ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանը երախտագիտություն է հայտնել Բելգիայի թագավորության ներկայացուցիչների պալատին
Անձամբ իմ և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի անունից մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատին՝ 2025 թվականի հուլիսի 18-ին միաձայն ընդունված «Լեռնային Ղարաբաղի իրավիճակի և Հարավային Կովկասում խաղաղության անհրաժեշտության վերաբերյալ» բանաձևի ընդունման համար։
Բանաձևում տեղ գտած դիրքորոշումները Բելգիայի ժողովրդի կողմից ընտրված պատգամավորների կողմից դրսևորված սկզբունքային մոտեցման վկայությունն է Արցախի ժողովրդի անօտարելի իրավունքների, մասնավորապես՝ հայրենիք վերադարձի և անվտանգ ու արժանապատիվ ապրելու իրավունքի ճանաչման ուղղությամբ։
Մենք բարձր ենք գնահատում բանաձևում տեղ գտած շեշտադրումներն ուղղված Արցախի բնակչության իրավունքների պաշտպանությանը, բռնի տեղահանված անձանց անվտանգ վերադարձին, ռազմագերիների և քաղաքացիական պատանդների անհապաղ ազատ արձակմանը, ինչպես նաև պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանությանը։ Հատուկ կարևորում ենք միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներգրավման անհրաժեշտության վերաբերյալ հնչեցված կոչերը։
Մենք վերահաստատում ենք մեր պատրաստակամությունն ու տրամադրվածությունը համագործակցելու բոլոր միջազգային գործընկերների և կառույցների հետ՝ ուղղված արդարության վերականգնմանը, խաղաղության հաստատմանը և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությանն ու ամրապնդմանը։
Արցախի իշխանությունների գործունեությանը խոչընդոտող հանգամանքների առկայության պայմաններում մարդու իրավունքների գերակայության վրա հիմնված միջազգային կառույցների և պետությունների կողմից նմանօրինակ սկզբունքային նախաձեռնությունները ստանում են շեշտակի կարևորություն և արժեք։
Բելգիայի Ներկայացուցիչների պալատի միաձայն որոշումը հստակ և հուսադրող ուղերձ է բոլոր նրանց համար, ովքեր շարունակում են պայքարել արդարության, ճշմարտության և արժանապատիվ խաղաղության համար։
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը վերահաստատում է իր խորին երախտագիտությունը Բելգիայի բարեկամ ժողովրդին և օրենսդիր մարմնին՝ արդարության ձայնը լսելի դարձնելու և մարդկության դեմ հանցագործությունների կոծկման փորձերին հակազդելու համար։