Ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով արցախցիների բնակապահովման հարցերով

  • 14:43 22.07.2025

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն 

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում իրականացված փոփոխություններով՝ արդեն իսկ ստեղծվել և գործում է միջգերատեսչական հանձնաժողով։

Հանձնաժողովին կարող են դիմել բնակապահովման ծրագրին դիմած և շահառուի կարգավիճակ չստացած ընտանիքները՝ մերժումն ստանալուց հետո երկամսյա ժամկետում։
Ըստ այդմ, մերժում ստացած անձինք կարող են դիմում ներկայացնել, եթե՝
☑️ դիմողի կամ ընտանիքի որևէ անդամի տվյալը բացակայում է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից հաշվառված բռնի տեղահանվածների տվյալների շտեմարանում կամ Օպերատիվ շտաբի տրամադրած՝ 2023 թ․ սեպտեմբերի 19-ի դրությամբ ՀՀ-ում գտնվող ԼՂ բնակիչ հանդիսացող անձանց ցուցակներում,
և/կամ
☑️ դիմողը կամ ընտանիքի որևէ անդամը 2023 թ․սեպտեմբերի 19-ի կամ դիմելու օրվա դրությամբ ՀՀ-ում ունի սեփականության կամ ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով (50 տոկոս և ավելի մասնաբաժնով) պատկանող բնակության համար նախատեսված բնակելի անշարժ գույք կամ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքով սահմանված կարգով գրանցված գնման իրավունք։
📌 Դիմումներն ընդունվում են e-request.am հարթակի միջոցով կամ ք․ Երևան, Կառավարական տուն 3 հասցեով։