2023 թվականի սեպտեմբերը կոտրեց վերջին հույսերն ու հավատը, որ ժողովրդի կամքը ինչ-որ բան է նշանակում այս աշխարհում
Մի անգամ նրան ցույց տվեցին Թագավարդ գյուղի արբանյակային լուսանկարը։ Նրա տունը հիմնահատակ ավերված էր։ Այն տունը, որտեղ նա մի ժամանակ երջանիկ էր իր ամուսնու հետ, որտեղ լսվում էր իր երեխաների ծիծաղը, որտեղից հացի հոտ էր գալիս։
«Ես ամենաշատը անհանգստանում եմ այն գերեզմանների համար, որոնք մենք ստիպված էինք լքել։ Ի՞նչ կլինի նրանց հետ հիմա։ Արդյո՞ք թշնամին կպայքարի նույնիսկ մեռյալների դեմ՝ կքանդի գերեզմանները այնպես, ինչպես նա ավերեց մեր տները։ Այս միտքը հետապնդում է ինձ։ Կուզեմ ապրել մինչև վերադարձի օրը՝ ծնկի իջնել իմ հարազատների գերեզմանների, իմ ամուսնու գերեզմանի մոտ»։
Միլա Թևոսյան-Դանիելյանը արցախցի է, 46 տարվա աշխատանքային փորձ ունեցող ուսուցչուհի է։ Թագավարդ գյուղի դպրոցի միջանցքներում նրան հարգանքով անվանում էին «ընկեր Թևոսյան»։
1992 թվականին նա կորցրեց ամուսնուն, որը զոհվեց Շուշիի ազատագրման մարտերում։ Կինը միայնակ մեծացրեց չորս երեխա՝ գտնելով ուժ ուրիշներին աջակցելու համար։ Վերապրեց 90-ականների առաջին շրջափակման սովն ու ցուրտը, հարազատների ողբերգական կորուստը, քանի որ հավատում էր, որ այլևս պատերազմ չի լինի՝ հայրերը նվաճեցին խաղաղությունը սեփական կյանքի գնով։ Բայց հետո ոչ միայն ամեն ինչ կրկնվեց, այլև ավարտվեց մեծ ողբերգությամբ՝ տեղահանությամբ և հայրենիքի կորստով։
Այսօր Միլան և նրա հարազատները փախստական են և բախվում են սոցիալական և հոգեբանական խնդիրների, ինչպես հազարավոր այլ ներքին տեղահանված անձինք, որոնք լքեցին Արցախը 2023 թվականի սեպտեմբերին։
«Արդյո՞ք արդարությունը չի հաղթի։ Ի՞նչ կարելի է անել, որպեսզի պատժվեն նրանք, ովքեր այդքան ցավ պատճառեցին Արցախի ժողովրդին։ Արցախի ավերածությունները շարունակվում են, և ոչինչ չի արվում դրա դեմ։ Ես իսկապես ուզում եմ վերադառնալ տուն, բայց հիասթափությունս ավելի մեծ է։ Մենք հաղթահարեցինք բոլոր դժվարությունները՝ ապացուցելու մեր հայրենի հողում ապրելու իրավունքը, բայց 2023 թվականի սեպտեմբերը կոտրեց վերջին հույսերն ու հավատը, որ ժողովրդի կամքը ինչ-որ բան է նշանակում այս աշխարհում»։
Տիկին Միլան բանաստեղծություններ է գրում։ Իր համար, երեխաների համար, հուզական ապրումները հաղթահարելու համար։ Իսկ մի օր նա մատիտ վերցրեց ու սկսեց նկարել։ Ծաղիկներ, թռչուններ… Առանց տեխնիկայի, առանց կանոնների, այնպես, ինչպես ինքն է զգում, մելամաղձությամբ ու լռությամբ։
«Ինչո՞ւ վատը նկարել։ Այն առանց դրա էլ չափազանց շատ է։ Իսկ ծաղիկներն ու թռչունները՝ նրանք իմ հույսի պես են։ Ես պարզապես մայր եմ, տատիկ, հարյուրավոր աշակերտների խորհրդատու, Արցախից հազարավոր ներքին տեղահանվածներից մեկը։ Ես ապրում և ուրախություն եմ գտնում իմ թոռների մեջ»։
Ալվարդ Գրիգորյան
Ներկայացնում ենք արցախցի Միլա Թևոսյան-Դանիելյանի աշխատանքները