Փաշինյանը գնում է Ռուսաստան․ նոյեմբերի 9-ի հայտարարությունը ուժի մե՞ջ է

  • 22:42 22.07.2025

24News-ի տեղեկություններով, արձակուրդից վերադառնալուց անմիջապես հետո՝ հինգշաբթի օրը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Ռուսաստանի Դաշնություն՝ Ալթայի երկրամաս, որտեղ տեղի է ունենալու նրա հանդիպումը ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ։

Այդ օրը Միշուստինը նաև առանձնազրույցներ է ունենալու Ղազախստանի և Բելառուսի գործընկերների հետ։ Ամենայն հավանականությամբ, Փաշինյանն Ալթայում կլինի նաև ուրբաթ օրը՝ մասնակցելու է բնապահպանությանը նվիրված մեծ գագաթնաժողովին։

Հիշեցնենք, որ վերջերս Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները այցելել են Ռուսաստան։ Պետք է ենթադրել, որ կարևոր թեմաներից մեկը հայկական Սյունիքի հարցն էր, որը վերջին մի քանի տարիների ընթացքում տարօրինակ մետամորֆոզներ է ապրել։

Հիշեցնենք, որ 44-օրյա արյունալի ագրեսիայից հետո 2020 թվականի նոյեմբերի 9-ին անսպասելիորեն ընդունվեց հայտարարություն, որի 9-րդ կետի համաձայն՝ ռուսական զորքեր մտցվեցին Արցախ։ Արցախի Ակնայում բացվեց ռուս-թուրքական հետախուզական կենտրոն։

Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետում ասվում է.

«Տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը կբացվեն։ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային կապերի անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անարգել տեղաշարժը երկու ուղղություններով կազմակերպելու համար։ Տրանսպորտային կապերի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայությունը։ Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների կառուցումը»։

Դրանից անմիջապես հետո՝ 2021 թվականի դեկտեմբերին, ադրբեջանական զորքերը փակեցին Գորիս-Կապան ճանապարհը, ապա ռուսական զորքերը տեղակայվեցին Սյունիքի մարզում՝ «Հայաստանի խնդրանքով»։

2022 թվականի սեպտեմբերին ադրբեջանական ուժերը ներխուժեցին Ջերմուկի ուղղությամբ, որտեղից մինչ այդ  նահանջեցին ռուսական զորքերը։ Վերլուծաբանները սա գնահատեցին որպես անհաջող փորձ՝ ներխուժելու Հայաստանի խորքը՝ Ջերմուկ-Երասխ-Մարգարա միջանցքը ճեղքելու համար։

2022 թվականի դեկտեմբերին փակվեց Բերձորի միջանցքը, որի երկայնքով տեղակայված էին ռուսական զորքերը։ 2023 թվականի ապրիլին Ադրբեջանը Բերձորի միջանցքում անցակետ տեղադրեց Հայաստանի հետ սահմանին։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի ագրեսիայից հետո Արցախն ամբողջությամբ օկուպացվեց, ամբողջ բնիկ բնակչությունը տեղահանվեց։ Վեց ամիս անց Ռուսաստանը դուրս բերեց իր զորքերը Արցախից, և Ակնայում կենտրոնի փակման ժամանակ ռուս գեներալը հպարտությամբ հայտնեց, որ Թուրքիայի հետ համատեղ առաջադրանքները հաջողությամբ կատարվել են՝ Լեռնային Ղարաբաղում «խաղաղություն» է հաստատվել։

Այս իրադարձությունների հաջորդականությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանը հաջողությամբ խլեց Արցախը Հայաստանից և հանձնեց Թուրքիային։ Եվ հետագա իրադարձությունները նույնպես պետք է դիտարկել այս տրամաբանության մեջ, այդ թվում՝ Մեղրիի ճանապարհի հարցը։

Նույնիսկ ռուսական զորքերի դուրսբերումից հետո ստորագրողներից ոչ մեկը նոյեմբերի 9-ի հայտարարությունը սպառված չհայտարարեց։ Մոսկվան դեռևս պնդում է «եռակողմ համաձայնագրերի» վրա, չնայած որ առանձնապես չի մտահոգվում Մեղրիի ճանապարհը վարձակալության վերցնելու ամերիկյան առաջարկով, թեկուզ նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ ռուս սահմանապահները պետք է վերահսկեին այս ճանապարհը։ Եթե «ամերիկյան վարձակալությունը» նշանակում է միջանցքը հանձնել թուրքերին, ապա սա լիովին համապատասխանում է ռուս-թուրքական ծրագրերին։

Որքանո՞վ է սա ձեռնտու Իրանին։ Եվ ինչո՞ւ, իրանցի բարձրաստիճան անձանց Մոսկվա կատարած այցից հետո, հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը գնում է Ռուսաստան։ Արդյո՞ք Իրանը պնդում է միջանցքում ռուսական վերահսկողության վրա։ Թե ինչպես իրենց կպահեն Ռուսաստանն ու Իրանը, եթե հանկարծ Մեղրիի ճանապարհը ուժով վերցնելու փորձ արվի, կարելի է ենթադրել, վերհիշելով նրանց պահվածքը Արցախը հանձնելու ժամանալ։