն ինչ։ Ինչո՞ւ ՀՀ-ը չի դիմում << քաղաքակիրթ>> Ալիևին, որպեզի նա տրամադրի փոխահատուցում կորցված անշարժ գույքի դիմաց կամ հենց ՀՀ կառավարությունն սկսի տրամադրել կորցված անշարժ գույքի փոխահատուցում առանց որևէ նախապայմանի:

Պապիկս երկար տարիներ աշխատել է խորհրդային տարբեր հիմնարկներում։ ԽՍՀ օրենսդրության հանաձայն իր սեփական միջոցներով ձեռք բերել հողամաս, կառուցել տուն, վճարել հարկեր, տուրքեր, ապահովագրական վճարներ և այլն: Հայաստանի Հանրապետությունը թե՛ միջազգայնորեն, և թե՛ ՀՀ Սահմանադրությամբ պարտավոր է փախստական ճանաչված անձանց ապահովել բնակարանով և բնակելի տներով՝ կորցված անշարժ գույքին համապատասխան:

Կառավարության կողմից ընդունված որոշումը խախտում է արցախցիների կորցված անշարժ գույքի փոխահատուցման իրավունքը, ինչպես նաև պատճառված վնասի հատուցումը թե՛ բարոյական, և թե՛ նյութական:

Հասկանալի է՝ ՀՀ կառավարությունն արցախցիներին անտեսում է, չի իրականացնում բավարար սոցիալական ծրագրեր։ Գոնե ժամանակավոր կացարանում բնակվելու համար վարձավճարների փոխահատուցում տրամադրեն և գումարները փոխանցեն անձամբ սեփականատերերին: Կարծում եմ, որ այս տարբերակը ավելի ճիշտ կլինի և կընդունվի արցախցիների կողմից մինչև վերջնական բնակարանային հարցի լուծումը:

Մեք դեռևս չենք դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։ Մեր ընտանիքը հանդիսանում է զոհված զինծառայողի ընտանիք և օգտվում է հավաստագիր ստանալու համար առաջնահերթ դիմելու իրավունքից, սակայն մենք  այդ ծարգրից չենք օգտվելու, քանի դեռ ՀՀ կառավարությունը չի բարելավել այն, որովհետև հատկացվող գումարը բավարար չէ նորմալ պայմաններով տուն ձեռք բերելու համար։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ