Մակրոնը կճանաչի Պաղեստինը սեպտեմբերին. երբ վերջին հայը լքեց Արցախը

  • 09:10 25.07.2025

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան պաշտոնապես կճանաչի Պաղեստինի պետությունը սեպտեմբերին՝ Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։

«Հավատարիմ լինելով Մերձավոր Արևելքում արդար և երկարատև խաղաղության հանդեպ մեր պատմական հանձնառությանը, ես որոշել եմ ճանաչել Պաղեստինի պետությունը Ֆրանսիայի կողմից։ Ես հանդիսավոր կերպով կհայտարարեմ այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում այս տարվա սեպտեմբերին», – գրել է Մակրոնը X սոցիալական ցանցում՝ կցելով Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասին ուղղված նամակը։

«Անհրաժեշտ է անհապաղ հրադադար հաստատել, ազատ արձակել բոլոր պատանդներին և զանգվածային մարդասիրական օգնություն ցուցաբերել Գազայի ժողովրդին։ Անհրաժեշտ է նաև երաշխավորել Համասի ապառազմականացումը, ապահովել անվտանգությունը և վերականգնել Գազան», – հավելել է Մակրոնը։

Հիշեցնենք, որ Իսրայելի խորհրդարանը երեկ օրենք է ընդունել Գազայի հատվածի լիակատար օկուպացիայի մասին, ինչը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ընդունված միջազգային նորմերի խախտում է։

Հիշեցնենք նաև, որ վերջերս Պեկինում կայացած ԵՄ-Չինաստան գագաթնաժողովից հետո Սի Ցզինպինը հայտարարել էր, որ Չինաստանն ու Եվրոպան պետք է պահպանեն ներկայիս աշխարհակարգը։

Այս աշխարհակարգը սկսեց փլուզվել 2020 թվականին Արցախում Հայաստանի դեմ պատերազմից և ավելի վաղ՝ Ռուսաստանի կողմից Ղրիմի և Դոնբասի բռնակցումից հետո։ Աշխարհակարգի կործանումը, ինչպես նշում են վերլուծաբանները, ենթադրում է «թույլ» երկրների ինքնիշխանությունից զրկում և մի քանի տերությունների «ազդեցության գոտիների» ստեղծում։ Այժմ Թուրքիան և Իսրայելը «բաժանում» են Մեծ Մերձավոր Արևելքը, իսկ ԵՄ-ն՝ Չինաստանի հետ, խոսում են անհամաձայնության մասին։

Չինաստանի և ԵՄ-ի, առաջին հերթին՝ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի, փորձերը պահպանելու նախկին աշխարհակարգը բախվում են Միացյալ Նահանգների կոշտ դիրքորոշմանը։ 20-րդ դարի սկզբին Միացյալ Նահանգները չկարողացավ իր «արբիտրաժը» պարտադրել աշխարհին՝ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի դիրքորոշումների պատճառով։ Այժմ Միացյալ Նահանգները ավելի վճռական է, բայց արդյունքը դեռևս անկանխատեսելի է, քանի որ կարող է հանգեցնել ԱՄՆ դաշնակիցների, այդ թվում՝ Իսրայելի փլուզմանը։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Ֆրանսիայի քայլը կլինի 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Համասի հարձակումից հետո  «ահաբեկչության համար պարգև»։ «Այս պայմաններում պաղեստինյան պետությունը կլինի Իսրայելի ոչնչացման, այլ ոչ թե նրա հետ խաղաղ համակեցության ցատկահարթակ։ Պաղեստինցիները պետություն չեն փնտրում Իսրայելի կողքին, նրանք պետություն են փնտրում նրա փոխարեն», – ասել է Նեթանյահուն հայտարարության մեջ։

Պաղեստինյան պետությունն այժմ ճանաչված է ՄԱԿ-ի 193 անդամ պետություններից ավելի քան 140-ի կողմից։ Դրանց թվում են Ռուսաստանը և Չինաստանը, ինչպես նաև ԵՄ մի քանի երկրներ, այդ թվում՝ Իսպանիան և Լեհաստանը։ Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան չեն ճանաչում պաղեստինյան պետությունը։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը հայտարարել է, որ ուրբաթ օրը արտակարգ բանակցություններ կանցկացնի Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների հետ՝ քննարկելու, թե ինչպես «դադարեցնել սպանությունները Գազայում և ապահովել մարդկանց այն սնունդը, որի կարիքն այդքան ունեն»։

Նրա խոսքով՝ պետականությունը «պաղեստինյան ժողովրդի անօտարելի իրավունքն է», և Գազայում հրադադարը «մեզ կդնի Պաղեստինյան պետությունը ճանաչելու ճանապարհին»։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ուրբաթ երեկոյան հայտարարել է, որ Վաշինգտոնը մերժում է Մակրոնի՝ Պաղեստինյան պետությունը ճանաչելու ծրագիրը։

«Այս անխոհեմ որոշումը միայն ծառայում է Համասի քարոզչությանը և խաթարում է խաղաղության գործընթացը։ Սա ապտակ է հոկտեմբերի 7-ի զոհերի դեմքին», – գրել է Ռուբիոն X սոցիալական ցանցում։

Ֆրանսիայի Ազգային ժողովի երկու պալատներն էլ 2020 թվականին ընդունել են չորս բանաձև, որոնք կոչ են անում ճանաչել Արցախը և վերադառնալ 1994 թվականի իրականությանը։ Ֆրանսիայի կառավարությունը մերժել է այդ բանաձևերը։ Բոլորը գիտեն, թե ինչ է տեղի ունեցել Արցախում 2023 թվականի սեպտեմբերի 19-ից մինչև հոկտեմբերի 6-ը։ Սակայն ուշագրավ է, որ Համասի հարձակումը Իսրայելի վրա և Գազայի հատվածի ոչնչացումը Իսրայելի կողմից սկսվել են բառացիորեն վերջին հայի՝ Արցախը լքելուց հաջորդ օրը։