Իհարկե, որոշ ՀՀ բնակիչներ գոհ են արցախցիներին տրվող օգնությունից, քանի որ իրենք էլ են օգտվում

  • 11:49 23.07.2025

Լրատվամիջոցներում երեկվանից շրջանառվում է Միջազգային հանրապետական ինստիտուտի սոցիոլոգիական հարցումը, ըստ որի՝  ՀՀ կառավարության կողմից Արցախից բռնի տեղահանվածներին ուղղված սոցիալական ծրագրերից գոհ է հարցվածների 55 տոկոսը։ Ըստ հարցման տվյալների՝ լիովին գոհ է հարցվածների 19 տոկոսը, ավելի շուտ գոհ է 36 տոկոսը։ Հարցվածների 23 տոկոսն ասել է, որ ընդհանրապես գոհ չէ, իսկ 13 տոկոսը՝ ավելի շուտ գոհ չէ։ Հարցումն անցկացվել է 2025 թվականի հունիսի 16-26-ն ընկած ժամանակահատվածում՝ հեռախոսային հարցման մեթոդով` 18 տարին լրացած 1505 Հայաստանի քաղաքացիների և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց շրջանում։

Արցախցիները կարծում են, որ այս հարցման պատկերը չի համապատասխանում իրականությանը, քանի որ բռնի տեղահանված արցախցիների մեծ մասը դժգոհ են իրենց սոցիալական վիճակից։ Սոցիալական ցանցում արցախցիները գրառումներ են անում՝ նշելով, որ հարցման արդյունքները արժանահավատ չեն համարվում, քանի որ չի արտացոլում իրենց կարծիքը։ Հարցումն անցկացնելով ՀՀ քաղաքացիների շրջանում՝ հնարավոր չէ իրական պատկեր արձանագրել, կարծում են արցախցիները։ «էս ի՞նչ ստեր եք տարածում, իբրեւ թե 55 ոտոկոսը գոհ է, սկի 1 տոկոսը գոհ չի»,- գրել է արցախցիներից մեկը։

Արցախցի հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանն անդրադարձել է այս հարցին։ «Արցախից բռնի տեղահանվածների համար ՀՀ կառավարության կողմից իրականացված ծրագրերին ճիշտ ու օբյեկտիվ գնահատական կարող ենք տալ միայն մենք՝ տեղահանվածներս»,- գրել է նա։

«Վստահաբար կարող եմ արձանագրել, որ տեղահանվածների 55 տոկոսը չէր կարող գոհ լինել իրականացվող ծրագրերից, իսկ թե ինչու են Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) սոցհարցման արդյունքներն այդպիսին, հուշում է այն հանգամանքը, որ հարցվածների մեծ մասը ոչ թե հենց շահառուներն են, այլ տեղաբնակները։ Վերջիններիս պատկերացմամբ ՀՀ կառավարությունն անսահմանափակ աջակցություն է տրամադրում արցախցիներին։ Սրա պատճառն էլ բնականաբար կառավարության կողմից պարբերաբար թմբկահարվող «լայնածավալ փոփոխությունները», «լավարկումները» եւ այլ «մեծածավալ» ծրագրերն են, որոնցից, չգիտես ինչու, տեղահանվածներս չենք օգտվում եւ չենք զգում դրանց դրական ազդեցությունը մեր մաշկի վրա»,- նշում է Լիաննա Պետրոսյանը։

Կարելի է նաև նշել, որ Հայաստանի բազմաթիվ բնակիչներ, որոնք արցախցիներին վարձով տրված բնակարաններ ունեն, գոհ են արցախցիներին տրամադրվող պետական աջակցությունից, քանի որ այդ աջակցությունը ուղիղ տեղափոխվում է իրենց տները աստղաբաշխական գումարներով վարձով տվողների գրպաններ։ Բազմաթիվ մարդիկ նաև գոհ են, որ շուտով բնակշուկայում ոչ մրցունակ իրենց տները կվաճառեն արցախցիներին, որոնց ստացած աջակցությունը կհերիքի հենց նման բնակարաններ գնելու համար։