Արցախից բռնի տեղահանված անձինք վերջին օրերին սոցիալական ցանցում ավելի ակտիվ են հարցադրումներ անում ՀՀ կառավարության բանակապահովման ծրագրի մասին։ Հետաքրքրվում են ծրագրին դիմելու պայմանների, օգտվելու հնարավորությունների մասին։ Step1.am-ն արցախցի հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանից հետաքրքրվեց՝ արդյոք աճե՞լ է բնակապահովման ծագրով հետաքրքրվող արցախցիների թիվը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կառավարությունն էապես կրճատել է սոցիալական աջակցության ծրագիրը։ Նկատվում է միտում, որ մարդիկ կարծես ստիպված դիմում են բնակապահովման ծրագրից օգտվելու համար։
Լիաննա Պետրոսյանի խոսքով՝ բնակապահովման ծրագրում վերջին փոփոխությունները կատարվել են հուլիսի 3-ին, երբ ծրագրին դիմելու հնարավորություն է տրվել բոլոր ընտանիքներին։ «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում 2025 թվականի հուլիսի 10-ի դրությամբ դիմել եւ հավաստագիր է ստացել 1879 ընտանիք, որից իրացվել են 441-ը։ Սա նշանակում է, որ դիմելիությունն այնուամենայնիվ շատ ցածր է, քիչ է նաեւ իրացված հավաստագրերի թիվը, եւ ոչ ոք ստիպված չպենք է դիմեն ծրագրին։ Հակառակը, մարդիկ պետք է շահագրգռված լինեին դիմել այն ժամանակ, երբ կարող էին նաեւ զուգահեռ ստանալ բնակվարձ»,- ասաց Լիաննա Պետրոսյանը։
Գույքագրելով արցախցիցների խնդիրները՝ Լիաննա Պետրոսյանը նամակ-պահանջագիր էր հանձնել ՀՀ կառավարությանը։ Օրերս ստացել է այդ նամակի պատասխանը։ Մեր հարցին՝ կառավարության պատասխանն իրենց գոհացնո՞ւմ, թե առաջիկայում դարձյալ բողոքի ակցիաներ կիրականացնեն, Լիաննա Պետրոսյանը պատասխանեց․ «Նամակի ընդհանուր բովանդակությունն ընդամենը գործող ծրագրերի եւս ընթացիկ ժամանակահատվածում կատարված փոփոխությունների շարադրանք էր, ինչը նորություն չէր։ Միակ փոքր «դրական» նորությունը եւ սպասվող փոփոխությունը սոցիալական բնակարանների կառուցման եւ տեղահանվածներին տրամադրելու ուղղությամբ տարվող աշխատանքների մասին է. նախարարությունը նախատեսում է ընդլայնել գործող սոցիալական բնակարանային ֆոնդը»։
Նամակում նաեւ հստակ ներկայացվել է, որ բնակվարձի ծրագրին վերադարձ կամ այլ փոփոխություն կառավարության օրակարգում չկա։ Սակայն, ըստ Լիաննա Պետրոսյանի, սա չի նշանակում, որ արցախցիների խնդիրները լուծվել են։ «Եվ, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, օրերս Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն է ներկայացվել առաջարկների նոր փաթեթ՝ ընդլայնելու բնակվարձի ծրագրով առանձնացված խոցելի խմբերի ցանկը։ Պատասխանի մասին կտեղեկացնեմ առաջիկա օրերին։ Միաժամանակ, գործող ծրագրերի հետ կապված կատարվել են հարցումներ, ըստ այդ պատասխանների կներկայացվեն լրացուցիչ առաջարկներ»,- նշեց նա։
Ռոզա Հովհաննիսյան