Հունիս ամսից սկսած կտրուկ աճել է Արցախից բռնի տեղահանված անձանց դիմելիությունը ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։ Այս մասին Step1.am-ի հետ զրույցում ասաց ՆԳՆ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։
Նա նշեց, որ սա կայուն աճ է, հունվարից սկսած թվերն աճել են․ եթե հունվարին ՀՀ քաղաքացիության համար դիմել էր մոտ 400 արցախցի, ապա փետրվարին դիմողների թիվը կազմել էր մոտ 550, մարտին՝ 540, ապրիլին՝ մոտ 650, մայիսին՝ 850։ «Իսկ հունիսին արդեն մենք ունեինք 1500 դիմում՝ կրկնակի ավելի։ Հուլիսի ամբողջ տվյալները դեռ չունենք, հուլիսի 22-ի դրությամբ 1400-ի չափ դիմում արդեն ունենք։ Այսինքն՝ իսկապես մենք օրական կտրվածքով էլ ենք արձանագրում, որ դիմումների թիվն անգամներով ավելացել է։ Ընդհուպ, մենք հերթերի կառավարման իմաստով մեր գործողություններում որոշակի փոփոխություն կմտցնենք»,- ասաց Նելլի Դավթյանը։
Նա նշեց, որ ներկայում Երեւանում միայն Դավթաշենի անձնագրային գլխամասային գրասենյակում են արցախցիներից ՀՀ քաղաքացիություն ստանալու մասին դիմում վերցնում։ Սպասարկող երկու անձից բաղկացած անձնակազմի թիվն ավելացվել է, բայց երկուշաբթի օրվանից հավանաբար նաեւ Զաքյանի մասնաճյուղում կգործի քաղաքացիության դիմումների ծառայությունը։ «Եվ եթե տեսնենք, որ աճը շարունակական միտում ունի, Երեւանում բոլոր անձնագրային բաժիններում այդ հնարավորությունը կբացենք, դա որոշման հարց է, տեխնիկական առումով խնդիր չէ։ Իսկ մարզերում ի սկզբանե ընդունել ենք դիմումներ, մինչեւ հիմա շարունակում ենք ընդունել եւ նույն աշխուժացումը նկատում ենք նաեւ մարզերում»,- նշեց Նելլի Դավթյանը։
Անդրադառնալով հարցին, որ արցախցիներին արագացված կարգով են փորձում ՀՀ քաղաքացիություն տրամադրել, որպեսզի շատ երկար չսպասեն, նա ասաց, որ քաղաքական հանձնառություն ունեն ավելի արագ վարելու այն դիմումները, որոնք ստացվում են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանցից։ «Մենք արցախցիների պարագայում ամենաշատը երկու ամսում արդեն ունենում ենք պատրաստի որոշում՝ ՀՀ նախագահի հրամանագրով ստացվող քաղաքացիության գործընթաց։ Ընդ որում, մինչեւ օրս որեւէ մերժում չենք ունեցել։ Եվ պետք է նկատի ունենալ, որ մենք այստեղ միայնակ չենք գործում, միջգերատեսչական համագործակցությունն այնուամենայնիվ դանդաղեցնում է ընթացքը։ Երբեմն մեր հայրենակիցների ակնկալիքը մեկ ամիսն է, երբ ձգվում է երկու ամիս, որոշակի դժգոհություն առաջանում է։ Փորձում ենք որքան հնարավոր է՝ օպերատիվ աշխատանք կազմակերպել»,- հավելեց Նելլի Դավթյանը։
Ռոզա Հովհաննիսյան