Մեծամոր քաղաքում է բնակություն հաստատել Սասուն և Քրսիտինե Հայրապետյանների ընտանիքը․ չորս երեխաների մայր Քրիստինեն փառք է տալիս Աստծուն ամեն մի բացվող լուսաբացի համար։ Նա վերհիշում է Արցախում ապրած ամեն մի օրը, դողացող ձայնով պատմում վերջին ամիսներին անցկացրած դժվարությունների մասին։
Շրջափակված Արցախում Քրիստինեն երեխայի էր սպասում
-Երբ իմացա, որ սպասում եմ 4-րդ բալիկիս, շատ ուրախացա։ Արցախն արդեն շրջափակված էր, լրիվությամբ կտրված աշխարհից։ Յուրաքանչյուր արցախցու համար ամեն մի օրը յուրովի պայքար էր՝ ապրելու համար։ Ես, որպես քրիստոնյա հայ, մտածում էի, որ իմ երեխան, անկախ ամեն ինչից, անպայման պետք է ծնվի։ Գիտակցում էի, որ դժվարություններ են սպասվում, սակայն կրկին մայրանալու երջանիկ զգացումներն արդեն իմ մեջ էին:
Վերջին ամիսներին Արցախում ամեն ինչի պակաս կար՝ թե՛ սննդի, թե՛ կենցաղային ապրանքների։ Փորձում էինք դիմանալ։ Շրջապատված էի լավ մարդկանցով։ Երբեք չեմ կարող մոռանալ այն մարդկանց, ովքեր իմ հանդեպ բարի ու սրտացավ գտնվեցին։ Աշխատավայրում, թե հարևանության մեջ ուշադրության կենտրոնում էի։ Մարդիկ իրենց եղածից բաժին էին հանում՝ ասելով, որ երեխայի մայրը պետք է առողջ լինի, որ բալիկն էլ առողջ ծնվի։ Երբ հիշում եմ այդ օրերը, սիրտս ջերմությամբ է լցվում։ Շրջափակման ժամանակ, երբ գոյության պայքար էր, յուրաքանչյուրն աշխատում էր իր եղածը կիսել մյուսի հետ․ այդ ամիսները երբեք չեն ջնջվի ոչ ոքի հիշողությունից։
Չեմ մոռանա մեր ԱԱԾ Ասկերանի շրջանային բաժնի պետ Իվան Հարությունյանի բարեգութ վերաբերմունքն իմ ընտանիքի հանդեմ։ Նա հաճախակի ալյուր և քաղցրավենիք էր ուղարկում երեխաներիս համար։ Նույնը կարող եմ ասել Խնապատից Սամվել Բեգլարյանի մասին։ Աստված օրհնի բոլորին։
Անգնահատելի է Ռուբեն Վարդանյանի արածը, երբ սննդով ու հիգիենայի պարագաներով պարբերաբար օգնում էր հղիներին, տրամադրում էլեկտրոմոբիլ, որ կարողանանք բժշկական հետազոտությունների գնալ։ Հղիները հավաքվում էին Ասկերանի ՇԲՄ-ում և այնտեղից շարժվում Ստեփանակերտ՝ ստուգումների։ Ամեն օր Աստծուց խնդրում եմ, որ Բաքվի բանտերում գտնվող մեր գերիներին ուժ տա դիմանալու փորձություններին, շուտափույթ ազատվեն ու վերադառնան։
2023-ի սեպտեմբերի 19-ին Քրիստինեն աշխատավայրում էր
-Այդ օրը սովորական օր էր արցախցիներիս համար։ Ես ու ամուսինս գնացինք աշխատանքի, ավագ երեխաներս՝ Անին ու Լյովան՝ դպրոց, իսկ փոքրիկ Գարենը՝ մանկապարտեզ։ Ժամը 11-ի կողմերն ասացին, որ Հարավի ուղղությամբ կրակոցներ են լսվում։ Մտածում էինք, որ թշնամու հերթական սադրանքն է՝ կլռեն․ առաջին անգամը չէ։ Սակայն քիչ հետո ամեն ինչ ավելի թեժացավ։
Ժամը 1-ի մոտ միանգամից սկսվեցին հրետակոծություններն Արցախի բոլոր բնակավայրերի ուղղությամբ։ Այդ պահին ես կորցրել էի ինձ․ գետինը չէի զգում։ Անկարող ինչ որ բան անել, չոքեցի գետնին ու սկսեցի աղոթել, աղերսել Աստծուն՝ երեխաներիս ողջ պահի։ ‘
Քիչ հետ ամուսինս փոքրիկին մանկապարտեզից վերցրեց, բերեց իմ մոտ, որ գնա մեծերին էլ դպրոցից բերի։ Երեխաները, սակայն, այնտեղ չէին։ Նրանք դպրոցից դուրս էին եկել, որ տուն գնան։ Ճանապարհին անցորդ մարդիկ նրանց տարել են մոտակա շենքերից մեկի նկուղը։ Իմ գործընկերը՝ Գառնիկը, տեսնելով ծանր վիճակս, առանց ինձ ասելու, վազում է նկուղ, գտնում երեխաներիս, հասցնում ինձ։
Այդ ընթացքում հրետակոծությունները չէին դադարում անգամ մեկ րոպե։ Ժամը տարի էր թվում։ Որոշ ժամանակ անց Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի օգնությամբ բոլորս գնում ենք դպրոցի նկուղը, այդտեղից էլ ռուս խաղաղապահների միջոցով հասնում Ստեփանակերտի օդանավակայան, որտեղ մեծ բազմություն էր հավաքվել՝ տարբեր շրջաններից։ Շատերն արդեն իրենց հարազատների մահն էին ողբում։ Սարսափելի տեսարան էր։ 9 օր մնացինք այդտեղ։ Այդ օրերը մեր կյանքի ամենածանր օրերն էին, իսկ հետո եղավ վատթարագույնը:
Սեպտեմբերի 27-ին բոլոր հարազատներիս հետ միասին բռնեցինք գաղթի ճամփան։ Վերջին երեք պատերազմների ժամանակ, երբ Արցախում կանայք ու երեխաներն ստիպված էին տարհանվել, միշտ իմ ընտանիքի կողքին էր ամուսնուս քույրը՝ Մարիաննան։ Սեպտեմբերի 27-ին՝ առանց նրա օգնության, դժվար կլիներ կազմակերպել մեր անվտանգ տեղահանությունն Արցախից։ Հատեցինք Հակարին, նայեցինք թշնամու աչքերի մեջ ու կոտրված սրտով հետևում թողեցինք մեր Հայրենիքը։ Եկանք Հայաստան ու ամեն մեկս գնացինք մեր ճանապարհով։
Տեղահանությունից հետո Հայրապետյանները մեկնեցին Ռուսաստանի Դաշնություն, սակայն մեկ ամիս հետո վերադարձան Հայաստան
-Մեկ ամսից ավել չկարողացանք մնալ այնտեղ։ Օտար ու միայնակ էինք զգում մեզ, թեև բարեկամների մոտ էին գնացել, միևնույն է՝ երկիրը մերը չէր։ Վերադարձանք, հաստավեցինք Մեծամորում։ 2023-ի դեկտեմբերի 23-ին ծնվեց ինձ հետ միասին պատերազմ ու բլոկադա հաղթահարած 4-րդ զավակս՝ Էդգարը։ Արցախում անցկացրած վերջին օրերին, երբ օդանավակայանի վրաններում էինք ապաստանել, Մարիաննայի հետ որոշեցինք, որ տղայիս Էդգար եմ կոչելու՝ ի պատիվ մարտական դիրքերում գտնվող հորեղբոր։
Սկսեցինք ապրել նոր միջավայրում, հնարավորինս հարմարվել իրականությանը։ Այստեղ ևս լավ մարդկանցով ենք շրջապատված։ Մեծամորում են հաստատվել նաև մեր հարազատները՝ ասես Արցախում լինենք․ բոլորս իրար մոտ, իրար հարեհաս։ Երեխաները հաճախում են դպրոց, մանկապարտեզ, ձեռք են բերել նոր ընկերներ։ Սկզբնական շրջանում արցախցի երեխաների համար բարեգործական տարբեր միջոցառումներ են կազմակերպվել, որոնց մասնակցել են նաև իմ բալիկները, ինչի համար շնորհակալ եմ նախաձեռնողներին։
Քրիստինեն չի կարողանում համակերպվել մտքին՝ ինչպես կարելի է հայրենիք կորցնել ու շարունակել ապրել
-Միայն հույսն ու հավատն է մեզ ուժ տալիս։ Միտքը, որ կվերադառնանք տուն, ապրեցնում է մեզ։ Հավատում եմ, որ հավաքական վերադարձ լինելու է, ու մենք կրկին շենացնելու ենք մեր հայրենիքը։ Դժվար է ամեն օր լսել երեխաների նույն հարցը՝ ե՞րբ ենք տուն գնալու։ Ամեն անգամ ցավ եմ ապրում այդ հարցից, որի պատասխանը չեմ կարողանում տալ։ Իհարկե, ծանր է կտրվել քո հողից, որտեղ ծնվել, սովորել, ընտանիք ես կազմել, երազանքներ ու նպատակներ ունեցել, այնուհանդերձ չպետք է կոտրվել, պետք է հավատալ՝ լույսի դուռ, անպայման, կբացվի մի օր։
Չեմ կարող ասել, թե այստեղ հարմարվել ենք, սակայն փորձում ենք գտնել մեր տեղը։ Ամուսինս աշխատում է, իսկ ես երեխաներիս եմ խնամում։ Պետության կողմից աջակցություն ենք ստանում, հասցնում տան վարձ տալ ու պահել մեր երեխաներին։ Միշտ մտածում եմ, որ մեզանից ավելի վատ վիճակում գտնվողներ կան ու հոգուս խորքում ուզում եմ հավատալ, որ մի լույս կբացվի արցախահայության համար։
Զրույցի ընթացքում Քրիստինեն երբեմն լռում է, հառաչում, իրենից անկախ գրկում երեխաներին, ասես ցանկանում է պաշտպանել այն սարսափելի հրետակոծություններից, որոնք դեռևս ականջներում են։ Իսկ փոքրիկ Էդգարը, աշխարհից անտեղյակ, վազվզում է մոր շուրջն ու թոթովախոս լեզվով բառեր ասում, ու այդ բառերն արցախյան բարբառով են։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ