Թթուն կերել է Հայաստանի հիմքերը. բնակչության ավելի քան 60%-ը ոչ մեկին չի վստահում

  • 11:03 24.07.2025

Մի հին կատակ կա. «Այս հայերը այնքան համառ են. վերապրել են ամեն ինչ՝ ցեղասպանություն, պատերազմներ, երկրաշարժեր և փախստականների հոսք»։ Եվ ինչ-որ մեկը կամաց հարցնում է. «Իսկ թթու փորձե՞լ եք»։

Թթուն քայքայում է հիմքերը, և հիմա, դատելով հարցումների արդյունքներից, Հայաստանում ազգային պետության հիմքը՝ մարդկանց վստահությունը պետական ինստիտուտների, ազգային արժեքների և հերոսության համակարգի նկատմամբ, վերածվել է ծակ լաթի։

Խորհրդարանական կառավարման ձևի լիակատար քայքայումը՝ վարչապետի ավտորիտար իշխանությամբ, դատա-իրավական համակարգի փլուզումը, որը վերածվել է քաղաքական ճնշման բութ գործիքի, հակազգային որոշումների և պարտվողականության՝ որպես խաղաղության ցանկության ներկայացման, հանգեցրել են նրան, որ Հայաստանում մարդիկ ոչ մեկին չեն վստահում։

Դատելով Միջազգային հանրապետական ինստիտուտի անցկացրած հարցման արդյունքներից, հարցվածների 61 տոկոսն ասել է, որ քաղաքական ոչ մի գործչի չի վստահում։ Ինչ վերաբերում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ապա հարցվածների 28 տոկոսը պնդում է, որ դրանց չի մասնակցի,12 տոկոսը պատրաստվում է քվեաթերթիկն անվավեր դարձնել, ևս 22 տոկոսն էլ ընդհանրապես դժվարացել է պատասխանել, թե ինչ է անելու։ Սա նշանակում է, որ Հայաստանի բնակչության առնվազն 62%-ը մտադիր չէ քվեարկել քաղաքական կուսակցությունների օգտին։

Ինչ վերաբերում է երկրում գործող ինստիտուտների հանդեպ վստահությանն, ապա առաջին տեղում են բանակն ու եկեղեցին։ Զինված ուժերին ամբողջությամբ կամ մասամբ վստահում է բնակչության 72, իսկ Հայ Առաքելական եկեղեցուն 58 տոկոսը։ Նախորդ հարցման համեմատ, ի դեպ, եկեղեցու վարկանիշն աճել է 10 տոկոսով։

Պարզվում է հայաստանցիների ճնշող մեծամասնությունը՝ 89 տոկոսը դրական է գնահատում Ֆրանսիայի, 90-ը Հնդկաստանի և 85 տոկոսը Իրանի հետ հարաբերությունները։ Ռուսաստանի հետ հարաբերությունները, հայաստանցիների 55 տոկոսի համոզմամբ, վատ են։ Հարցվածների միայն 43 տոկոսն է կարծում, որ Երևանի և Մոսկվայի հարաբերությունները կարելի է դրական որակել։ Իսկ Հայաստանի հետ ամենավատ հարաբերություններ ունեցող պետությունների եռյակն, ըստ IRI-ի հետևյալն է՝ Թուրքիա, Իսրայել, Ադրբեջան։