Artak Beglaryan-ը դիմել է Դոնալդ Թրամփին, նրա անձնական «Truth» սոցիալական ցանցում Ալիևի` օկուպացված Ստեփանակերտում ունեցած ելույթի հղման հրապարակման կապակցությամբ։ Թրամփին դուր է եկել, որ Ալիևը գովեստի խոսքեր է ասել ԱՄՆ նախագահին և ասել, որ Թրամփը պատերազմներ չի սկսել։ Թրամփը չի «նկատել», որ Հայկական Արցախում քրիստոնյաներ չեն մնացել։
Հիշեցնենք, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ նա քննադատել է իր մրցակցին՝ դեմոկրատ նախագահի թեկնածու, փոխնախագահ Քամալա Հարիսին։ Այն ժմանակ իր գրառման մեջ Թրամփը, մասնավորապես ասել է. «Քամալա Հարիսը ոչինչ չարեց, երբ 120,000 հայ քրիստոնյաներ դաժանորեն հալածվեցին և բռնի տեղահանվեցին Արցախից: Քրիստոնյաները ամբողջ աշխարհում անվտանգ չեն լինի, եթե Քամալա Հարիսը դառնա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ: Երբ ես դառնամ նախագահ, ես կպաշտպանեմ հալածված քրիստոնյաներին, կաշխատեմ դադարեցնել բռնությունն ու էթնիկ զտումները, և մենք կվերականգնենք խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև», – ասված է Դոնալդ Թրամփի՝ Truth սոցիալական հարթակում կատարված գրառման մեջ:
Արցախում քրիստոնյաների ցեղասպանությունից ընդամենը երկու տարի անց Թրամփը մեջբերում է Ալիևին, ով իրականացրել է ցեղասպանությունը։
Արտակ Բեգլարյանը գրել է.
Ամենայն հարգանքով ուզում եմ արտահայտել իմ դժգոհությունը մեր ժամանակների ամենահանցավոր և բռնապետական առաջնորդներից մեկի՝ Իլհամ Ալիևի տեսանյութը կիսելու ձեր որոշման կապակցությամբ։
Խնդրում եմ ուշադրություն դարձնել հետևյալ կարևոր փաստերին.
1. Ալիևը ցեղասպանություն և մարդկության դեմ հանցագործություններ է կատարել Արցախի (Լեռնային Ղարաբաղ) բնիկ քրիստոնյա հայ ժողովրդի նկատմամբ, որի գագաթնակետը 100,000-ից ավելի մարդկանց բռնի տեղահանումն էր 2023 թվականի սեպտեմբերին, մի գործընթաց, որը լայնորեն համարվում է էթնիկ զտում։
2. 2024 թվականի հոկտեմբերի 23-ին դուք ինքներդ այս գործողությունները անվանեցիք «էթնիկ զտում» և «բռնի տեղահանում»՝ խոստանալով աշխատել դրանց կանխարգելման ուղղությամբ: Ձեր կարծիքով, ո՞վ է կատարել այս հանցագործությունները, եթե ոչ այն անձը, որի տեսանյութը դուք տարածել եք։
3. Ալիևը տանջում է հայ քաղաքացիական անձանց և ռազմագերիներին պարզապես նրանց ազգային և կրոնական ինքնության համար, ինչը հաստատում են անկախ միջազգային կազմակերպությունները: Սրանք քաղաքական մեղադրանքներ չեն, այլ մարդու հիմնարար իրավունքների խախտումներ։
4. Նա հրամայել է ոչնչացնել, քանդել կամ ձևափոխել տասնյակ հայկական քրիստոնեական եկեղեցիներ և հուշարձաններ՝ որպես տարածաշրջանի դարավոր հայկական ժառանգությունը ջնջելու ծրագրի մաս։
5. Ալիևը հրապարակավ հայտարարել է, որ Ադրբեջանի երիտասարդությունը պետք է ատի հայերին, և կառուցել է մի գրոտեսկային «այգի», որը ծաղրում է զոհված հայ զինվորներին։
6. Նրա զորքերը գրավել են ոչ միայն Արցախը, այլև Հայաստանի ինքնիշխան տարածքները՝ բացահայտորեն սպառնալով նոր ագրեսիայով իրենց խաղաղ ժողովրդավարական հարևանի դեմ։
7. 2020 թվականի հոկտեմբերի 26-ին Ալիևը ձեր վարչակազմին խոստացավ հրադադար, որը նա խախտեց մի քանի ժամվա ընթացքում՝ խաթարելով ձեր խաղաղության ջանքերը նախագահական քարոզարշավի ընթացքում։
8. Ձեր կիսած ելույթը հնչել է օկուպացված Շուշիում՝ հայկական ամենասուրբ և պատմական քաղաքներից մեկում։ ԱՄՆ օրենսդիրներն ու վարչակազմերը տասնամյակներ շարունակ ճանաչել են Լեռնային Ղարաբաղում, այդ թվում՝ Շուշիում, ժողովուրդների ինքնորոշման իրավունքը։
Պարոն նախագահ,
Որպես Ալիևի ցեղասպանական ագրեսիայի զոհերից մեկը և բոլոր փախստականների ձայն բարձրացնողը, ես կոչ եմ անում ձեզ. մի՛ օրինականացրեք մի բռնապետի, որը անչափելի տառապանքներ և ավերածություններ է պատճառել հին քրիստոնյա ժողովրդին։
Փոխարենը, մենք խնդրում ենք, որ դուք հարգեք ձեր սեփական խոսքերը՝ օգնելու դադարեցնել բռնությունն ու էթնիկ զտումները։ Մեր ժողովուրդը շարունակում է հույս ունենալ, որ Միացյալ Նահանգները և դուք անձամբ կկանգնեք արդարության, ազատության և ճշմարտության կողքին։
Մենք խնդրում ենք ձեր աջակցությունը՝
• Իմ ժողովրդի անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձի հայրենիք,
• Մեր կրոնական և մշակութային ժառանգության պաշտպանության համար, որն այժմ սպառնալիքի տակ է,
• Ադրբեջանական բանտերում պահվող հայ պատանդների ազատ արձակման համար,
• Եվ Ադրբեջանում ատելության և ֆաշիստական քաղաքականության վերացման համար։
Խնդրում ենք թույլ չտալ, որ բռնապետի «խաղաղության» հռետորաբանությունը մթագնի մեր ժողովրդի իրական և շարունակվող ողբերգությունը։