Արցախցիների կյանքը միտումնավոր դժվարացվում է. եվրոպական դոնորները հետևո՞ւմ են իրենց գումարներին

  • 13:16 24.07.2025

Տեղահանությունից անմիջապես հետո, երբ միջազգային դոնորները ցանկություն հայտնեցին օգնել հայրենիքը կորցրած արցախցիներին, մենք առաջարկեցինք ստեղծել միասնական օգնության հիմնադրամ, ընտրել հոգաբարձուների խորհուրդ, որի մեջ կներառվեին ՀՀ կառավարության, դոնորների և արցախյան կառույցների ներկայացուցիչներ։ Այս հիմնադրամում կարող էին կենտրոնացվել բոլոր միջոցները՝ թե՛ միջազգային դոնորներից, թե՛ ՀՀ բյուջեից և թե՛ բարերարներից ստացվածները։ Իսկ ծրագրերը, որոնց կուղղվեին այդ միջոցները, կառաջարկվեին հոգաբարձուների խորհրդի կողմից՝ կարիքները գնահատելուց և խոչընդոտները վերացնելուց հետո։

Սակայն դա չարվեց. միջոցները հիմնականում գնում են ՀՀ բյուջե, և չնայած արցախցիներին գրեթե 2 տարի աջակցելուն, մարդկանց հիմնական խնդիրները մնում են չլուծված։ Չնայած կառավարությունը պարբերաբար հաշվետվություն է ներկայացնում արցախցիներին աջակցելու համար հատկացված միջոցների մասին, որոնք իսկապես կենսական նշանակություն ունեին տեղահանությունից հետո, հատկացված միջոցների ծախսման նպատակահարմարության մասին խոսակցությունները գնալով ավելի սրվում են։

Դիտարկենք մի քանի ծրագրեր։

Զբաղվածության ծրագրից, որի շրջանակներում բյուջեից միջոցներ են հատկացվում արցախցիներին աշխատանքի ընդունել ցանկացող գործատուներին, հիմնականում օգտագործվում են պետական մարմինները և կառավարամետ կազմակերպությունները: Այս ծրագրի շրջանակներում աշխատանքի են ընդունվել մի քանի հարյուր արցախցիներ, սակայն հիմնական միջոցները, ըստ էության, գնում են «յուրային» գործատուներին և վերադարձվում բյուջե հարկերի տեսքով։

Բնակարանային ծրագրի շրջանակներում, որի սուբսիդավորման համար հատկացվել են եվրոպական երկրներից միջոցներ և որոնք հավաքվել են Համաշխարհային բանկի կողմից վերահսկվող հիմնադրամում, մեկնարկից մեկ տարի անց իրացվել է ընդամենը 400 ընտանեկան սերտիֆիկատ, չնայած արցախցի ընտանիքների ընդհանուր թիվը մոտ 20-25 հազար է։

Այս ծրագիրն ավելի արդյունավետ կլիներ, եթե միջոցները ուղղվեին նոր բնակարանների կառուցմանը՝ թե՛ սոցիալական, թե՛ սովորական: Սոցիալական բնակարանները կտրամադրվեին սոցիալապես անապահով ընտանիքներին վկայականների միջոցով: Իսկ “սովորական” ընտանիքները հնարավորություն կունենային վկայականին գումարել բանկից ստացած վարկը: Սակայն որոշվեց միջոցները տրամադրել ամենաէժան, խարխուլ բնակարանների գնման համար, որոնց սեփականատերերը, վաճառելով իրենց տները, լքում են Հայաստանը։

Այսպիսով, եվրոպական միջոցները չեն լուծում ոչ միայն Արցախի փոքր ընտանիքների, այլև այն արցախյան “սովորական” ընտանիքների բնակարանային խնդիրը, քնի որ նրանք չեն կարողանում վարկ վերցնել բանկից և, հետևաբար, չեն կարողանա օգտվել վկայականից։ Բացի այդ, խթանվում է տեղի բնակիչների արտագաղթը Հայաստանից։

Եվրոպացի դոնորների կողմից սուբսիդավորվող արցախցիների բիզնեսի աջակցության ծրագիրը նույնպես մեծ օգուտ չի բերում՝ միտումնավոր սահմանված խոչընդոտների պատճառով։ Օրինակ՝ «մաքուր էներգիա» ծրագիրը, որի շրջանակներում արցախցիները կարող են վարկ վերցնել «մաքուր» սարքավորումներ գնելու համար իրոք շատ բարենպաստ պայմաններով, ունի պայման՝ բիզնեսը պետք է առնվազն 6 ամսվա պատմություն ունենա։ Դժվար է ասել, թե որտեղից պետք է բիզնես ունռնային արցախցիները, ովքեր դեռևս չեն վերականգնվել սարսափելի աղետներից և չեն գտել իրենց տեղը։ Չնայած ակնհայտ է, որ այս խոչընդոտը սահմանվում է ոչ թե դոնորների, այլ բանկերի կողմից, այնուամենայնիվ, կան տեղեկություններ, որ այս ծրագրերի շրջանակներում գրեթե հաստատված վարկեր չկան։ Չնայած այդ ծրագրի իմաստը հենց արցախցիների բիզնեսի խթանումն է։

Պարզվում է, որ ՀՀ կառավարության և միջազգային դոնորների կողմից հատկացված միջոցները, որոնք կարող էին զգալի և արագ ազդեցություն ունենալ, «քնացվում» են բանկերում՝ մնալով անհասանելի նրանց համար, ում համար դրանք նախատեսված են։ Եվ պարզ չէ՝ արդյոք եվրոպացի դոնորները հետևում են հատկացված միջոցների օգտագործման արդյունավետությանը, արդյոք նրանք մոնիթորինգ են անցկացնում Արցախի ժողովրդի շրջանում և արդյոք գիտեն, թե քանի մարդ է օգտվել իրենց կողմից սուբսիդավորվող ծրագրերից։

Սա տեղի է ունենում ոչ միայն արցախցիների սոցիալական խնդիրները միտումնավոր սրելու մտադրության պատճառով, այլև այն պատճառով, որ շահառուներին թույլ չի տրվում մասնակցել այդ միջոցները կառավարմանը, կարիքների գնահատում չի կատարվում, և խոչընդոտները չեն վերացվում։ Եթե վերացվեն, հատկացված միջոցները չէին հոսի պետական բյուջե, բանկեր կամ անբարեխիղճ կազմակերպություններին, այլ կուղղվեն այն մարդկանց կարիքներին, ովքեր ոտքի կանգնելուց հետո կարող են դառնալ Հայաստանի տնտեսության զարգացման խթան։